4 մեդալ՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունից

  20 May 2021  178 view
4 մեդալ՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունից

Այս օրերին Սկոպյեում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Արդեն ավարտվել են ազատ ոճի ըմբշամարտի մրցումները, որում Հայաստանի 7 ներկայացուցիչներից 4-ը մեդալ է նվաճել:

Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ)՝ բրոնզե: Նշենք, որ արծաթե մեդալակիրներից Պապիկյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 9:6 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Արտյոմ Կրիվենկոյին, կիսաեզրափակչում հայ ըմբիշը պարտության է մատնել թուրք Էմրա Օրմանողլուն՝ 3:2, իսկ եզրափակչում զիջել է Թեյմուրազ Վանիշվիլին (Վրաստան): Ալիխանյանը, պայքարը սկսելով 1/8 եզրափակչից, հաղթանակներ է տոնել ավստրիացի Սիմոն Մարշլի, թուրք Իսա Դեմիրին և հույն Գեորգիոս Կուգիումսիդիսի նկատմամբ, իսկ չեմպիոնական գոտեմարտում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չերմեն Վալիևին: 

Մ-23 տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը հայ ազատոճային ըմբիշներից մասնակցել են նաև Կարեն Զուրաբյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), որոնց չի հաջողվել հաջողության հասնել: 

Հավելենք, որ մայիսի 21-ից պայքարի են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը Սկոպյե է մեկնել հետևյալ կազմով՝ Աշոտ Մխիթարյան (55 կգ), Տիգրան Մինասյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Գուրգեն Ալեքսանյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Սամվել Գրիգորյան (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Ալբերտ Եղիկյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):

In topic