Հաճույքաթերապիա. Ջրի հետ ձուլվել ու չոր դուրս գալ

  17 May 2021  603 view
Հաճույքաթերապիա. Ջրի հետ ձուլվել ու չոր դուրս գալ

Երբևէ հանդիպե՞լ եք խաղաղ ջրերում կյանքը վայելողներին. նկատի ունեմ՝ սափբորդերներին։ Պատկերացրեք՝ բնության հրաշք տեսարաններ՝ լեռներ, ձորեր,անտառներ, մեջը ծվարած լճակ, լճակում տախտիկի վրա կանգնած թիավարող երջանիկ մարդ։ Առաջին անգամ Ազատի ջրամբարում հանդիպելուց հետո այս տեսարանին դիմեցի մեծն Google-ին և հետաքրքիր բացահայտումներ արեցի ինձ համար թերևս նոր, բայց աշխարհի համար հին մարզաձևերից մեկի՝ Stand Up Paddle-ի մասին։ Ուրախալին այն է, որ Հայստանում այն նոր թափ է հավաքում։ Պարզվեց՝ այդ օրը Ազատի ջրամբարում հանդիպել էի պրոֆեսիոնալ լողի մարզիչ, ջրային փրկարարի որակավորմամբ Կարեն Սարգսյանին, ով արդեն մեկ տարի է՝ նաև սափուսույց է։ Կարենն ասում է, որ առաջին անգամ սափի վրա կանգնել է 3 տարի առաջ, Սևանում։ Սափ արշավներ սկսելու մասին վաղուց է մտածել, բայց միայն 2020 թվականին, երբ covid19–ով պայմանավորված կարանտին էր, տներում փակված և անգործ, ժամանակ է գտել իրագործելու գաղափարը։ Կարենը գիտի ամեն ինչ, սափի մասին։ Լսենք նրան։

Ասե՞նք հայերեն

Supboard կամ paddleboard. աշխարհում տարածված են այս 2 անվանումները։ Հայերեն տարբերակը չկա, կամ ինձ չի հանդիպել, իսկ թարգմանել չեմ էլ ցանկանում։ Այդ սպորտաձևը աշխարհում այդ 2 տարբերակով են անվանում, մենք էլ դրանից չենք տարբերվի, և հետո չեմ կարծում, թե հայերեն տարբերակը բավական հնչեղ կլինի։ Սափը տախտակ է, (փչվող կամ չոր) որն իր չափսերով և դինամիկայով հնարավորություն է տալիս մարդուն կանգնել վրան և թիավարել թիակով, այսինքն՝ սափը տախտակն է և թիակը։

Ջրի հետ ձուլվել ու չոր դուրս գալ

Ջրային մեծ զանգվածներ, ջրուղիներ, լայն գետեր ունեցող երկրներում այն օգտագործվում է նաև որպես փոխադրամիջոց։ Ես կառանձնացնեի մի քանի առանձնահատկություն։ Նախ այն վարելը շատ հաճելի է, մանավանդ, եթե վայրը, որտեղ վարում ես, առանձնանում է բնաշխարհով, թեթևության, ազատության ու ներդաշնակության զգացողություն ես ունենում, ջրի հետ ձուլվելու և միևնույն ժամանակ չոր մնալու հնարավորություն է ստեղծվում, ֆիզիկական ակտիվություն է, որի ժամանակ կարելի է նաև հիանալ բնությամբ և ոչ ստանդարտ վայրերից։