Հայ ըմբիշները 5 մեդալ են նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում

  24 August 2021  180 view
Հայ ըմբիշները 5 մեդալ են նվաճել  աշխարհի երիտասարդական առաջնությունում

Ուֆայում (Ռուսաստանի Դաշնություն) կայացած ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 17 ներկայացուցչից 5-ը դարձել է մրցանակակիր՝ նվաճելով 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ:



Առաջինը մրցագորգ են դուրս եկել ազատոճային ըմբիշները: 125 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Լյովա Գևորգյանը: Նրա՝ իրանցի Ալի Մոհամադեբրաբիմ Աքբարփուրքորդու հետ եզրափակիչ գոտեմարտն ավարտվել է 4:4 հաշվով, և մրցակիցը դարձել է ոսկե մեդալակիր վերջինը միավորը վաստակելու արդյունքում: Մինչև եզրափակիչ Գևորգյանը վստահ հաղթանակներ է տոնել՝ նախ 10:0 հաշվով պարտության մատնելով հունգարացի Շաբա Ուբորնյակին, ապա 4:0 հաշվով հաղթելով հնդիկ Կումար Անիրուդին, հաջորդիվ՝ ադրբեջանցի Այդին Ահմադովին` 10:0:



Ազատոճային ըմբիշներից Մանվել Խնձրցյանն (57 կգ) էլ դարձել է բրոնզե մեդալակիր: Նա 3-րդ տեղի համար գոտեմարտում 6:2 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Կարաչովին: 

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականից Ուֆայում մեդալ են նվաճել Սահակ Հովհաննիսյանը, Կարեն Խաչատրյանը և Շանթ Խաչատրյանը: 67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր: Նա պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել է լիտվացի Վիլիուս Սավիսկասին: Հաջորդիվ հայ ըմբիշը 2:1 հաշվով պարտության է մատնել գերմանացի Աարոն Բելշայդին և 3:0 հաշվով՝ ուկրաինացի Մարիան Հոլուբովսկիին: Եզրափակչում Հովհաննիսյանը 0:7 հաշվով զիջել է Հասրաթ Ջաֆարովին (Ադրբեջան)՝ այդպիսով արժանանալով արծաթե մեդալի: 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը ևս մինչև եզրափակիչ 3 հաղթանակ է տոնել՝ հաղթելով հունգարացի Դոմինիկ Անդրասին (3:1), վրացի Սաբա Մամալաձեին (8:1) և հնդիկ Ռավի Մալիկին (9:0): Եզրափակիչ գոտեմարտում Խաչատրյանը զիջել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին՝ 3:6 և դարձել արծաթե մեդալակիր: 72 կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանն էլ արժանացել է երրորդ մրցանակին: Նա բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Խասայ Հասանլիին:

Հավելենք, որ աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցել է 52 երկրից 500 ըմբիշ: 

 

In topic