«Ընթերցանության խթանման միջոցառումներ և վարպետության դասեր» ծրագիրը լավագույն նվերն էր գրադարաններին. Գայանե Աթայան

  27 May 2021  146 view
«Ընթերցանության խթանման միջոցառումներ և վարպետության դասեր» ծրագիրը լավագույն նվերն էր գրադարաններին. Գայանե Աթայան

«iBbY Արմենիա» մշակութային հասարակական կազմակերպությունը «iBbY Յամադա» հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» խորագրով դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2020-2021 թթ. իրականացրել է «Ընթերցանության խթանման միջոցառումներ և վարպետության դասեր Հայաստանի մարզերում» ծրագիրը, որի նպատակ է խթանել մանկական գրքի տարածումը, ընթերցանության մակարդակի բարձրացումն ու ամրապնդումը մարզերում:

Ընթերցանության խթանման վարպետության դասերն ու միջոցառումներն իրականացվել են  Սյունիքի մարզի Գորիսի, Լոռու մարզի Սպիտակի, Արագածոտնի մարզի Ապարանի, Արմավիրի մարզի Էջմիածնի և Տավուշի մարզի Իջևանի քաղաքային գրադարաններում: 

«Ընթերցանության խթանման միջոցառումներ և վարպետության դասեր Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Գորիսի, Լոռու մարզի Սպիտակի, Արագածոտնի մարզի Ապարանի, Արմավիրի մարզի Էջմիածնի, Տավուշի մարզի Իջևանի քաղաքային գրադարաններում ստեղծվել են ընթերցանության անկյուններ, գրադարանները համալրվել են գրապահարաններով և նոր գրքերով:  Տեղի գրադարանավարների համար իրականացվել են «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում» թեմայով վարպետության դասեր, որին մասնակցել են շուրջ 50 գրադարանավարներ:

ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային գրադարանի մանկական բաժնի վարիչ Գայանե Աթայանի դիտարկմամբ համայնքային գրադարանները մշտապես գրքային ֆոնդերի համալրման և գույքի ձեռքբերման կարիք ունեն, և ծրագրի ընձեռած  հնարավորությունները միջոց էին համալրելու այդ գործընթացները:  

«Այս ծրագրի շնորհիվ Գորիսի համայնքային գրադարանը ձեռք է բերել ավելի քան 100 կտոր մանկական այնպիսի գրականություն, որն այսօրվա ընթերցողին խիստ անհրաժեշտ է: «iBbY Արմենիա» մշակութային հասարակական կազմակերպության շնորհիվ այժմ մեր գրադարանում առկա են այն գրքերը, որոնք ընթերցողների կողմից  մշտապես պահանջված են եղել: Ծրագրի միջոցով ձեռք է բերել նաև նոր ոճի գրքապահարան, որը հրաշալի հնարավորություն է ներկայացնելու և ցուցադրելու այդ  գրքային հավաքածուները»,- նշել է Գայանե Աթայանը:     

Գորիսի համայնքային գրադարանի մանկական բաժնի վարիչի տեղեկացմամբ՝ գրադարանում անցկացվել է նաև վերապատրաստման դասընթաց՝ գրադարանավարների համար:

«Համայնքային գրադարանավարների համար վերապատրաստումներն անհրաժեշտ են, որովհետև ժամանակին ձեռքբերված գիտելիքները մեր օրերում թարմացման կարիք ունեն՝ նոր ոճերի, մտածողության, գործելակերպի առումով: Վերապատրաստման ընթացքում մենք խոսել ենք գրքերի համալրման, գրականության ձեռքբերման, մասնագիտական կարողություններն ու  հմտությունները զարգացնող գործիքակազմերի մասին, այդ իսկ պատճառով ցանկանում ենք, որպեսզի նմանատիպ դասընթացները լինեն շարունակական»,- նշել է Գայանե Աթայանը և հավելել, որ գրադարաններին նոր շունչ ու բովանդակություն  կարող են հաղորդել միայն գրադարանավարների նմանատիպ վերապատրաստումները:



«Ընթերցանության խթանման միջոցառումներ և վարպետության դասեր Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակում նաև քաղաքային գրադարանների ընթերցողները հանդիպել են ժամանակակից մանկապատանեկան գրողների հետ: Հանդիպումներին մասնակցել են մարզերի կրտսեր և միջին տարիքի շուրջ 500 երեխա, իրականացվել է մանկապատանեկան գրքի 4 առկա և 16 առցանց ընթերցումներ ու քննարկումներ:

«Այս ծրագիրը նաև ընթերցանության զարգացմանը նպաստող հրաշալի միջոց էր, որի շրջանակում դպրոցահասակ ընթերցողները հանդիպել են մանկապատանեկան ոլորտի գրողներ Աննա Ասլանյանի,  Էդգար Թաթիկյանի, Օլգա Դարյանի,  Հովիկ Մխիթարյանի հետ:  Մեծ բավականությամբ ընթերցելով նրանց ստեղծագործությունները, երեխաները քննարկումների միջոցով գրողներին են ներկայացրել իրենց կարծիքներն ու դիտարկումները՝ պատմվածքների և հեքիաթների վերաբերյալ:  Ոգևորված այս ընթերցումներից և հանդիպումներից՝ երեխաները  ստեղծագործություններից դրվագներ են նկարել, անգամ նրանցից մեկն իր երևակայությամբ կավով կոմպոզիցիա էր պատրաստել Օլգա Դարյանի ստեղծագործության հիման վրա և այն նվիրել հեղինակին».- ծրագրի բարձր արդյունավետության մասին մանրամասնել է Գայանե Աթայանը և  ուրախությամբ հավելել, որ այս ծրագիրը լավագույն նվերն էր  գրադարաններին:

Ծրագրի շրջանակում, փոքրիկ և պատանի գրքասերների հետ հանդիպման ժամանակ մանկապատանեկան ոլորտի գրողներ Աննա Ասլանյանը ներկայացրել է «Գագիկն ընկել է երազների գիրկը»,  Էդգար Թաթիկյանը՝ «Ձնեմարդը», Օլգա Դարյանը՝ «Խաղողի երկիրը կամ խխունջի, խլուրդի ու խատուտիկի ճանապարհորդությունը», Հովիկ Մխիթարյանը «Սքանչելին» ստեղծագործությունները: Երեխաներն իրենց հուզող բազմաթիվ հարցերն ուղղել են գրողներին և կիսվել ստեղծագործությունների մասին իրենց տպավորություններով: Գրողները սիրով պատասխանել են երեխաների բազմաթիվ հարցերին և շնորհակալություն հայտնել անկաշկանդ հարցադրումների, համարձակ դիտարկումների և հետաքրքիր քննարկումների  համար:

Հարցազրույցը՝ Ա. Սերոբյանի

In topic