«Նախ ինքներս պետք է փոխվենք, հետո փորձենք ինչ–որ բան փոխել»․Գյուլագարակի երիտասարդները մասնակցում են համայնքային խնդիրների լուծմանը

  23 August 2021  554 view
«Նախ ինքներս պետք է փոխվենք, հետո փորձենք ինչ–որ բան փոխել»․Գյուլագարակի երիտասարդները մասնակցում են համայնքային խնդիրների լուծմանը

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն Լոռու մարզում իրականացրել է Տեղական ժողովրդավարության դպրոցը: Դրա շրջանակներում 30–ից ավելի երիտասարդներ մասնակցել են դասընթացների, որից հետո հնարավորություն են ունեցել դրամաշնորհային ծրագրեր ներկայացնել և իրենց գաղափարների իրականացման համար ֆինանսավորում ստանալ։



Ռոզա Մատինյանը
մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքից է, համայնքապետարանի սոցիալական աշխատողը։ Տեղական ժողովրդավարության դպրոցի ֆինանսավորմամբ իրականացրել է «Ակտիվ երիտասարդ, զարգացող համայնք» ծրագիրը, որի նպատակն է խոշորացված համայնքում ընդգրկված 7 բնակավայրերի երիտասարդների մոտ բարձրացնել ՏԻՄ գործունեության վերաբերյալ գիտելիքները և նրանց մասնակից դարձնել համայնքներում խնդիրների հայտնաբերմանն ու լուծմանը։

–Ինչպե՞ս իրականացվեց այս ծրագիրն, ովքե՞ր մասնակցեցին դրան։

–Ծրագիրը Գյուլագարակ խոշորացված համայնքի երիտասարդների համար էր։ Խոշորացված համայնքի կազմում ընդգրկված է յոթ բնակավայր՝ Գյուլագարակ, Կուրթան, Վարդաբլուր, Հոբարձի, Գարգառ, Պուշկինո և Ամրակից։
Նպատակն էր ընտրել համայնքի 20 ակտիվ երիտասարդների, որոնք կմասնակցեն դասընթացների, կստանան գիտելիքներ ու հետագայում դրանք կկիրառեն իրենց բնակավայրերի խնդիրների լուծման համար։
Դասընթացները հետևյալ թեմաներով էին՝ տեղական ինքնակառավարման մարմինների առանձնահատկությունները, բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը և հաղորդակցություն ու հանրային կապեր։ Դրանց կարող էին մասնակցել 16–35 տարեկան երիտասարդներ։
Դասընթացներին հաճախում էին նաև համայնքի ավագանու անդամները։ Մեր նպատակներից մեկը ՏԻՄ, ավագանի ու երիտասարդներ կապի ստեղծումն էր։

Այնուհետև մեր 20 երիտասարդները շրջել են համայնքի բոլոր բնակավայրերի տարբեր թաղամասերով, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները, հավաքագրել դրանք ու ներկայացրել համայնքի ղեկավարի հետ հանդիպմանը։ Այս հանդիպումից հետո խնդիրները պետք է դրվեին ավագանու քննարկմանը։

–Մասնակից երիտասարդներին ինչպե՞ս ընտրեցիք։

 Պատրաստեցինք հարցաթերթիկ, որը հրապարակվեց սոցիալական հարթակներում ու ցանկացող երիտասարդները լրացրեցին այն՝ պատասխանելով մի քանի հարցի։ Արդյուքնում ընտրեցինք նրանցից 20–ին։

Ընտրություն կատարելիս հաշվի ենք առել տարիքը, տվյալ երիտասարդի ակտիվությունը, զբաղվածությունը, հետաքրքրասիրությունը։  Նաև հաշվի ենք առել բնակության վայրը․ փորձել ենք համայնքի յուրաքանչյուր բնակավայրից գոնե 3 երիտասարդ ընդգրկել։

–Նշեցիք բնակիչների հետ հանդիպումների մասին։ Ի՞նչ խնդիրներ էինք նրանք բարձրացնում։

-Տարբեր բնակավայրերում խնդիրները տարբեր են։ Օրինակ՝ Գարգառում հիմնական խնդիրը խմելու ջրի ջրագիծն է, Գյուլագարակում՝ գիշերային լուսավորությունը․ կան շատ թաղամասեր, որոնք լուսավորված չեն։
Հոբարձիում ասֆալտապատման անհրաժեշտություն կա, գյուղական գրադարան են ուզում ունենալ և այլն։

–Արդյունքում ի՞նչ ստացվեց, այդ խնդիրները դրվեցի՞ն ավագանու քննարկմանը, լուծում ստացա՞ն։

–Խնդիրները հավաքագրած երիտասարդների մասնակությամբ ավագանու նիստն արդեն տեղի է ունեցել։ Ընդ որում, դրան մասնակցել են նաև Գարգառ գյուղի բնակիչները, քանի որ խմելու ջրի հասանելիությունը միանշանակ ամենակարևոր հարցերից է, ու հիմնական շեշտը հենց դրա վրա դրվեց։ Քննարկումն արդյունավետ էր, կարծում եմ՝ լուծումն ընթացքի մեջ է։ Համենայնդեպս, համագործակցությունը ստացվեց։
Կցանկանամ նշել նաև, որ զգալի աջակցություն ցույց տվեց համայնքապետարանը։ Օրինակ՝ դասընթացի ժամանակ մենք ունեցել ենք պրոյեկտորի կարիք ու համայնքապետարանը՝ որպես իր ներդրում, մեզ համար գնեց այն։ Նաև վերանորոգվեց սենյակ՝ երիտասարդների ու ավագանու անդամների հանդիպումները կազմակերպելու համար։



–Ինքներդ Գյուլագարակից եք։ Դուք ի՞նչ խնդիրներ եք նկատում ձեր համայնքում։

–Կոնկրետ ինձ համար շատ կարևոր է բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը։ Ես պատահական չեմ նախագիծ ներկայացրել հենց այս թեմայով։ Բնակիչներն այնքան աղոտ են պատկերացնում ՏԻՄ աշխատանքը, գործունեությունը։ Մտածում են, որ տեղական ինքնակառավարման մարմիններում նստածներն ամենակարող են ու կարող են, բայց չեն լուծում շատ խնդիրներ։ Կարևոր է, որ մարդիկ ներսից տեսնեն այդ աշխատանքն ու հասականան՝ ՏԻՄ–ն ամենակարող չէ ու ինքդ էլ պետք է ինչ–որ քայլեր ձեռնարկես, օգնես ծրագրերի իրականացմանն ու քո խնդրի լուծմանը։ Կարծում եմ՝ նախ ինքներս պետք է փոխվենք, հետո փորձենք ինչ–որ բան փոխել։

 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Ռոզա Մատինյանի և «Ակտիվ երիտասարդ, զարգացող համայնք» ծրագրի

In topic