«Անել, որովհետև այլևս չես կարող չանել». Հայկ Վարդանյանի «Network Nation» փոդքասթը ստեղծվեց պատերազմից հետո՝ պատմելու աշխարհով մեկ իրականացվող հայկական նախագծերի մասին

  30 July 2021  508 view
«Անել, որովհետև այլևս չես կարող չանել». Հայկ Վարդանյանի «Network Nation» փոդքասթը ստեղծվեց պատերազմից հետո՝ պատմելու աշխարհով մեկ իրականացվող հայկական նախագծերի մասին

Հայկ Վարդանյանի «Network Nation» փոդքասթը ստեղծվեց պատերազմից հետո: Նպատակն էր մի տեղում միավորել, պատմել աշխարհով մեկ իրականացվող հայկական նախագծերի ու նախաձեռնությունների մասին: Ստեղծել ցանց, որն իրար կկապի մարդկանց, ովքեր արդեն գործում են, իսկ այլոց՝ կստիպի գործել: Փոդքասթի հիմնադիր Հայկ Վարդանյանի հետ զրուցել ենք փոդքասթի մտքի, դրա շրջանակներում իրականացվող հետաքրքիր զրույցների ու սեփական ուղեղին ճիշտ ազդակներ տալու մասին։



– Հայկ, «Network Nation»-ից դուրս ինչո՞վ ես զբաղվում։

– Ծնվել և մեծացել եմ Երևանում։ Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը։ Հետո տեղափոխվել եմ Գերմանիա՝ Դյուսելդորֆ քաղաք, դոկտորական աշխատանքիս համար։ Մի քանի տարի աշխատել եմ որպես գիտաշխատող, հետո անցել եմ ՏՏ ոլորտ։ Հիմա աշխատում եմ որպես որակի ապահովման մենեջեր ՏՏ ոլորտում ու վարում եմ այս փոդքասթը։ 34 տարեկան եմ։

– Ինչո՞ւ որոշեցիր մի տեղում միավորել ու պատմել տարբեր նախաձեռնությունների մասին ու ինչպե՞ս ընտրեցիր հենց փոդքասթի ֆորմատը։

– Եթե YouTube–ը հեռուստատեսության հաջորդ քայլն է, փոդքասթը ռադիոյի հաջորդ քայլ է, որովհետև դու կարող ես լսել քեզ հետաքրքրող նյութն այն ժամանակ, երբ ուզում ես, ոնց ուզում ես, ինչ հերթականությամբ ուզում ես, նաև՝ այլ աշխատանք անելիս։ Բայց ինչո՞ւ հենց ես սկսեցի փոդքասթ վարել։ Դա ինձ ճիշտ լուծում թվաց։ Ինձ համար առաջնայինը հայկական տարբեր նախագծերի մասին պատմելու ցանկությունն էր ու տարբեր մեթոդներ էի փնտրում։ Ի վերջո, կանգ առա փոդքասթի վրա։

Ամեն ինչ սկսվեց պատերազմից հետո։ Բոլորս քիչ-քիչ դուրս էինք գալիս առաջնային շոկից ու գիտակցում էինք, որ եթե առաջ մտածում էինք՝ ահագին գործ կա անելու ու այդ գործերը պետությունը պետք է անի, ուրիշ մարդիկ պետք է անեն, հիմա հասկացանք՝ չէ՛, ամեն մեկս պիտի անի, մեր հույսը միայն մենք ենք ու մեր Սփյուռքը։ Ամբողջ աշխարհը մեզ դա շատ հստակ ցույց տվեց։ Ստացվում է՝ ամեն մեկս մեր տեղում պետք է ինչ–որ բան անենք․ հիմա ես Գերմանիայում նստած ի՞նչ անեմ, բացի գումար փոխանցելուց։

Պարբերաբար նկատում էի, որ տարերայնորեն ստեղծվում են տարբեր նախագծեր, մեկից մի բան եմ լսում, սոցցանցում մեկ ուրիշ նախաձեռնություն եմ տեսնում, թերթում այլ բան եմ կարդում, բայց ոչ մեկ հստակ չի հասկանում՝ ով ինչով է զբաղվում։ Այդ ժամանակ սկսեցի կապվել մարդկանց հետ՝ գրել, զանգել, որ իրենք ինձ բացատրեն՝ ինչ են անում, ինչով են զբաղվում, որ ես էլ փորձեմ հնարավորինս օգտակար լինել։ Իրենք ինձ բացատրում էին, հետո ես գալիս, իմ ընկերներին էի այստեղ պատմում, ասում՝ «սենց բան են անում, օգնե՞նք, միանա՞նք»։ Ընդ որում, խոսքը ֆինանսական օգնության մասին չէր, այլ ինչ–որ գործ անելու, դրանով աջակցելու։

