Առաջին անգամ ՀՀ դպրոցը մասնակցել է Համաշխարհային կրթական շաբաթին

  26 Հոկտեմբեր 2021  487 դիտում
Առաջին անգամ ՀՀ դպրոցը մասնակցել է Համաշխարհային կրթական շաբաթին

T4 համաշխարհային գլոբալ կազմակերպությունը, որը միավորում է աշխարհի բոլոր դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին մեկ միասնական հարթակում, արդեն երկրորդ տարին անընդմեջ հոկտեմբեր ամսին կազմակերպում է Համաշխարհային կրթական շաբաթ: Կազմակերպության գլխավոր նպատակն է ամբողջ աշխարհում տարածել կրթական ոլորտում հաջողված փորձը, աշխատել մեկ միասնական թիմով և սերտ համագործակցություն ստեղծել ակտիվ, նախաձեռնող ու տարբերվող մտածելակերպ ունեցող անհատների միջև՝ նպաստելով աշխարհում կրթության որակի բարձրացմանն ու կատարելագործմանը: Համաշխարհային կրթական շաբաթին մասնակցելու հայտեր են ներկայացրել աշխարհի հազարավոր դպրոցներ, որոնցից ընտրվել են միայն 100-ը: Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցը հայտ էր ներկայացրել՝ մասնակցելու Համաշխարհային կրթական շաբաթին և բավարարելով մրցույթի համար սահմանված չափանիշները՝ դարձել է կրթական այս կարևոր իրադարձության մասնակիցը։

Erit.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանը պատմում է, որ լինելով համաշխարհային կրթական շաբաթվա մասնակից առաջին դպրոցը Հայաստանի Հանրապետությունում՝ դպրոցը ներկայացրել է 2019 թվականին ուսումնական հաստատությունում իրականացված ամառային ճամբարի հաջողված փորձը: