Սխալներ, որոնք թույլ ենք տալիս արթնանալուն պես

  10 June 2021  82 view
Սխալներ, որոնք թույլ ենք տալիս արթնանալուն պես

Հայտնի խոսք է` ինչպես օրը սկսես, այնպես կշարունակես ու կավարտես այն։ Իսկ ի՞նչ սխալներ ենք թույլ տալիս առավոտյան՝ ուշադրություն չդարձնելով դրանց վնասակարությանը։ Առանձնացրել ենք առավել տարածված 5-ը։

Անընդհատ հետաձգում ենք զարթուցիչի զանգը

Մեզ անընդհատ թվում է, թե «ևս 5 րոպե»-ն կօգնի, նոր էներգիա կհաղորդի, բայց արի ու տես, որ հակառակն է։ Այդ լրացուցիչ րոպեների ընթացքում, որքան էլ դրանք մեզ հաճելի թվան, մեր օրգանիզմը չի հանգստանում։ Ավելին՝ միտումնավոր զարթուցիչը վաղ ժամի պլանավորելը՝ մտածելով, որ զանգը կարող ենք մի քանի անգամ հետաձգել, խախտում է քնի բնական ռիթմը, իսկ դա կարող է հանգեցնել ինչպես ֆիզիկական (օրինակ՝ վատ նյութափոխանակության), այնպես էլ հոգեբանական (օրինակ՝ կոգնիտիվ դժվարություններ, սթրես) խնդիրների։ Այնպես որ՝ գիտակցեք այդ «5 րոպեների» անզորությունն ու փորձեք վեր կենալ զարթուցիչի հենց առաջին ծնգոցից։

Թույլ ենք տալիս հեռախոսին կառավարել մեզ

Առանց անկողնուց վեր կենալու շատերս շտապում ենք տեսնել, թե ինչ նոր բան կա սոցցանցերում, հանկարծ որևէ «կարևոր» իրադարձություն բաց չե՞նք թողել քնած ժամանակ։ Այդպիսով թույլ ենք տալիս մեր կառավարման դաշտից դուրս գտնվող իրադարձություններին իշխել մեր մտքերի վրա։ Մենք թույլ ենք տալիս այլ մարդկանց և իրադարձությունների որոշել, թե օրվա ընթացքում ինչ տեղի կունենա մեր գլխում, որ մտքերը կգերակշռեն։ Միևնույն ժամանակ, ընկնում են կախվածություն մեջ լայքերից, մեկնաբանություններից ու տարատեսակ հաղորդագրություններից։ Արթնանալուց հետո անմիջապես հեռախոսը ձեռք վերցնելու փոխարեն մի քանի շնչառական վարժություն կատարեք, բացեք պատուհանն ու մաքուր օդ շնչեք կամ պարզապես ջուր խմեք։ 

 Օրը սկսել քաղցրով

Շաքարով հարուստ նախաճաշն օրգանիզմում միացնում է «քաղց - վատ տրամադրություն - շաքարի նոր չափաբաժին» ցիկլը։ Նախաճաշին քաղցր սուրճ, յոգուրտ, սմուզի, ջեմեր օգտագործելով՝ մենք արդեն իսկ լրացնում ենք ամբողջ օրվա համար թույլատրելի շաքարի չափաբաժինը։ Փորձեք նվազագույնի հասցնել առավոտյան քաղցր սննդի օգտաործումը, իսկ եթե չի ստացվում՝ գոնե նախաճաշից հետո փոքր-ինչ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերեք՝ քայլեք, յոգայի թեթև տեխնիկաներ կիրառեք։ Քաղցրով հարուստ նախաճաշից հետո պարզապես տրանսպորտ նստելը և աշխատանքի ուղևորվելը վատագույն որոշումն է։

 Լավ չենք լվացվում

Հնարավոր է՝ ձեզ զարմացնի հայտնի մաշկաբան Սթեյսի Չիմենտոյի խոսքը, բայց մեզանից շատերն ավելի ճիշտ լվացվում են գիշերը, քան առավոտյան։ Ճիշտ լվացվելը, փորձագետի խոսքով, անհրաժեշտություն է, չէ՞ որ մեր բարձերը տարատեսակ միկրոբների, փոշու իսկական «հանք» են։ Չիմենտոն խորհուրդ է տալիս առավոտյան մանրակրկիտ լվացվելուց հետո դեմքի և պարանոցի համար օգտագործել SPF-ով քսուքներ։

 Ուշադրություն չենք դարձնում մեր հոգեկան վիճակին

Առավոտը շատերիս համար օրվա ամենաբարդ փուլն է՝ արթնանում ենք արդեն հոգնած, առանց տրամադրության հագնվում, նախաճաշ պատրաստում․․․ Կարևոր է հիշել նախաբանում ասվածը՝ ինչպես օրը սկսենք, այնպես էլ այն կշարունակվի։ Այնպես որ՝ գոնե մի քանի րոպե տրամադրեք ինքներդ ձեզ հանգստացնելու համար։ Կարելի է մեդիտացիայով զբաղվել, օրագիր պահել և մի քանի գրառում կատարել, պարզապես ողջունել ընտանիքի անդամներին և լավ օր մաղթել։ Այդպիսի պարզ գործողություններն իրականում մեծ էներգիա և օրը լավ սկսելու ուժ են հաղորդում։

 

In topic