Ժողովրդական արվեստը յուրաքանչյուր ժողովրդի ինքնության ամենաիրական արտացոլումն է. Ժողարվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյան

  07 July 2021  729 view
Ժողովրդական արվեստը յուրաքանչյուր ժողովրդի ինքնության ամենաիրական արտացոլումն է.  Ժողարվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյան

Լուսինե Թորոյանը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողարվեստների թանգարանի տնօրենն է 2020 թ. սեպտեմբերի 22-ից:

«Ղեկավարման առաջին օրվանից հայտնվեցի պատերազմական բարդ իրավիճակում: Չնայած այն հանգամանքին, որ ծանոթ էի թանգարանին, միևնույնն է, պետք էր ճիշտ կազմակերպել թանգարանի աշխատանքը ռազմական դրության պայմաններում»,- ասում է նա:

Կապը թանգարանների հետ սկսվել էր դեռ 2013 թ., երբ աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում, այնուհետ՝ Երևանի կոնյակի գործարանի «ԱՐԱՐԱՏ» թանգարանում:

«Թանգարանն ինձ համար երբեք չի եղել մի վայր, որտեղ ուղղակի գնում են նմուշներ դիտելու: Այն մի հարթակ է, որտեղ անհատը, անկախ թանգարանի ուղղվածությունից, ստանում է բովանդակություն, դառնում է որևէ արժեքի կրող, ինչի ազդեցությունն այդ պահին միգուցե անմիջապես չզգա, բայց հետագայում անպայման հետք կթողնի իր կյանքում: Իսկ ղեկավար լինելու համար, կարծում եմ, տարիքն այդքան էլ նշանակություն չունի, որքան փորձը, գիտելիքն ու մարդկային հատկանիշները»,- վստահ է մեր զրուցակիցը:

Ղեկավարման առաջին իսկ օրերից Լուսինե Թորոյանը իր առջև խնդիր էր դրել գնահատել թանգարանի ռեսուրսներն ու ռիսկերը և իրականացնել ռեսուրսների համաչափ բաշխում, այնուհետև մշակել թանգարանի զարգացման ռազմավարություն․

«Կարևոր էր բարձրացնել թանգարանի ճանաչելիությունը, համագործակցության եզրեր գտնել զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ (հյուրանոցներ, զբոսաշրջային գործակալություններ, ռեստորաններ, առցանց հարթակներ)` թանգարանի այցելուների թիվը բարձրացնելով մի քանի անգամ: Ի սկզբանե մեծ նշանակություն տվեցինք կրթական ծրագրերին՝  թանգարանի գրավչությունը երիտասարդների շրջանում մեծացնելու և ժողովրդական արվեստը որպես մասնագիտություն ընտրելու հնարավորությունները մեծացնելու նպատակով»,- ներկայացնում է նա:

Գնահատելով թանգարանային միջավայրի կարևորությունն ընդհանրապես, Լուսինեն, այդուհանդերձ, մատնանշում է Ժողարվեստների թանգարանի ազգային նշանակությունը՝ ընդգծելով թանգարան այցելելու արժեքային կողմը.

«Ժողովրդական արվեստը յուրաքանչյուր ժողովրդի ինքնության ամենաիրական արտացոլումն է: Կարելի է ամողջական պատկեր կազմել ժողովրդի հոգեբանության, արժեհամակարգի մասին: Մեր թանգարանում կգտնեք նմուշներ, որոնք լավագույնս արտացոլում են վարպետների անցած ներքին հոգևոր ճանապարհը: Յուրաքանչյուր նմուշ ունի իր ասելիքն ու բովանդակությունը, որը ճիշտ փոխանցելու պարագայում կարող ենք շատ մեծ ազդեցություն ունենալ սերունդների զարգացման գործում: Մարդիկ պետք է այցելեն թանգարան իրենց ինքնությունը ճանաչելու, իրական, ճշմարիտ հայի կերպարը հասկանալու, վերապրելու նպատակով, որպեսզի ճանաչելով մեր իրականը՝ կարողանանք այն ճիշտ ներկայացնել արտաքին աշխարհին»:

Ժողարվեստների թանգարանն այն եզակի վայրերից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, տարբեր մեթոդներով շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: