«Փորձում եմ նվագել այն լռությունը, որ կա նոտաների միջև»․ Արեգ Նավասարդյան

  25 August 2021  412 view
«Փորձում եմ նվագել այն լռությունը, որ կա նոտաների միջև»․ Արեգ Նավասարդյան

Փոքրիկ Արեգի երաժշտական հետաքրքրություններին ծնողները լուրջ չէին վերաբերվում։ Նույնիսկ խաղալիք ջութակ էին նվիրել՝ այն հույսով, որ որոշ ժամանակ անց հետաքրքրությունը կմարի։ Նոր էր չափահաս դարձել, երբ ընտրվեց «Պրեմիո Պագանինի» միջազգային մրցույթի մասնակից, ելույթ ունեցավ Պագանինիի ծննդավայր Ջենովայում ու անցավ կիսաեզրափակիչ։ Հետո արդեն մրցույթներն ու գրանցած հաջողությունները հաջորդեցին մեկը մյուսին՝ Հայաստանից մինչև Ավստրիա, Շվեյցարիայից մինչև Միացյալ նահանգներ։ Խոստումնալից ջութակահարն ընդամենը 21 տարեկան է։ Ներկա պահին բարձրագույն կրթություն է ստանում Ավստրիայում։ Սովորում է Երաժշտության և արվեստի Վիեննայի համալսարանի (MUK) ջութակի բաժնում։ Ասում է՝ սովորել կարելի է ամեն ինչից՝ բնությունից, կտավներից ու գրքերից․միայն ջութակի տեխնիկային տիրապետելը բավարար չէ։ Erit.am-ի զրուցակիցն է երիտասարդ ջութակահար Արեգ Նավասարդյանը։

-Ծնողներդ ի՞նչ մասնագիտություն ունեն։ Ինչպե՞ս առաջացավ սերը երաժշտության հանդեպ։

-Ծնողներս լիովին այլ մասնագիտություններ ունեն։ Ես մեր ընտանիքի միակ երաժիշտն եմ։

Մանկուց լսել եմ աշխարհահռչակ մենակատարների, նվագախմբերի կատարումներ։ Եվ արտաքին տեսքով, և հնչողությամբ ջութակն ինձ համար միշտ եղել է ամենագեղեցիկը գործիքների մեջ։

Դաշնամուր ու կիթառ էլ եմ նվագում, բայց սիրողական։ Պրոֆեսիոնալ միայն ջութակով եմ զբաղվում։

-Երաժիշտ դառնալու որոշումդ ինչպե՞ս ընդունեցին ընտանիքում։

-Փոքր հասակում ծնողներս ինձ գրեթե ամեն ինչի խմբակ տանում էին՝ շախմատի, լողի, մարմնամարզության, թենիսի և այլն։ Երևի ուզում էին տեսնել՝ ես որը կսիրեմ։

Ջութակահար դառնալու որոշումս լուրջ չընդունեցին․ կարծում էին, թե մեկ-երկու ամիս կգնամ դասերի  ու կմոռանամ ջութակի ու դրանով պրոֆեսիոնալ զբաղվելու մասին։ Ավելի ուշ իհարկե հաճախ էին հարցնում՝ արդյոք վստահ եմ ջութակահար դառնալու որոշմանս մեջ, ասում, թե շատ բարդ է, հազվադեպ է լավ բանի հանգեցնում։ Բայց ես պնդեցի։