«Խնդիրները լուծելու համար պետք է սկսել խոսել դրանց մասին». Մեկնարկել է «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը

  14 Նոյեմբեր 2021  174 դիտում
«Խնդիրները լուծելու համար պետք է սկսել խոսել դրանց մասին». Մեկնարկել է «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը

Նոյեմբերի 14-ին մեկնարկել է «Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնը: Մինչև նոյեմբերի 18-ը փառատոնի շրջանակում ցուցադրվելու է մոտ 30 բնապահպանական ֆիլմ՝ տարբեր երկրներից: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարի փառատոնն անցկացվելու է առցանց: «Արևորդի» 10-րդ միջազգային փառատոնի ծրագրի առանձնահատկությունների ու մանրամասների վերաբերյալ Erit.am-ը զրուցել է փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանի հետ:

- Փառոտոնն առաջին անգամ անցկացվելու է առցանց: Այս առումով ի՞նչ առանձնահատկություններ կլինեն, առցանց ֆորմատը չի՞ բարդացրել կազմակերպչական աշխատանքը:

- Ի սկզբանե, նախասվում էր, որ փառատոնի որոշ հատվածներ կանցկացվեն առերես ձևաչափով, սակայն համաճարակային իրավիճակը ստիպեց, որ ծրագիրն ամբողջությամբ առցանց ձևաչափ տեղափոխենք: Ունենք Sunchild.am հարթակը, որտեղ փառատոնի օրերին՝ նոյեմբերի 14–ից 18–ը, հասանելի կլինեն ծրագրում ընդգրկված ֆիլմերը: Ամեն օր՝ 24 ժամվա ընթացքում, հնարավոր կլինի դիտել մի քանի ֆիլմ:

Առցանց ձևաչափն ունի նաև դրական կողմեր՝ այսպիսով փառատոնը կարողանում է ընդլայնել իր հասենելիությունը: Եթե նախկինում դրան կարող էին մասնակցել միայն այն տեղանքի բնակիչները, որտեղ անցկացնում էինք «Արևորդին», ապա այժմ մասնակցել կարող են անսահմանափակ թվով մարդիկ՝ անկախ գտնվելու վայրից: Երևանից բացի, փառատոնը նախկինում անցկացրել ենք համայնքներից մեկում, նպատակը նույնն էր՝ հասանելի լինել հնարավորինս շատ մարդկանց: Առցանց ֆորմատի դեպքում՝ տեղանքով առհասարակ սահմանափակված չենք:

Փառատոնի կարևոր հատվածներից մեկը՝ շրջիկ փառատոնը ևս ծառայել է հասանելիության ընդլայնմանը: Շրջիկ փառատոնի ընթացքում մենք հաղթող, կարևոր հարցեր բարձրացնող ֆիլմերը տանում ենք Հայաստանի գյուղեր ու քաղաքներ՝ կազմակերպելով բաց ցուցադրություններ: Այս տարի ևս վստահաբար կանցկացնենք այն, իհարկե, համաճարակային իրավիճակի կայունացումից հետո:

- Ամեն տարի փառատոնն ունենում է հիմնական թեմա, բնապահպանական խնդիր, որը ցանկանում է ընդգծել: Այս տարի ո՞րն է այն:

- Այս տարի երկու թեմա ենք ուզում շեշտել: Առաջինը, առաջնորդվելով ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, էկոհամակարգերի վերականգնումն է. 2021-2030թթ.-ն ՄԱԿ–ը հայտարարել է էկոհամակարգերի վերականգնման տասնամյակ: Էկոհամակարգի վերականգնումը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի(FPWC) գործունեության կարևոր մասն է ու այն համակարգային լուծումը, որի կարիք կա։ Այնպես որ, փորձում ենք թեմայի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնել: Փառատոնից բացի, այս հարցին պարբերաբար անդրադառնալու ենք նաև մեր հետագա գործունեության ընթացքում:

Մյուս թեման, որ ԱՄՆ անտառային ծառայության հետ փորձում ենք այս տարի ընդգծել, անտառային հրդեհներն են։ Վերջին տարիներին սա ահագնացող վտանգ է ամբողջ աշխարհի էկոհամակարգերի, այդ թվում՝ Հայաստանի էկոհամակարգի համար։ Այդ նպատակով փառատոնում նոր՝ անտառային հրդեհների կանխարգելման մասին ֆիլմերի անվանակարգ ենք ներդրել, և այս անվանակարգում 4 հիասքանչ ֆիլմ է ներկայացված: