Ինչպե՞ս համացանցում դեռահասների ու երիտասարդների համար ապահովել անվտանգ միջավայր. Անահիտ Պարզյան

  18 May 2021  164 view
Ինչպե՞ս համացանցում դեռահասների ու երիտասարդների համար ապահովել անվտանգ միջավայր. Անահիտ Պարզյան

Համացանցի տարածումն ու հասանելիությունը լիովին փոխել է մարդկության հաղորդակցության, պետական ու մասնավոր թվային ծառայությունների մատուցման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման գործընթացները։ 2021 թվականի մարտի դրությամբ՝ մարդկության 59.5 տոկոսը, այսինքն՝ 4.6 մլրդ մարդ արդեն միացել է համացանցին։ Բազմաթիվ հանրային ծառայություններ, ֆինանսական գործարքներ, բժշկություն ու կրթություն, այսինքն՝ գրեթե ամեն ինչ հնարավոր է դարձել համացանցի միջոցով։ Սա նշանակում է, որ նոր տեղեկատվական տիրույթի մաս են կազմել երկրի բնակչության բոլոր շերտերն ու տարբեր տարիքային խմբեր, այդ թվում՝ երեխաներն ու պատանիները։

Որո՞նք են կիբեռանվտանգության հիմնական կանոնները, մասնավորապես, երեխաների, դեռահասների, երիտասարդների, ուսուցիչների և ծնողների համար, ինչպե՞ս ձևավորել առցանց տիրույթում տեղեկատվության օգտագործման և տարածման անվտանգ միջավայր. այս հարցերի շուրջ Erit.am-ը զրուցել է կիբեռանվտանգության և թվայնացման քաղաքականության մասնագետ,  քաղաքագիտական գիտությունների թեկնածու Անահիտ Պարզյանի հետ:  

Վերջինիս խոսքով՝ ներկա դարաշրջանում երեխաներն ու դեռահասներն իրենց ժամանակի զգալի մասն անց են կացնում ավելի շատ համացանցում, քան խաղահրապարակում: «Ի տարբերություն խաղահրապարակի՝ համացանցում երեխաներն ու դեռահասները հիմնականում նավարկում են մենակ, առանց ծնողների վերահսկման, քանի որ այս նոր տիրույթում ծնողները նույնպես նորեկներ են ու լիարժեք ծանոթ չեն կանոններին։ Համացանցում երեխաների նավարկումը բավականին անկանոն է. այն կարծես բաց միջավայր լինի, որը միանգամից հասանելիություն է տալիս դեպի ողջ աշխարհը։ Այս պարագայում ի հայտ են գալիս նախագծված մեխանիզմներ, որոնք կարող ենք սոցիալական ճարտարագիտության հնարքներին դիմելով՝ մոլորության մեջ գցել օգտատերերին, մասնավորապես, երեխաներին ու պատանիներին և ստանալ տեղեկատվություն, գողանալ անձնական տվյալներ, իրականացնել հոգեբանական բռնություն և այլն»,- ասում է Անահիտը։

Կիբեռտիրույթում առկա խնդիրները, ըստ մեր զրուցակցի,  տարածվում են ոչ միայն վիրտուալ, այլն նաև իրական կյանքում ու կարող են վտանգավոր լինել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում թվային նոր միջավայրում ի հայտ եկող վտանգներն ուսումնասիրել ու ծանոթացնել-կրթել բոլորին։ Անահիտը վստահեցնում է՝ այս գործընթացները մտահոգիչ են ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար։

«Թվային կրթությունը և կիբեռանվտանգության տեղեկատվական արշավներն ամբողջ աշխարհում կարևորագույն կրթական բաղադրիչներ են։ Համապատասխան կրթություն անհրաժեշտ է ստանալ նաև կիբեռտիրույթում ապահով նավարկելու համար, ինչպես, օրինակ, դա արվում է երթևեկության կանոնների պարագայում»,-շեշտում է կիբեռանվտանգության և թվայնացման քաղաքականության մասնագետը։

Անահիտի խոսքով՝ 2019 և 2020 թթ. մի շարք գործընկերների աջակցությամբ կազմակերպվել են «Կիբեռանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավներ, որոնցից առաջինը նախագծվել է երեխաների, պատանիների, նրանց ծնողների ու ուսուցիչների, իսկ երկրորդը՝ ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար։ Արշավների ընթացքում ներկայացվող տեղեկատվությունը հետագայում ներառվել է Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում, իսկ արշավի մասին տեղեկատվությունը հասանելի դարձել ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ-ից դուրս։

««Կիբեռանվտանգ Հայաստան» ֆեյսբուքյան էջում պարբերաբար նոր կանոններ ու տեղեկատվություն է հրապարակվում, որը, անշուշտ, հետաքրքրություն է առաջացնում և շատ կարևոր է՝ տեղեկացված հասարակություն ունենալու համար։ Ընդհանուր առմամբ՝ կիբեռտիրույթում վտանգները տարբեր են ու բազմազան, սակայն ամենատարածված վտանգներից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ մի շարք կանոններ: Մասնավորապես, պետք է պահպանել կիբեռհիգիենան, որի հիմնական նպատակն է էլեկտրոնային կրիչների մաքրումը և պաշտպանությունը հնարավոր վիրուսային ծրագրերից»,- փաստում է Անահիտը:

Հաջորդ կանոնը, ըստ մեր զրուցակցի, անձնական տվյալների պաշտպանությունն է, որի հիմքում անձին նույնականացնող տվյալների պաշտպանությունն է՝ այլոց փոխանցելու, տարածելու և կիսվելու գործողություններից, որի պատճառով մարդը կարող է ենթարկվել տարատեսակ կիբեռհարձակումների, կրել հոգեբանական ճնշումներ, ունենալ կորուստներ, այդ թվում՝ ֆինանսական և այլն։

«Տարաբնույթ վտանգներից խուսափելու համար անհարժեշտ է իմանալ նաև մյուս կանոնի՝ սոցիալական ճարտարագիտության մասին, որի հիմքում տարբեր մեխանիզմներով օգտատերերին մանիպուլյացիաների ենթարկելն է, բազմապիսի թակարդների մեջ գցելը՝ անձնական տվյալների, նյութերի կամ տեղեկատվության հափշտակման նպատակով: Այս առնչությամբ հարկ է նշել, որ չնայած բոլոր բարդություններին, այնուամենայնիվ, համացանցը աներևակայելի հնարավորություններ է ընձեռում՝ կրթվելու, աշխարհը ճանաչելու, մարդկանց, բնությունն ու տիեզերքն ուսումնասիրելու համար։ Ուղղակի պետք է համացանցում սովորեցնել երեխաներին լինել նույնքան կիրթ, ազնիվ ու արարող, որքան իրական աշխարհում»,- ասում է Անահիտը և հավելում, որ համացանցում անհրաժեշտ է ձևավորել նաև դրական թվային հետք, որը ենթադրում է մարդկությանը օգտակար, կիրառելի դրական բովանդակության կերտում և  տարածում։

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

In topic