Այսօր

«Հավատով խոստովանիմ». Մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը հանդես կգա Մոսկվայի «Նիկո» պատկերասրահի դահլիճում

  16 Ապրիլ 2021  139 դիտում
«Հավատով խոստովանիմ». Մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը հանդես կգա  Մոսկվայի «Նիկո» պատկերասրահի դահլիճում

Ապրիլի 16-ին Մոսկվայի «Նիկո» պատկերասրահի դահլիճում տեղի կունենա «Հավատով խոստովանիմ» խորագիրը կրող համերգը, որին որպես մենակատար մասնակցում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։


Հայ մշակութային կյանքում նշանակալի այս իրադարձության մասին, մոսկովյան համերգից առաջ խոսել ենք տաղանդաշատ մեներգչուհի Վարսենիկ Ավանյանի հետ:

Երգչուհու խոսքով համերգի կարևորությունը կայանում է նրանում է, որ  հայ երաժշտությունը հնչելու է Հայաստանից դուրս՝ միջազգային անուն ունեցող բարձրակարգ երաժիշտների մասնակցությամբ: Մեներգչուհին ուրախությամբ նշել է, որ օտարազգի երաժիշտները մեծապես հետաքրքրված են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով և մեծ սիրով ու պատասխանատվությամբ են պատրաստվում համերգին:   

Անդրադառնալով համերգի խորագրին, Վարսենիկ Ավանյանը տեղեկացրել է, որ «Հավատով խոստովանիմը» Տիգրան Մանսուրյանի վոկալ ստեղծագործությունն է՝ գրված Ներսես Շնորհալու համանուն աղոթքի հիման վրա, որն էլ հենց հանդիսանում է համերգային ծրագրի առանցքը։

«Համերգային ծրագրում հանդես կգան այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են  անվանի ալտահար Սերգեյ Պոլտավսկին, ռուս դուդուկահար Վասիլի Կորոստելյովը, դաշնակահար Կարինե Պողոսբեկովան և «QUESTA MUSICA» անսամբլը՝ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Մեծ թատրոնի հրավիրյալ դիրիժոր Ֆիլիպ Չիժևսկու ղեկավարությամբ»,- ասել է երգչուհին և հավելել, որ համերգին ներկա է լինելու հիմնականում օտարազգի հանդիսատեսը, ինչը հիանալի հնարավորություն է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հանրահռչակելու և ճանաչելի դարձնելու աշխարհում: Նրա տեղեկացմամբ՝ համերգը ուղիղ հեռարձակումներ կունենա, այդ թվում նաև «History of Music»-ի ֆեյսբուքյան էջով, որն ունի ավելի քան 400.000 հետևորդ:

«Այն ստեղծագործությունը, որոնք ես պետք է կատարեմ Ֆիլիպ Չիժևսկու նվագախմբի հետ՝ իտալացի անվանի կոմպոզիտոր Լուչիանո Բերիոյի ժողովրդական երգերի մշակումներն են, որը կոմպոզիտորն արել է հատուկ իր հայուհի կնոջ՝ օպերային երգչուհի Քեթի Բերբերյանի համար»,- ասել է Վ. Ավանյանը և շեշտել, որ այս ստեղծագործությունները Հայաստանում երբևէ չեն կատարվել:



Խոսելով մոսկովյան «Նիկո» պակերասրահում նմանօրինակ համերգային ծրագիր կազմելու գաղափարի մասին, մեներգչուհին տեղեկացրել է, որ այն պատկանում է Նիկողայոս Նիկողոսյանի դստերը՝ Գայանե Նիկողոսյանին: Անվանի ալտահար Սերգեյ Պոլտավսկին, որին, ի դեպ, ստեղծագործություն է նվիրել հենց ինքը՝  Տիգրան Մանսուրյանը, Գայանե Նիկողոսյանի հետ ստեղծագործական զրույցներ և քննարկումներ է ունեցել՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված համերգային ծրագրի գաղափարի շուրջ: Ավելի ուշ՝ պատկերասրահի տնօրենը ծանոթանալով   դիրիժոր Ֆիլիպ Չիժևսկու հետ և տեղեկանալով, որ նվագախումբը կատարում է Լուչիանո Բերիոյի ժողովրդական երգերի մշակումները՝ անցել են գաղափարը կյանքի կոչելու գործին՝  որպես վոկալ կատարող ծրագրին մասնակցելու հրավիրել նաև Վարսենիկ Ավանյանին:

«Ի դեպ, «Նիկո» պատկերասրահը դարձել է Մոսկվայի լավագույն կամերային սրահներից մեկը, քանի որ տնօրենի կողմից ստեղծված լավագույն պայմանները թույլ են տալիս, որ այստեղ հանդես գան երաժշտական աշխարհի բարձրակարգ կատարողները»,- տեղեկացրել է Վ. Ավանյանը և հավելել, որ  ի թիվս բազմաթիվ համերգային ծրագրերի, վերջերս այստեղ տեղի է ունեցել նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգը, որին մասնակցած հայ և օտարազգի կատարողները հանդես են եկել Բաբաջանյանի դասական ստեղծագործությունների կատարումներով:

Հարցազրույցը վարեց՝  Ալլա Սերոբյանը

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