Ուսանողների ռադիոն․ «Ֆամա»-ն հասանելի է աշխարհի ցանկացած կետում

  18 August 2021  495 view
Ուսանողների ռադիոն․ «Ֆամա»-ն հասանելի է աշխարհի ցանկացած կետում

Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը վաղուց իրականացնում է ուսանողակենտրոն և գիտելիքահեն քաղաքականություն։ Եվ հենց այս համատեքստում 2013 թվականին ստեղծվեց ռադիո «Ֆամա»-ն՝ հիմնականում ուսանողների համար։ 2013 թվականի նոյեմբերի 1-ին առաջին անգամ այն հնչեց, ընդ որում՝ ոչ միայն radiofama.am-ի եթերում, այլև համալսարանի բոլոր մասնաշենքերում։ Որպես լրատվական գործունեություն իրականացնող՝ ռադիո «Ֆամա»-ի առաջին հաղորդումները հենց լրատվական էին. ողջ օրվա ընթացքում՝ երեք ժամը մեկ, եթերում է օրվա լուրերի թողարկումը։

Erit.am-ի հետ զրույցում ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ, լրագրության ամբիոնի դասախոս Դիանա Մարկոսյանն ասում է, որ «Ֆամա»-ն գործում է  24-ժամյա ռեժիմով և հասանելի է աշխարհի ցանկացած կետում՝ համացանցի միջոցով։ «Այն տեխնիկապես հագեցած է, որն էլ ապահովում է շահագործման արդունավետությունը՝ առցանց հարթակում և բուհի բոլոր մասնաշենքերում՝ առկա լոկալ ձայնային սարքերի միջոցով: Բուհի ռադիոն անդրադառնում է ինչպես համալսարանական առօրյային, ՀՊՄՀ-ի գործունեությանը, առկա խնդիրներին ու ձեռքբերումներին, այնպես էլ, առհասարակ, կրթական համակարգին և երիտասարդներին հուզող հարցերին: Մասնավորապես, «Ֆամա»-ն  ծանոթացնում է ուսանողական և երիտասարդության, մշակութային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կատարվող իրադարձություններին ու նորություններին»,-փաստում է Դիանան, որի ղեկավարած վարչությունը համակարգում է բուհի ռադիոյի, կայքի և թերթի, ինչպես նաև հեռուստահաղորդման  աշխատանքները, որը հեռարձակվում է  հանրապետական սփռման 3 հեռուսաալիքով։

Իսկ ի՞նչ է նշանակում Ֆամա: Այն հունա-հռոմեական դիցարանի աստվածուհի է, որն «ամեն ինչ լսում և ամեն ինչ տեսնում է»: Դիանան ասում է, որ առաջին համալսարանական ռադիոն, բացի տեղեկատվական կարևորագույն գործառույթից, ունի նաև ոչ պակաս կարևոր առաքելություն․ այն փորձ ձեռք բերելու լավագույն դպրոց և հարթակ է հանդիսանում համալսարանի հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողների համար` նպաստելով ապագա լրագրողների գործնական պատրաստվածությանը։

Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի խոսքով՝ այսպիսով, ուսանողները հնարավորություն են ունենում իրենց հաղորդումները և ռեպորտաժները լսել եթերում, մասնակցել դրանց պատրաստմանը, մոնտաժմանն ու թողարկմանը: «Ուսանողները նոր գաղափարներով և ժամանակակից առաջարկներով ռադիոյի եթերում ապահովում են բազմակարծություն, բազմազանություն և խոսքի ազատություն: Սա իրապես ուսանողական հարթակ է: Ռադիոհաղորդումները մատուցվում են լրագրության գրեթե բոլոր ժանրերով` ռադիոակնարկ, ռադիոզրույց, ռադիոլուր և այլն: Հաղորդումներն իրենց բնույթով շարունակական են։ Օրինակ, Արտյոմ Աղասարյանի հեղինակային «Եվալյուցիա» հաղորդումը, որը բացահայտում է Մանկավարժականի շնորհալի և առանձնահատուկ ուսանողուհիներին, արդեն 7 տարի եթերում է։ Արտյոմն ուսանող էր, երբ սկսեց վարել հաղորդումը․  այսօր նա արդեն ավարտել է բուհը, սակայն շարունակում է վարել իր հեղինակային հաղորդումը»,- մեզ հետ զրույցում պատմում է Դիանան՝ հավելելով, որ այսօրվա ռադիոյի բազմաթիվ ձայներ իրենց մասնագիտական կարիերան սկսել են ռադիո «Ֆամա»-ից։

