Այսօր

Պարզապես եղիր շնորհակալ. երախտագիտության մեդիտացիա

  13 Ապրիլ 2021  99 դիտում
Պարզապես եղիր շնորհակալ. երախտագիտության մեդիտացիա

Օրվա ավարտին մի քանի րոպե հատկացրեք այս պարզ ճապոնական մեդիտացիային: Նստեք հարմար դիրքով, փակեք աչքերը, կարգավորեք շնչառության ռիթմը և ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը.

Ի՞նչ եմ այսօր ստացել

Եղեք կոնկրետ և հիշեք հնարավորինս շատ դեպքեր: Ձեր սիրելիի ժպիտը, թռչունների ծլվլոցը, վարորդը, որ զիջել է ճանապարհը, միգուցե ինչ-որ մեկը ձեզ լանչ է հյուրասիրել... Շնորհակալ եղեք տեղի ունեցածի համար և փորձեք հիշել՝ այդ փոքր իրադարձությունների ժամանակ գնահատե՞լ եք ձեզ համար արվածը: Հիշեք, թե այդ պահին իրականում ինչի մասին եք մտածել՝ միգուցե ձեր աշխատանքի, անելիքների կամ որևէ մեկին քննադատել եք մտքում՝ արժանի գնահատական չտալով տվյալ պահին: Մենք հաճախ այնպես ենք ապրում, ասես ամբողջ աշխարհը պարտական է մեզ: Մի քանի րոպե մտածելով օրվա ընթացքում ստացածի մասին՝ գուցե հասկանանք, որ մի բան էլ մենք ենք պարտական: 

Ի՞նչ եմ այսօր տվել 

Օրվա ընթացքում ստացածի մասին մտածելուց հետո մտաբերեք, թե ինքներդ ինչ եք արել մյուսների համար: Կրկին կոնկրետ եղեք. գուցե որևէ կատվի եք կերակրել, ինչ-որ մեկի տարեդարձն եք շնորհավորել կամ գործընկերոջն ուրախացրել փոքր կոնֆետով: Դուք կարող եք նկատել, որ ձեր լուռ և առաջին հայացքից փոքր բարությունը դրական ներդրում է դիմացինի կյանքում: 

Ի՞նչ դժվարություններ եմ ստեղծել մյուսների համար

Այս հարցն ամենաբարդն է, բայց այն շրջանցել պետք չէ: Գուցե օրվա ընթացքում խանգարել եք մյուսների երթևեկությունը՝ փորձելով կայանատեղի գտնել, խանութում խախտել եք հերթը… Հարցը կարող է ափսոսանքի զգացում առաջացնել, բայց հիշեք՝ նպատակը ոչ թե բացասական էմոցիաների արթնացումն է, այլ ձեր կյանքի իրական պատկերն ընկալելը: Սովորաբար բոլորս անմիջապես նկատում եք, երբ մյուսներն են մեզ համար դժվարություններ ստեղծում, բայց դժվարությամբ ենք նկատում հակառակը: 

Հարցերը տալիս կարող եք հաշվի առնել բոլորին և ամեն ինչ՝ ընկերներին, ընտանիքի անդամներին, կենդանիներին: 

Այս պրակտիկան մեդիատացիա է դարձնում այն փաստը, որ դուք չեք վերլուծում ձեր և մյուսների մտադրությունները, չեք քննադատում: Պարզապես ուշադրությունը կենտրոցնում եք մտածողության վրա և ձեզ տեսնում եք այնպիսին, ինչպիսին կաք՝ արժևորելով ձեր ապրած օրը:

 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