Անհեթեթ թվացող արարքներ, որոնց համար ձեր ուղեղը կասի՝ շնորհակալություն

  17 August 2021  395 view
Անհեթեթ թվացող արարքներ, որոնց համար ձեր ուղեղը կասի՝ շնորհակալություն

Մենք սովոր ենք մտածել, որ մեծ արդյունքները մեծ ջանքեր են պահանջում, բայց հաճախ առաջին հայացքից աբսուրդ թվացող արարքներն են դրական ազդում ուղեղի աշխատանքի, հոգեկան առողջության, ստեղծարար մտածողության վրա։ Հետևաբար երբեմն պետք է պարզապես մոռանալ լուրջ լինելու մասին և...

Դուրս գալ փողոց՝ չիմանալով, թե ինչ անել

Ժամանակի կառավարումը հիանալի կարողություն է, քանի որ այն թույլ է տալիս ճիշտ ծրագրել անելիքները ու վերահսկել սեփական անձը, սակայն երբեմն պետք է գործել հակառակ տրամաբանությամբ։ Ինչո՞ւ է առանց որևէ հստակ ծրագրի զբոսանքը նպաստում ուղեղի աշխատանքին։ Դուք նկատում եք այն, ինչ չեք նկատել ամենօրյա ավտոմատ ռեժիմում։ Անգամ սկսում ենք զգալ մաքուր օդը, սեփական մարմնի շարժը։ Ա՞ջ գնալ, թե՞ ձախ, մտնել խանո՞ւթ, սրճարա՞ն, թե՞ պարզապես քայլել։ Հետևեք զգացողություններին և արեք այն, ինչն այդ պահին ենք ցանկանում։ Թույլ տվեք էմոցիաներին և օրգանիզմին կառավարել ձեզ։ 

Նստել հատակին և 20 րոպե ոչինչ չանել

Մենք այնքան են կենտրոնանում տարատեսակ խնդիրներ լուծելու, մեր ուղեղը տարբեր հարցերով ծանրաբեռնելու ուղղությամբ, որ պարզապես մոռանում ենք՝ ինչ է նշանակում նստել և ոչինչ չանել։ Թվում է՝ ոչ մի բարդ բան չկա, բայց առաջին իսկ րոպեից կհասկանաք, որ այդպես չէ։ Կսկսեք նկատել, որ սենյակում մաքրություն անելու կարիք կա, կցանկանաք խանութ գնալ և այլն: Չտրվեք գործելու, որոշելու, մտածելու ցանկություններին։ Այս «անգործությունը» կարելի է համարել յուրատեսակ մեդիտացիա։ Նստեք և պարզապես զգացեք ներկա պահը։ Խորհուրդ է տրվում «անգործությանը» հատկացնել 20 րոպե, բայց որոշ դեպքերում 5 րոպեն էլ է բավարար ուղեղը հանգստացնելու համար։ 

«Կորցնել» հեռախոսը

Տարբեր իրերից կախվածությունը բասացաբար է ազդում մեր հոգեկան առողջության, մտածողության վրա, իսկ եթե այդ իրը 24 ժամ մեզ հետ է, այն ասես, դառնում է մարմնի մի մասը։ Առաջին իսկ ծանուցման ծնգոցի դեպքում հեռախոսը ձեռքը վերցնելը լի է բացասական հետևանքներով։ Փորձեք հաճախակի «կորցնել» հեռախոսը: «Մոռացեք» այն սենյակում, դուրս եկեք ընդմիջման առանց հեռախոսի: Ուշադրություն դարձրեք՝ քանի՞ անգամ եք այն վերցնում և պարզապես թերթում սոցցանցերի էջերն ու քանի՞ անգամ է այն իսկապես անհրաժեշտ։ 

Մտնել դերի մեջ

Էական չէ՝ մենա՞կ, թե՞ խմբով։ Եթե մենակ եք, կարող եք ձեզ որևէ ֆիլմի կամ վեպի հերոսի կարգավիճակում պատկերացնել, 10 րոպե մենախոսել որևէ թեմայի շուրջ կամ պատկերացնել, թե դատապաշտպան եք և պաշտպանում եք ծանր հանցագործության մեջ մեղադրվողի իրավունքները: Խմբով լինելու դեպքում կարող եք միմյանցից հարցազրույց վերցրել՝ պատրաստելով միայն առաջին հարցը կամ ձեզ այնպես պահեք, ասես, առաջին անգամ եք տեսնում միմյանց ու ծանոթանում։ 

Որքան շատ լինեն նման «անհեթեթ» զբաղմունքները, այնքան առողջ կլինի ձեր ուղեղը և ճկուն մտածողությունը: Հիշե՛ք մշտապես չափազանց լուրջ լինելու և բացառապես տրամաբանության սահմաններում գործելու դեպքում ուղեղում վատ մտքերի «աղբակույտ» է առաջանում:

In topic