Ռադիո հաղորդացանցի հաղորդումների մեծ մասի հեղինակները հենց ուսանողներն են՝ իրենց նոր մոտեցումներով ու երիտասարդական շնչով։ Այդ հաղորդումները նպատակ ունեն բացահայտել համալսարանի շնորհալի ու տաղանդաշատ երիտասարդ ստեղծագործողներին և նրանց նախաձեռնությունները, ինչպես նաև անդրադառնալ ուսանողներին անհանգստացնող ու հետաքրքրող ամենատարբեր հարցերի: «Օրինակ, «Եվ այլն» ժամանցային հաղորդման ունկնդիրների ժամանակն անցնում է բավականին հետաքրքիր, բովանդակալից և ուրախ․ նրանք տեղեկանում են աշխարհի և Հայաստանի հետաքրքիր անցուդարձին, ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի օրագրին, կինոաշխարհի շաբաթվա լավագույն ֆիլմերին։ Կամ ամեն շաբաթ մեր ունկնդիրները հաղորդավար Բորիս Կիրակոսյանի հետ մասնակցում են մասնագիտությունների պայքարին՝ ապացուցելու, որ լավագույնը հենց իրենց ընտրած մասնագիտությունն է»,- նշում է Դիանան՝ շեշտելով, որ մասնագիտական ընտրություն կատարելն իրավամբ կյանքի կարևորագույն փուլերից մեկն է:

Ըստ մեր զրուցակցի՝ յուրաքանչյուր շաբաթ ռադիոյի ունկնդիրները ծանոթանում են նաև մարզաշխարհի կարևորագույն իրադարձություններին, հաղթանակած մարզիկներին, թիմերին և սպասվող խաղերին: ««Ֆան Զոն»-ի եթերում խոշորացույցի տակ են հայտնվում լավագույն մարզական երկրպագուներն ու անում կանխատեսումներ սպասվող խաղերի մասին։ Բացի այս ամենից՝ մեր եթերում անընդհատ հնչում է բարձրաճաշակ  ու  ժամանակակից  երգերի  մի ամբողջություն։ Top 20 հաղորդման ընթացքում առաջարկվում են աշխարհում այդ շաբաթ ամենաշատ լսված երգերը»,-ռադիոյի հաղորդաշարերին է անդրադառնում Դիանան:

Ի դեպ, ամեն օր առավոտյան 9։20 ռադիոյի եթերում հնչում է ՀՀ պետական օրհներգը, որին հաջորդում է Մանկավարժական համալսարանի օրհներգը։ Անմիջապես դրանից հետո 5 րոպե տևողությամբ ներկայացվում են հատվածներ Նարեկացու «Մատյան ողբերգությունից»՝ Վարուժան Օլքինյանի մատուցմամբ։ Թումանյանական տարում պարբերակաբար հնչում էր Թումանյանի ստեղծագործություններից։

Դիանայի խոսքով՝ 2020-2021 ուսումնական տարում որոշ հաղորդումներ, պայմանավորված համավարակով և հեռավար ուսուցմամբ, ժամանակավորապես դադարեցվել էին․ դրանք փոքր ծավալով վերականգնվել են, իսկ ամբողջությամբ կվերագործարկվեն, երբ այլևս հաղթահարված կլինի թագավարակը, և ուսումնական գործընթացը կընկնի իր բնականոն հունի մեջ։

Ըստ նրա՝ ռադիոն խիստ գործառնական նշանակություն ունեցավ 2021 թվականին արձանագրված երկրաշարժից հետո․ որոշակի պարբերականությամբ եթեր էր հեռարձակվում երկրաշարժերի և այլ աղետների ժամանակ անվտանգության միջոցառումների և գործողությունների հերթականությունը ներկայացնող նյութ։ Ռադիոն անփոխարինելի գործիք է նաև համալսարանի ներսում ուսումնավարժանքների ժամանակ տանգապ հայատարարելու առումով։ Այն որոշակիորեն իրականացնում է նաև համախմբող գործառույթ։ 

Ռադիոյի հաճախակի հյուրերն են մասնագիտական կողմնորոշման նպատակով  Մանկավարժական համալասարան այցելած աշակերտները՝ հանրապետության տարբեր հանրակրթական դպրոցներից։ Նրանք ծանոթանում են ռադիոյի աշխատանքներին, ցանկության դեպքում հնարավորություն ստանում ձայնագրվել, տեղում իրենց լսել, առավել պատրաստվածների հետ հարցազրույց են անում ուսանողները, ինչը հետագայում եթեր է հեռարձակվում։ Այս ամենն աշակերտների մոտ առաջացնում է մեծ հետաքրքրություն դեպի ռադիոլրագրություն մասնագիտությունը։

Դիանա Մարկոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարվա ավարտին ամփոփվում է ռադիոյի գործունեությունը։ Քանի որ այս տարի դեռ չի ամփոփվել, նա  ներկայացնում է նախորդ տարվա լսելիության ցուցանիշը։ Ըստ այդմ՝ 2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ռադիո «Ֆամա»-ն լսել են 6 237 000 րոպե՝ 103 950 ժամ: Միացումների քանակը՝ 351 200: 165 885 հոգի ունիկալ լսողների քանակն է: Ռադիո Ֆաման լսել են 201 երկրում, որոնց առաջին հնգյակն է՝ ՌԴ՝ 76 540 միացում, Հայաստան՝ 59 610, Գերմանիա՝ 48 080, Ֆրանսիա՝ 24 190, ԱՄՆ՝ 23 690:

«Մեր ուսանողները տեղեկացված են, և դրա համար համալսարանն անում է հնարավոր ամեն ինչ»,-իր խոսքը եզրափակում է համալսարանական առաջին ռադիո «Ֆամա»-ի հիմնադիր Դիանա Մարկոսյանը։

Նյութը պատրաստեց Հեղինե Հովհաննիսյանը

In topic