Հեքիաթից իրականություն․ զրույց “Naro Dolls”-ի հիմնադրի հետ

  26 Հոկտեմբեր 2021  250 դիտում
Հեքիաթից իրականություն․ զրույց “Naro Dolls”-ի հիմնադրի հետ

Մարշակի «Կատվի տունը», Թումանյանի «Շունն ու կատուն» ․․․ տարբեր հեքիաթներից ու բալլադներից Նարինեն վերցնում է սիրելի կերպարներ ու դրանք վերածում տիկնիկների։ Երբեմն նաև ինքն է հորինում։ Ասում է՝ երկու դեպքում էլ փորձում եմ կերպարը դարձնել ավելի զգացմունքային, քան կա։ Սկզբում չէր հավատում, որ իր ստեղծած տիկնիկները կսիրվեն։ Պահանջարկը ստիպեց ավելի լուրջ վերաբերվել արած գործին, զարգացնել հմտություններն ու ընդլայնել տիկնիկների տեսականին։ Աստիճանաբար հոբբին վերածվեց բիզնեսի, որն արդեն 5 տարեկան է։ Erit.am-ի հետ զրույցում Նարինե Մինասյանը պատմել է “Naro Dolls”-ի հիմնման, գրանցած հաջողությունների և առաջիկա պլանների մասին։

- Երկար տարիներ աշխատել ես բանկային համակարգում։ Ինչպե՞ս անցում կատարեցիր դեպի տիկնիկագործություն։

- Մեր բանկը փակվեց։ Բոլորս աշխատանքից դուրս եկանք։ Որոշեցի նույն ոլորտում աշխատանք չփնտրել, գտնել նոր զբաղմունք։

Սկսեցի հաճախել Իտալիայի հյուպատոսարանի կերամիկայի լաբորատորիա։ Այնտեղ նաև մանրանկարչություն էի սովորում։ Զուգահեռ հաճախում էի կարուձևի դասերի։ Կարճ ժամանակ անց հասկացա, որ ինձ դուր է գալիս ստեղծագործական աշխատանքը, ուզում եմ ինքնուրույն ինչ-որ բան անել։

Պատահաբար ձեռքս մի ամսագիր ընկավ, որտեղ Սուրբ Զատիկի համար պատրաստվող տիկնիկների պատրաստի ձևանմուշներ կային։ Տոնն էլ մոտենում էր, մտածեցի՝ արժե փորձել։ Ու ստացվեց։ Ավելի ուշ սկսեցի պատրաստել հեղինակային տիկնիկներ։

Հնարավորություն ունեցա երիտասարդ ձեռներեցների փոխանակման ծրագրով Իտալիա մեկնել։ Դա ինձ շատ օգնեց, մասնավորապես՝ տիկնիկների հագուստի ձևավորման հարցում։ Այնտեղ ուսումնասիրում էինք վերածննդի դարաշրջանի հագուստները։ Այդ դարաշրջանին նվիրված առանձին շարք դեռ չունեմ, բայց ամեն բան առջևում է։