Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «Դիրիժորություն» մասնագիտությամբ

  01 June 2021  146 view
Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «Դիրիժորություն» մասնագիտությամբ

Հունիսի 6-ին՝ մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի նրա անունը կրող միջազգային մրցույթը։

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։  Այն իրականացվում է ՀՀ նախագահի և նրա տիկնոջ բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս խոշորագույն միջոցառման կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։

Այս տարի մրցույթը կանցկացվի «Դիրիժորություն» մասնագիտությամբ։ Միջազգային երաժշտական այս ստուգատեսի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտներին‚ ինչպես նաև աշխարհում առավել հանրայնացնել մեծանուն կոմպոզիտորի արվեստը։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը «Դիրիժորություն» մասնագիտությամբ անցկացվում է երկրորդ անգամ։ Նախորդը տեղի էր ունեցել 2016 թվականին և մեծ արձագանք գտել երաժշտական աշխարհում. նկատենք‚ որ դիրիժորության մրցույթներ աշխարհում շատ չեն անցկացվում։ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիան‚ հաշվի առնելով խաչատրյանական ստուգատեսի մեծ հեղինակությունն ու դափնեկիրների հետագա հաջողությունները‚ 2015 թվականին թույլատրել էր Խաչատրյանի անվան մրցույթի մասնագիտությունների թվում ընդգրկել նաև դիրիժորությունը։

Հունիսի 6-12-ն արդեն 17-րդ անգամ կայանալիք երաժշտական այս խոշորագույն իրադարձությանը կմասնակցեն 18-36 տարեկան 20 դիրիժորներ՝ աշխարհի 15 երկրից։

Մրցույթի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգային ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մրցույթի նախորդ տարիների դափնեկիր, թավջութակահար Ջոնաթան Սվենսենը։ Համերգը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջուն Սան Պարկը, որը 2016 թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողն է։

Մրցույթի ժյուրին գլխավորելու է Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։ Ժյուրիի կազմում են աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտներ, Քյոլնի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Միխայիլ Յուրովսկին,  թավջութակահար, դիրիժոր, Թել Ավիվի համալսարանի Բուխման-Մեթա երաժշտական դպրոցի միջազգային կապերի գծով ղեկավար Դմիտրի Յաբլոնսկին, Լոնդոնի երաժշտության թագավորական քոլեջի պրոֆեսոր Փիթեր Սթարքը, դիրիժոր, «Ջորմա Պանուլա» դիրիժորության մրցույթի նախագահ Ժորմա Պանուլան, «IMG Artist» ընկերության փոխնախագահ Հարոլդ Քլարկսոնը, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Պավել Կոգանը։ 

Մրցութային փուլերի ընթացքում մասնակից դիրիժորների մեկնաբանմամբ, ի թիվս այլ գործերի, կներկայացվեն նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որն արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այդ կառույցի չափորոշիչներով։

In topic