«Փոքր նպատակները սպասվածից ցածր արդյունքի են բերում»․Դավիթ Ազիզյան

  09 September 2021  190 view
«Փոքր նպատակները սպասվածից ցածր արդյունքի են բերում»․Դավիթ Ազիզյան

Դավիթը Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղից է։ Երեք ձախողված փորձից հետո տղային հաջողվել է ընդունվել աշխարհի լավագույն 50 համալսարաններից (Shanghai ranking) մեկը՝ Մինեսոտայի համալսարան, որտեղ ուսանելու է քաղաքագիտություն և իրավաբանություն։

Դասերը սեպտեմբերին են մեկնարկելու։ Ուսման վարձը, սակայն, վճարել չի կարողացել։ Պակասում է շուրջ 30 հազար դոլար։ Դավիթին աջակցելու համար ընթանում է առցանց դրամահավաք, որին միանալ կարող ես նաև դու՝ այս հղմամբ՝
https://www.gofundme.com/f/HelpDavit?utm_campaign=p_cp%20share-sheet&utm_medium=copy_link_all&utm_source=customer&fbclid=IwAR3kr2IvT7YUP5dr4Pr_cOsnpRVQ4k5DH2x8lDCDTmlbpJCdXo9Th1A2hnA

Erit.am-ի հետ զրույցում Դավիթ Ազիզյանը պատմել է կատարած կամավորական աշխատանքների, մասնագիտության ընտրության և համաշխարհային խաղաղության և կայունության զարգացման մեջ ներդրում ունենալու երազանքի մասին։

-Ինչպե՞ս հետաքրքրություն առաջացավ կամավորական և համայնքային ծրագրերի հանդեպ։

-2017 թ․-ին հարակից գյուղում բացվեց Վիքիակումբը։ Սկսեցի հաճախել այնտեղ՝ որպես կամավոր, ստեղծել ու խմբագրել հոդվածներ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում։ Իմ առաջին կամավորական աշխատանքն էր, որ մինչև օրս էլ կատարում եմ։ Հետո արդեն եղան նոր հնարավորություններ՝ նոր ծրագրեր, կամավորական այլ աշխատանքներ։ Մասնակցել եմ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվող «Համայնքը ես եմ» երիտասարդ առաջնորդների ճամբարին, որի շրջանակներում մշակել եմ համայնքային զարգացման ծրագիր ու իրագործել այն իմ համայնքում՝ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում։

Ծրագրի նպատակը բնակիչներին ՏԻՄ-երի գործունեության մասին իրազեկելն էր, ինչպես նաև համայնքային կյանքում նրանց ներգրավելը։

-Ի՞նչ կարևորություն է ունեցել կամավորական աշխատանքը քո կյանքում։

-Մինչև 2017 թ․-ը բացի դասերից ու հոբբիներից ուրիշ ոչնչով չէի զբաղվում․ համայնքում շատ չէին արտադպրոցական խմբակները, միջոցառումներ քիչ էին անցկացվում։

Երբ սկսեցի կամավորությամբ զբաղվել, շատ բան փոխվեց։ Տարբեր ծրագրերի մասնակցելը, տարբեր մարդկանց հետ շփվելն օգնեց ինքս ինձ բացահայտել տարբեր ոլորտներում, գտնել նոր հոբբիներ ու ձեռք բերել նոր ընկերներ։ Կամավորական աշխատանքների շնորհիվ նորովի բացահայտեցի իմ եսը։

-Համայնքում կամավորները շա՞տ են։

-Համայնքում կամավորները շատ քիչ են․կամավորությունը մի փոքր սխալ է ընկալվում երիտասարդության մեծամասնության կողմից։ Չգիտեն՝ ինչ է կամավորությունը, և կարիք կա, որ ներկայացվի կամավոր լինելու բուն էությունը։ Եվ հետո մտածում են, որ դա կարող է լինել ժամանակի վատնում, հատկապես երբ վարձատրություն չկա։

Մինչդեռ կամավորությունը հիանալի հնարավորություն է նոր հմտություններ ձեռք բերելու, ինքնակրթվելու, եղած հմտությունները զարգացնելու և իհարկե նոր կապեր հաստատելու։

