ՏՀՏ-ն կրթության մեջ. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին այս տարի կմիանան նախադպրոցական հաստատությունները

  27 August 2021  1360 view
ՏՀՏ-ն կրթության մեջ. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին այս տարի կմիանան նախադպրոցական հաստատությունները

Ուսումնական նոր տարվան ընդառաջ՝ օգոստոսի 25-26-ին, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Աղվերանում անցկացված «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով երկօրյա աշխատաժողովում ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների, մարզպետարանների կրթության վարչությունների ղեկավարներին ու պատասխանատուներին ներկայացրել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ու դրա բաղկացուցիչ ենթահամակարգերը:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ աշխատաժողովի նպատակն է հանգամանորեն քննարկել հեռավար կրթության բնագավառում իրականացված և շարունակվող ծրագրերը, լսել տեղերում կրթության պատասխանատուների ներկայացրած հարցադրումները, դեմ առ դեմ քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։ Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև անհրաժեշտ տվյալների ներմուծման ժամանակացույցն ու եղանակները, ինչպես նաև նորարարությունները և գործող ծրագրերն առավել արդյունավետ կիրառելու հնարավորությունները։

Աշխատաժողովի ընթացքում, նախ, արձանագրվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգոստոսի 17-ի 65-Ն հրամանի համաձայն (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1553092021-2022 ուսումնական տարվանից սկսած Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում սահմանված կարգով տվյալներ կլրացնեն նաև նախադպրոցական հաստատությունները՝ մանկապարտեզներն ու նախակրթարանները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից։ Վարչական ռեգիստրում կներառվեն տվյալներ հաստատությունների գտնվելու վայրի, կառուցվածքի, ենթակառուցվածքների և շինության վիճակի, մասնաշենքերի քանակի, վարձակալության տրված տարածքների, ունեցած ուսումնական պարագաների, սաների և խմբերի թվերի, հաստիքացուցակի, աշխատակազմի կրթական ցենզի ու փորձառության վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկություններ։

Նախատեսվում է, որ յուրաքանչյուր տարվա համար տվյալները կլրացվեն մինչև այդ տարվա սեպտեմբերի 30-ը, ամեն նոր փոփոխություն ամրագրելու համար տրվում է 5 աշխատանքային օր։