Անին, ով խոսում է իր ու Հակոբի հորինած լեզվով՝ հեքիաթերեն

  03 Նոյեմբեր 2021  378 դիտում
Անին, ով խոսում է իր ու Հակոբի հորինած լեզվով՝ հեքիաթերեն

Մանկուց հեքիաթներն ու թատրոնը Անիի համար կախարդական աշխարհ էին։ Սիրում էր հատկապես մայրիկի հորինած հեքիաթները, որի հերոսները ինքն ու եղբայրն էին։ Ընդունվեց թատերական ինստիտուտ, ուզում էր դերասանուհի դառնալ, բայց տիկնիկային թատրոնի հանդեպ սերն ավելի ուժեղ էր։ 2018 թ․-ից ամուսնու՝ կոմպոզիտոր Հակոբի հետ սկսեց ուսումնասիրել հեքիաթները, ներկայացումներ բեմադրել ու խաղալ դրանք երեխաների հետ ու երեխաների համար։ Անին ու Հակոբը երեխաների հետ շփման իրենց լեզուն են գտել։ Հեքիաթերենն է։ Erit.am-ի հետ զրույցում Անի Ամսեյանը պատմել է առաջին գրքի, «Հեքիաթերենի» ստեղծման, երեխաների հետ աշխատանքի ու հեքիաթասաց պապիկի մասին։

-Մինչև «Հեքիաթերենը» ստեղծագործում էիր, բանաստեղծությունների ժողովածու տպագրեցիր։ «Հեքիաթերենը» եկավ դրան փոխարինելո՞ւ, թե՞ ուղղակի արտահայտչամիջոցը փոխվեց։

-Իմ կյանքում ամեն բան փուլային է ստացվում։ Ինչ-որ բանի մոլեռանդորեն սիրահարվում եմ, մտքերս, հույզերս ու ամեն ինչ սկսում է դրա շուրջ պտտվել։ Երբ ինչ-որ բան անում եմ, նվիրվում եմ դրան։ Հետո գալիս է մի պահ, ու անսպասելի հոգնում եմ։

Սիրում եմ կտրուկ փոփոխություններ անել, անընդհատ թռիչքներ եմ ունենում․ տեղափոխվում եմ թատրոնից գրականության, գրականությունից թատրոնի աշխարհ։ Երկուսն էլ շատ հոգեհարազատ են։ Երբ մեկը կա, մյուսի հանդեպ ուժեղ կարոտ կա։ Գիտեմ, որ երկուսից էլ չեմ կարող հրաժարվել։ Պարզապես ինչ-որ պահի զգում եմ, որ շատ եմ կարոտել մյուսը, ու դադար եմ վերցնում։