-Վիքիակումբը, որտեղ հաճախում էիր, ոչ թե ձեր գյուղում էր, այլ հարակից համայնքում։ Երբեմն տրանսպորտ էլ չէր լինում, ու ստիպված էիր գնալ ոտքով։ Ի՞նչն էր «ստիպում»։

-Հենց Վիքիակումբի բացման օրը մի զվարճալի դեպք եղավ։ Ուշացել էինք տրանսպորտից։ Որոշեցինք ոտքով գնալ, և հանկարծ ճանապարհի կեսից սկսեց անձրևել։ Մենք էլ սկսեցինք վազել, ու մի որոշ հատված թրջվելով անցանք։ Միջոցառման ժամանակ բոլորից առանձնանում էինք նրանով, որ մի փոքր թրջված էինք։

Ի սկզբանե Վիքիակումբն ինձ շատ գրավեց։ Այնտեղ հայտնվում էի լրիվ այլ աշխարհում, կարելի է ասել՝ կտրվում էի գյուղի առօրյայից, զբաղվում հաճելի ու օգտակար գործով՝ նպաստում ազատ գիտելիքի տարածմանն ու հանրագիտարանի զարգացմանը։

Հոբբիներիցս մեկը թարգմանություն կատարելն է։ Դա ևս նպաստեց, որ սկսեմ ավելի շատ հաճախել Վիքիակումբ։ Այնտեղ զարգացնում էի լեզվական հմտություններս, տարբեր թեմաներ ուսումնասիրում, դրանց մասին հոդվածներ գրում, տեղեկանում իրերի ու երևույթների մասին, որոնց մասին դրանից առաջ մտածել չէի կարող։ Աշխատանքի նման բազմազանությունը շատ հետաքրքիր էր ու ինձ մղում էր անընդհատ գնալ Վիքիակումբ։

-17am կայքում և «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում կատարածդ աշխատանքները խոսում են լրագրողական, խմբագրական հմտություններիդ մասին։ Ինչպե՞ս ստացվեց, որ որպես մասնագիտություն ընտրեցիր ոչ թե օրինակ՝ լրագրությունը, այլ իրավաբանությունը։

Ի սկզբանե ի՞նչ էիր ուզում դառնալ։

-Ի սկզբանե երազել եմ դեսպան դառնալ ու ներկայացնել Հայաստանը այլ երկրներում։ Տարիներ հետո հասկացա, որ ՀՀ-ից դուրս երկար ժամանակ ապրել չեմ կարող։

Դեռ փոքր տարիքից իրավաբանությունն ինձ միշտ հետաքրքրել է։ 14-15 տարեկանից հոդվածներ էի խմբագրում Վիքիպեդիայում։ Թեև շատ դժվար էր, կային մասնագիտական տերմիններ, բայց փորձում էի խմբագրել միջազգային հարաբերությունների, իրավաբանության վերաբերյալ հոդվածներ։ Երբ ավելի խորը ուսումնասիրեցի, հետաքրքրությունս ավելի մեծացավ, որոշեցի, որ իրավաբանությունն է լինելու իմ ապագա մասնագիտությունը։

Իրավաբանությունը բնութագրում եմ այսպես՝ մասնագիտություն, որ այնքան հին է, որքան պատմությունը, բայց նաև ժամանակակից և պահանջված է այնքան, որքան նորագույն տեխնոլոգիաները։

-Ինչպե՞ս որոշեցիր բարձրագույն կրթություն ստանալ ոչ թե ՀՀ-ում, այլ արտերկրում։ Ինչո՞ւ ընտրեցիր հենց Մինեսոտայի համալսարանը։

-Դեռևս 9-րդ դասարանից հետաքրքրված էի արտասահմանյան քոլեջներով և բուհերով։ Որոշել էի, որ պետք է կրթություն ստանամ աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններից մեկում։ Երեք ձախողված փորձից հետո վերջապես ամենադժվարը՝ Մինեսոտայի համալսարան ընդունվելն ինձ մոտ ստացվեց։

