Իմ կյանքի կարգախոսը դեռ երկար կմնա չգրելը․ Եր Կար

  11 June 2021  466 view
Իմ կյանքի կարգախոսը դեռ երկար կմնա չգրելը․ Եր Կար

Կա երեմ անունով բույս, որ պատկանում է խորդենազգիների ընտանիքին։ Վաղուց եմ բացահայտել այն։ Նույնիսկ տեքստեր ունեմ, որտեղ նկարագրում եմ այդ բույսը։ Այն իրենից ներկայացնում է մոլախոտ։ Սովորաբար մոլախոտը փաթաթվում է առողջ բույսերին, կանգնեցնում նրանց աճը։ Իսկ երեմը փաթաթվում ու խեղդում է միայն ինքն իրեն, կանգնեցնում իր աճը՝ չվնասելով որևէ այլ բույսի։ Ծանոթանանք։ Ես Երեմ Կարապետյանն եմ՝ Եր Կարը։ Իմ մասին շատ խոսել չեմ սիրում։

- Ինչպե՞ս եկավ Եր Կարը։ Ե՞րբ զգացիք Երեմի ու Եր Կարի տարբերությունը։

-Երեմ-Եր Կար հարաբերությունների մեջ թե ՛Երեմը, թե՛ Եր Կարը պատկերներ են։ Հիմա իրենք գնու՞մ են զուգահեռ, այո, գնում են զուգահեռ, գնում են բալանսավորված, իրար լսելով, իրա հետևելով, թեև Երեմն ապրում է Եր Կարի հաշվին․Եր Կարը տալիս է Երեմին նյութեր, իդեաներ։

Եր Կարը եկավ ժամկետային ծառայության ընթացքում ու շատ պատահական։ Ընկերներիցս մեկի՝ Արսեն Միքայելյանի հետ միասին էինք ծառայում, պարբերաբար հանդիպում էինք Արսենենց զորանոցում, զրուցում տարբեր թեմաների շուրջ։ Այդ անգամ էլ գնացի զորանոց, ու հենց Արսենն ինձ տեսավ, ասաց՝ Եր Կա՞ր։ Չհասկացա՝ ինչ նկատի ունի ընկերս։ Ասաց՝ դե, Երեմ Կարապետյան՝ Եր Կար ․․․

Եթե անկեղծ, փշաքաղվեցի․ զգացողություն ունեցա, թե սա մի բառ էր, որ ոչ միայն բառ էր, այլև ․․․ չգիտեմ, իսկապես չգիտեմ՝ ինչ էր։ Ու հենց այդ պահին ֆեյսբուքում փոխեցի անունս՝ դարձնելով Եր Կար։ 

Գրքում կա մի հատված, որտեղ հեղինակն ընթերցողի ուշադրությունը հրավիրում է հենց դրա վրա։ Կոչվում է «Ֆեյսբուքում ծնված հեղինակ»։ Ասում է՝

ինձ ասել են,

ինձ հաստատ ասել են,

որ ես պոետ եմ,

պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ,

եթե ես հավատայի նրանց։

Եր Կարը ծնվեց հենց այդպես՝ շատ արագ, կտրուկ, միանգամից, ու ես չհասցրի մտածել՝ Եր Կարն ինձ դուր է գալի՞ս, թե՞ չէ․ հետևեցի ներքին ձայնիս։

-Եր Կարը Երեմին ինչ-որ բաներից փրկե՞լ է։

-Գիտեք՝ ինչ հարցեր եք տալիս, հարցեր, որոնք միայն ես կարող եմ ինձ տալ կամ միայն ես եմ ինձ տվել։

Եր Կարը հաճախ է Երեմին հակաճառում, փորձում գնալ հակառակ ուղղությամբ։ Որքան էլ Եր Կարն իր գործն ավելի ազդեցիկ ու մնայուն է ներկայացնում, միևնույն է՝ Երեմը շատ քիչ է լսում Եր Կարին, քիչ է փորձում հասկանալ նրան, հաշվի նստել Եր Կարի կարծիքի հետ։ Երեմը որոշ իրավիճակներում միայնակ է և ինքնուրույն, իսկ Եր Կարը՝ չէ․ Եր Կարին պետք է Երեմի օգնությունը։

Երեմը շատ-շատ է օգնում Եր Կարին․ ի վերջո Եր Կարն էլ է Երեմի ծնունդ, չէ՞, Եր Կարն էլ է Երեմի հագուստներից, սիրելի ուտելիքներից կամ  ժամանցի վայրերից մեկը։ Գոնե այս պահին ավելի շատ Երեմն է օգնում Եր Կարին, քան Եր Կարը՝ Երեմին։

-Գանք սկիզբ։ Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ արվեստի հանդեպ սերը։

-Վերադառնալով մանկություն՝ հասկանում եմ, որ հենց մամայի փորիկի միջից էլ սկսվել է ամեն ինչ։ Արվեստագետ չէ, բայց փորձել է ազդակներ տալ դեռ չծնված պտղին, որ իր ներսում է, փորձել է շփվել։ Պատմում է, որ հաճախ է ընթերցել ինձ համար։ Ինձ թվում է՝ ամեն ինչ եկել է այդ շփումից, որովհետև հաճախ  գրում եմ ոչ թե իմ դրամաների, ներքին վթարների մասին, այլ բոլոր այն մարդկանց, այդ թվում՝ մամայի, ներքին վթարների մասին, որոնց ներսում ես կամ կամ եղել եմ։

10 տարեկանից սկսած բակի երեխաների հետ ներկայացումներ էի բեմադրում, փոքրիկ էտյուդներ անում՝ չհասկանալով, թե ինչ եմ անում։ Կանչում էի հարևաններին, սուրճ հյուրասիրում, ու նրանք նայում էին, օրինակ՝ տատասկի և ելակի մասին ներկայացում։

Արդեն ութերորդ դասարանում Թումանյան էի բեմադրում, տոմսը հարյուր դրամով վաճառում դպրոցականներին։