Ընթացքում հասկացա, որ հետաքրքրությունն այդ թեմայի նկատմամբ բավականին մեծ է։ Այսինքն, եթե ինձ, իմ ընկերներին դա հետաքրքրում է, գուցե, ես ինչ–որ կերպ պահեմ մեր զրույցները, ձայնագրեմ, դնեմ օնլայն, որ մարդիկ էլ լսեն։ Ու քանի որ այդ խոսակցությունները, հիմնականում, տևում էին մոտ կես ժամ, կամ մի փոքր ավելի երկար, պետք էր հարմար հարթակ գտնել։

Նախագծեր կային ամբողջ աշխարհից՝ Միացյալ Նահանգներից մինչև Հայաստան, հետևաբար բոլորի հետ զրույցները հեռավար էին տեղի ունենում։ Այս առումով YouTube–ի տեսանյութերն ամենահարմարը չէին լինի՝ կադրի, տեսապատկերի որակի տեսանկյունից։ Բացի այդ, YouTube–ում երկար զրույցները մարդիկ սովորաբար չեն դիտում, իսկ փոդքասթը շատ ավելի երկար են լսում, որովհետև կարող են անել դա աշխատելիս, քայլելիս, սպորտով զբաղվելիս և կամայական այլ իրավիճակներում։ Այդպես եկա փոդքասթին։

Հետագա աշխատանքները բավականին արագ կազակերպեցի։ Հիմա ինտերնետում ամեն ինչ հասանելի է, ամեն ինչ գտնում ես։ Մի քանի շաբաթվա ընթացքում տեխնիկական բոլոր խնդիրները լուծվեցին։ Եթե չեմ սխալվում՝ 2021թ․–ի հունվարին թողարկվեց առաջին զրույցը։

– Կհիշե՞ս առաջին նախագծերը, որոնք քեզ այնքան տպավորեցին, որ ցանկություն առաջացավ դրանց մասին ուրիշներին էլ պատմել։

– Հա, երևի հենց առաջին նախագիծը եղել է «Sastic»–ը, իսկ դրա հիմնադիր Արմեն Խաչատրյանն իմ առաջին հյուրն էր։ Այս նախագծի մաս եմ կազմել նաև ես։ «Sastic»–ը նախաձեռնություն է, որի շուրջ ամբողջ աշխարհից հայերը, պրոֆեսիոնալները միանում ու փորձում են ինչ–որ նախագծեր ստեղծել Հայաստանում ապրող մարդկանց համար։ Եվ «Sastic»–ը, որպես առաջին ներդրող, ներդրում է կատարելու այդ նախագծերի իրականացման մեջ։ Գլխավոր պայմանը՝ նախագծերը պետք է միտված լինեն Հայաստանի զարգացմանը տարբեր ոլորտներում։

Տեսեք, եթե դուք սփյուռքում եք ապրում, ձեզ Հայաստանին կապող երկու մարմին գիտեք՝ դեսպանություն ու եկեղեցի․ կան նաև ինչ–որ փոքր կազմակերպություններ։ Բայց մարդկանցից շատերն այս երկուսի հետ էլ կապ չունեն։ Հիմա, եթե դու ռեալ հետաքրքրված ես Հայաստանին օգնելով, ի՞նչ կարող ես անել, բացի ուղղակի գումար փոխանցելուց։ Այո, ես պատրաստ եմ գումար փոխանցել, բայց եթե ունեմ որոշակի հմտություններ, գիտելիք ու փորձ, գուցե, դրանով ավելի օգտակար կարո՞ղ եմ լինել։

Անձամբ որևէ նախագծի մեջ ներգրավվելու առավելությունը նաև այն է, որ եթե գումար ես փոխանցում, պատկանելիության, նախագծի մաս կազմելու զգացողություն չես ունենում հաճախ։ Գիտելիքդ, ժամանակդ, էներգիադ ներդնելու դեպքում դու դառնում ես նախագծի մաս, լինում ես ավելի պահանջատեր, ուզում ես այն շատ լավ գործի ու արդյունավետ լինի։ Այս զգացողությունը մեզ շատ է պակասում։