Գիտությանն ընդառաջ՝ սկսելով ՈՒԳԸ-ից. ներկայացնում է Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Փանոսյանը

  14 June 2021  566 view
Գիտությանն ընդառաջ՝ սկսելով ՈՒԳԸ-ից. ներկայացնում է Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Փանոսյանը

«Ես Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահն եմ 2019 թվականի դեկտեմբերի վերջից, կարելի է ասել` 2020 թվականից: Մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ եմ նշում, որ 1947 թ.-ից գործող ուսանողական կառույցի պատմության մեջ իգական սեռի առաջին նախագահը ես եմ»,- ներկայանում է մեր զրուցակիցը՝ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը:

Նա ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ֆինանսահաշվային ամբիոնի ասպիրանտ է:

Ուսանողական գիտական ընկերությունը ուսանողական կառույց է, որը միավորում է գիտությամբ հետաքրքրված ուսանողներին: Այլ կերպ ասած՝ համալսարանում գիտության ոլորտում ուսանողներն իրենց քայլերն սկսում են ՈւԳԸ-ից:

ՈւԳԸ-ն նախաձեռնում և իրականացնում է բազմաբնույթ գիտական միջոցառումներ, մասնավորապես` գիտաժողովներ, աշխատաժողովներ, օլիմպիադաներ, դատախաղեր, սիմուլացիոն խաղեր, մրցութային այլ միջոցառումներ, բանավեճեր, կլոր սեղան քննարկումներ, հանդիպում-դասախոսություններ, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և այլն:

«Մեր թիմի իրականացրած բոլոր միջոցառումներն էլ կարևոր են ու հաջողությամբ են պսակվում, բայց ուզում եմ առանձնահատուկ նշել ՈւԳԸ ամենամյա գիտական նստաշրջանը, որը կառույցի որդեգրած ավանդույթներից մեկն է: Այս տարի ՈւԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 4-8-ը և նվիրված է ՀՀ անկախության 30 ամյակին»,- պատմում է Մերին:

Իսկ թե ինչու է հատկապես առանձնացնում ՈւԳԸ միջազգային գիտաժողովները, նա պատասխանում է. «Քանի որ նստաշրջանը և դրա, այսպես ասած, արդյունք-հետևանքը` «ԵՊՀ ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականը, ՈւԳԸ-ի բովանդակային հիմքն է: Պարբերականը ոչ միայն ՈւԳԸ-ի նկարագիրն է, այլև ուսանողական կառույցի կատարած աշխատանքի արտացոլումը: Հենց դրանով էլ ՈւԳԸ-ն տարբերվում է մյուս ուսանողական կառույցներից»: 2020 թ. համարները տպագրվել են եռագույն հատորներով և նվիրված էին Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոսների հիշատակին։

ՈՒԳԸ նախագահի խոսքով՝ իրենց կատարած աշխատանքի կարևոր կողմերից մեկը ինչպես համալսարանական, այնպես էլ արտահամալսարանական համագործակցությունն է: ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմը մշտապես պատրաստակամ և բաց է համագործակցության համար։ Կախված ստորաբաժանումից և մասնագիտությունների տարբերությունից՝ համագործակցության շրջանակները տարբեր են. Ազգային գրադարանից մինչև Կենտրոնական բանկ, Վճռաբեկ դատարան, ՀՀ պատմության թանգարան, հայ հաջողակ գործարարներ ու գիտնականներ, տուրիստական ընկերություններ, եկեղեցականներ ու հասարակական կազմակերպություններ։ ՈւԳԸ-ն ակտիվ է նաև միջբուհական և միջազգային համագործակցությունների համատեքստում։

Չնայած ունեցած հաջողություններին, Մերի Փանոսյանը խոսում է նաև ոլորտի խնդիրների մասին. «Հաճախ գիտությունը ձանձրալի է թվում ուսանողներին, և այո, այս մասով խնդիրներ առաջանում են։ ՈւԳԸ ամեն նոր անդամի հետ խոսելիս ես ասում եմ, որ մենք ոչ թե մենեջերներ կամ համակարգողներ ենք, այլ մեր խնդիրն է ցույց տալ, որ գիտությունը ևս կարող է լինել հետաքրքիր ու մրցունակ։ Ցավով պետք է նշեմ, որ իմ նախագահությունը սկսվեց բավականին բարդ իրավիճակով։ 2020 թ. մարտից սկսեցինք աշխատել հեռավար՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ։ Այս մարտահրավերը դեռ չհաղթահարած՝ առաջ եկան պատերազմն ու հետպատերազմյան դժվարությունները»։ Բայց, ինչպես հպարտորեն նշում է Մերին, թիմային աշխատանքի և նորարարական լուծումների շնորհիվ ՈւԳԸ-ն պատվով է հաղթահարել բոլոր դժվարությունները և ՈՒԳԸ աշխատանքները ոչ մի րոպե չեն դադարել։ Պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ՈւԳԸ-ում ուսանողների մոտ մոտիվացիայի անկում է նկատվել: Այդ ընթացքում քիչ թվով ուսանողներ են մասնակցել կազմակերպված միջոցառումներին․

 «Թիմով որոշեցինք և փոխեցինք մեր աշխատելաոճը՝ նորարարական միջոցառումներ վերհանելով»,- ասում է Մերին։

Նա փաստում է, որ ՈւԳԸ-ն ուսանողական այնպիսի կառույց է, որը բուհական ակադեմիական միջավայրում ուսանողներին հնարավորություն է տալիս ինքնիրացվելու, կրթական ընկալումների կարծրատիպային սահմանափակումներից դուրս գալու, արժեքահեն աշխարհըմբռնում ձևավորելու ու ազատամիտ լինելու։ Ըստ Մերիի՝ անհնար է որևէ բան կազմակերպել առանց մարդկային հարաբերությունների և հենց այս ճիշտ կազմակերպված մարդկային հարաբերությունների շնորհիվ է, որ ՈւԳԸ կամավորների ու անդամների թիվն անցնում է 400-ից.

«ՈւԳԸ-ականները գիտեն անկեղծորեն սիրել ու նվիրվել, հետևողական են ու պատրաստակամ»։

Մասնագիտության բնույթից կախված՝ ուսանողների հետաքրքրվածության շրջանակները տարբեր են. մեկին հետաքրքրում է աստղագիտությունն ու ֆիզիկան, մյուսին՝ հայոց պատմությունն ու բարբառագիտությունը․

«Բայց միջոցառումների նախաձեռնման ընթացքում ինքս ինձ համար փոքրիկ հետազոտություն եմ արել և արդյունքն հետևյալն է՝ ընդհանուր առմամբ բոլոր ուսանողներին, անկախ տարիքից ու մասնագիտությունից, ամենից շատ հետաքրքրում են այն միջոցառումները, որոնց բանախոսները քիչ թե շատ ճանաչված են կամ հանրային դեմքեր են, որոնք կիսվում են իրենց հաջողակ պատմություններով և արտասահմանում սովորելու-աշխատելու փորձով։ Ուսանողները հետաքրքրված են նաև գիտաճանաչողական էքսկուրսիաներով, City tour-երով և ՀՀ տարբեր պետական ու մասնավոր հաստատություններ այցերով»,- ներկայացնում է Մերին:

Այն հարցին, թե որն է ամենաակտիվ ֆակուլտետը, Մերի Փանոսյանը պատասխանում է.

«Չեմ կարող առանձնացնել, որովհետև կախված ֆակուլտետային ՈւԳԸ թիմից ակտիվությունը կարող է փոխվել։ ՈւԳԸ-ում սերնդափոխոությունը դինամիկ է։ Այս տարի ամենակատիվ աշխատող ֆակուլտետներն եղել են իրավագիտության, ֆիզիկայի, պատմության, արևելագիտության, աշխարհագրության և երկրաբանության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներն ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ն»։