Այսօր

Երբ տրամադրությունս բարձր է, զեֆիրները հիանալի են ստացվում. Փոքրիկ խոհարարն ու նրա անուշ զեֆիրի գաղտնի բաղադրիչը

  15 Սեպտեմբեր 2021  858 դիտում
Երբ տրամադրությունս բարձր է, զեֆիրները հիանալի են ստացվում. Փոքրիկ խոհարարն ու նրա անուշ զեֆիրի գաղտնի  բաղադրիչը

Ինստագրամում պրպտումների ժամանակ պատահաբար հանդիպեցի զեֆիրների հետաքրքիր էջի։

Հարց տվեցի, մարքեթինգի բոլոր կանոններին համապատասխան, գրագետ պատասխաններ ստանալուց հետո, բուն արտադրանքը մոռացած՝ սկսեցի հետաքրքրվել էջ վարողի տվյալներով։ Պարզվեց՝ little_sweet_chef–ի անունից ինձ հետ խոսում է 12-ամյա Կատրինը, ով նաև այդ զեֆիրների պատրաստողն է։

Պարզվում է՝ Կատրինը արդեն 6 տարի է, ինչ վլոգինգի ոլորտում է։ 6 տարեկանից, ինչպես ինքն է ասում, երբ դեռ «թլոշ-թլոշ» էր խոսում, քույրիկի հետ խոհարարական վլոգ են բացել Youtube-ում, ինչում սկզբնական շրջանում շատ օգնել է մորաքույրը։ Հետագայում Կատրինն այնքան է խորացել խոհարարական վլոգինգում, որ հիմա այն վերածվել է փոքրիկ բիզնեսի։

«Վեց տարեկանում ես և քույրիկս որոշեցինք բացել մեր YouTube-յան ալիքը։ Այդ ժամանակահատվածում մորաքույրս նկատեց, որ իմ մոտ ստացվում է համեղ պատրաստել։ Ժամանակի ընթացքում սկսեցի ավելի խորանալ խոհարարության մեջ, և մի օր ինտերնետով գտա զեֆիրի բաղադրատոմս և որոշեցի պատրաստել։ Պատրաստեցի, բոլորին շատ դուր եկավ։ Մորաքույրս որոշեց պրոֆեսիոնալ դասընթաց գնել։ Դասընթացը անցնելուց հետո սկսեցի ավելի հմտորեն մոտենալ զեֆիրի պատրաստմանը»,- պատմում է Կատրինը։

-Իսկ ՍՄՄ կամ մարքեթինգ ուսումնասիրե՞լ  ես։
-Հատուկ SMM չեմ ուսումնասիրել, բայց հետևում եմ ինստագրամյան տարբեր էջերի և առաջնորդվում եմ իրենց խորհուրդներով։

-Քո էջն էլ  բավականին գրագետ է վարվում, էլ  չեմ ասում  զեֆիրների փաթեթավորման   և այլնի մասին։ Ովքե՞ր են քեզ օգնում մարքեթինգային, բիզնես վարելու  հարցերում, ներդրումներ անում։
- Առաջին ներդրումը արեցին մորաքույրս և քեռիս։ Իրենք ցանկանում էին պահպանել և զարգացնել  իմ մոտիվացիան, ցանկանում էին իրագործել իմ երազանքը (ես արդեն 2-3 տարի է՝ ուզում էի բիզնես ունենալ` շեֆ խոհարար դառնալ)։ Փաթեթավորումը մտածել ենք բոլորս միասին։ Սկզբում  ես հեռախոսով հավելված ներբեռնեցի` արագ լոգոտիպեր պատրաստելու համար, մի քանի տարբեր մտքեր կային, նկարեցի: Հետո փաթեթավորման համար դիմեցինք Level Print Studio-ին, և մեր ընտանիքի համատեղ մտքերով ստացանք լոգոտիպը, այնուհետ տուփերի դիզայնը, իսկ մարքեթինգային հարցերով օգնում է ընտանիքս։

- Դասերին չի՞ խանգարում, ինչպե՞ս ես համատեղում։
-Դասերին չի խանգարում, որովհետև մեզ մոտ պետք է պատվեր տալ մեկ օր առաջ, այդպես մեր գործը ավելի է հեշտանում: Բացի այդ կարելի է ասել ավելի կանոնակարգված է դարձել իմ օրը. եթե առաջ ես դասից գալիս էի և դասերս, տնային աշխատանքներս տարբեր ժամերի էի կատարում, ապա հիմա տուն մտնելուն պես դասերս եմ պատրաստում, այնուհետ անցնում պատվերների կատարմանը:

-Եթե անգամ ամեն ինչ հասցնում ես, բայց, երևի թե, շատ ես հոգնում։ Ես գիտեմ, որ երգի էիր հաճախում փոքր ժամանակ, հիմա հասցնո՞ւմ ես։
-Լինում է, որ հոգնեմ, ավելի ճիշտ՝ հիասթափվեմ, բայց ոչ թե պատրաստելուց, այլ  նրանից, որ զեֆիրը չի ստացվում:  Բայց, հիշելով  պատվերի մասին, ես ինձ հավաքում եմ և սկսում պատրաստել, քանի որ չեմ կարող թողնել պատվիրատուին առանց մեր զեֆիրի։ Նշեմ, որ խոհանոցում պատրաստելուց երբեք չեմ հոգնում, ես մեծ հաճույք եմ ստանում այդ պրոցեսից։ Երգի և պարի ներկայումս չեմ հաճախում, հիմա բացի դպրոցից հաճախում եմ անգլերենի դասընթացների։ Ազատ ժամանակ ինձ և քույրիկիս համար զարդեր եմ պատրաստում, տարբեր համովություններ եմ պատրաստում և հյուրասիրում ընտանիքիս:

-Ընկերներդ ըմբռնումո՞վ են մոտենում զբաղվածությանդ, թե՞ դեռ չգիտեն, որ գործարար ես։
- Դասաընկերոջս մայրիկը պատահաբար գտել էր իմ  ինստագրամյան էջը, և ցույց տվել մյուս դասընկերներիս մայրիկներին։ Բոլորին դա հետաքրքրել էր... այդպես ամբողջ դպրոցը իմացավ իմ բիզնեսի մասին։ Հաճախ եմ հետս զեֆիր տանում, հյուրասիրում։ Բոլորն ասում են՝ «վայ, ես էլ եմ ուզում բիզնես ունենալ, ինչ հավես ա...և այլն»։ Այո, ըմբռնումով են մոտենում, չեն նեղանում։

- Ինչպե՞ս ես պատրաստում, ինչպես ես տրամադրվում պատրաստման գործին։
- Նախ նշեմ, որ  զեֆիրները պատրաստում եմ միայն բնական մթերքներից, հավելումներ չեմ օգտագործում: Իսկ ամենամեծ գաղտնիքը այն է, որ ես  զեֆիրները պատրաստում եմ սիրով և հաճույքով` պարտադիր լավ երաժշտության ուղեկցությամբ: Գործին տրամադրվելու համար ինձ պետք է լավ աուրա և գեղեցիկ երաժշտություն։ Երբ տրամադրությունս բարձր է, զեֆիրները հիանալի են ստացվում։ Եվ բացի այդ մեր անուշ զեֆիրներն ունեն նաև գաղտնիք. կան բաղադրիչներ, որ մենք ենք մտածել ավելացնել մեջը, դրա համար էլ ուրիշ  ոչ մեկի զեֆիրը իմ պատրաստածի համը չի կարող ունենալ։