«Ափդեյթ». կուսումնասիրվեն Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գոհարները

  13 August 2021  317 view
«Ափդեյթ». կուսումնասիրվեն Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գոհարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացնում է «Ափդեյթ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության` երգ-երաժշտության ուսումնասիրություն, գրանցում, ձայնագրում, նոտայագրում և հանրայնացում: Նշենք, որ արդեն երգեր են գրանցվել մարզի Վարդենիկ, Երանոս, Ծովասար, Մարտունի, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Վարդենիս, Ակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Ծովագյուղ, Վարսեր և Լճաշեն համայնքերում:

Ժողովրդական բազմաբնույթ երգը Վարդենիկ գյուղի տարբեր տարիքի բնակիչների հարստությունն է։ Տարեցների մեծ մասը բասենցիների ու մշեցիների սերունդներ են, որոնք մեր օրեր են հասցրել և վարդենիսյան համ ու հոտ տվել իրենց մեծերից լսած ազգային երաժշտությանը:

Ծրագրի ընթացքը ոգևորիչ է ոչ միայն երիտասարդների, այլև տարեցների համար` արժևորելով միջսերնդային համագործակցությունը, ժառանգության համատեղ պահպանության բերկրանքն ու դրա փոխանցման կարևորությունը: Նպատակն է ոչ միայն նպաստել տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, այլև ճանաչելիության բարձրացմանը, ժառանգության նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու արդի տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով դրա հանրահռչակմանը:

Ծրագրի արդյունքում կբացահայտվեն «երգող համայնքներ» և ժողովրդական երգերի կատարողներ, որոնք կենդանի կրողն ու փոխանցողն են տեղական ոչ նյութական մշակութային ժառանգության:

Տեղեկացնենք, որ լավագույն 10 երգերը կհանրայնացվեն՝ կնոտայագրվեն և կտպագրվեն էլեկտրոնային գրքույկի ձևով:

In topic