Մինչ այդ Մեծ Բրիտանիայի քոլեջներից մեկում էի ուզում սովորել։ Դպրոցում անգլերեն չէինք անցնում։ Սկսեցի անհատական պարապմունքների գնալ։ Մեկ ամիս էր անցել, բայց որոշեցի ամեն դեպքում մասնակցել քննությանը։ Բնականաբար չկարողացա հանձնել։ Դրանից հետո երկու տարի անընդմեջ փորձեցի ընդգրկվել «Ֆլեքս» փոխանակման ծրագրում։ Մեկ անգամ երկրորդ փուլից, հաջորդ անգամ էլ եզրափակիչ փուլից դուրս մնացի։

Կարանտինի ընթացքում որոշեցի, որ անպայման պետք է դիմեմ բակալավրի համար։ Սկսեցի պատրաստվել քննություններին, անընդհատ պարապել։ Այս անգամ հաջողվեց։

Ինչո՞ւ հենց Մինեսոտան։ Դիմել էի մի քանի համալսարաններ, որոնք ընտրել էի Շանհայի վարկանիշային աղյուսակից (Shanghai ranking) ՝ լավագույն 50 համալսարանների ցանկից։ Եթե ուզում ես տարկետում ստանալ, դա նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պահանջ է։

Մինեսոտայի համալսարանից բացի ևս 5 ամերիկյան բուհ էի դիմել։ Ընդունվեցի, բայց ընտրեցի Մինեսոտան․ ամենաբարձր կրթաթոշակն այնտեղից էի ստացել։ Ի տարբերություն ընդունվածս մյուս համալսարանների, օրինակ՝ Արիզոնայի կամ Կոլումբիայի՝ Մինեսոտայի համալսարանում միջազգային համագործակցությունը շատ զարգացած է։

Չորս տարի սովորելու եմ Մինեսոտայի համալսարանի Հումանիտար գիտությունների քոլեջի քաղաքագիտության բաժնում։

-Որքա՞ն կրթաթոշակ ես ստացել համալսարանից, և ինչքա՞ն գումար է պակասում, որ կարողանաս մեկնել Միացյալ նահանգներ։

-Դասերը սեպտեմբերին են մեկնարկում։ Արդեն պետք է ամբողջ գումարն ունենայի, բայց, ցավոք, չունեմ։ Փորձում եմ հետաձգել ուսմանս մեկնարկն ու սկսել գարնանը։ Դիմումն արդեն ներկայացրել եմ։ Սպասում եմ պատասխանի։ Եթե ստացվի մինչև սեպտեմբեր գումարի որոշ մասը հավաքել, առցանց դասերին կմիանամ, այնուհետև կտեղափոխվեմ համալսարան։

Մեկ տարվա ուսման վարձը 55 հազար դոլար է։ Կրթաթոշակի (Մինեսոտայի համալսարանի կողմից արժանացել է կրթաթոշակի՝ The Global Excellence Scholarship, այն է ՝ 15․000 դոլար յուրաքանչյուր տարվա համար,-հեղ․), դրամահավաքի և հովանավորի շնորհիվ՝ որոշ մասն արդեն ունեմ, բայց դեռ պակասում է շուրջ 30 հազար դոլար։

-Դրամահավաքի տեքստում գրել ես՝ ուզում եմ ներդրում ունենալ համաշխարհային խաղաղության և կայունության զարգացման մեջ։ Ի՞նչ նպատակներ ունես իրավաբանության հետ կապված։

-Այո, վերջին իրադարձությունները ստիպեցին խաղաղության գինը հասկանալ, նորովի գնահատել։  

Կփորձեմ անել հնարավոր ամեն ինչ, որ կարողանամ իմ ներդրումն ունենալ համաշխարհային խաղաղության և կայունության զարգացման մեջ։

Նման մեծ նպատակները մոտիվացնում են, ստիպում ավելի շատ աշխատել, ավելի շատ ջանք գործադրել, որպեսզի կարողանաս դրանք իրագործել։

-Ուսումդ ավարտելուց հետո պլանավորում ես վերադառնալ հայրենիք։ Ո՞րն է լինելու քո ներդրումը Հայաստանի զարգացման գործում։

-Տարիների ընթացքում սկսում ես ավելի շատ ճանաչել հայրենիքդ, հասկանում ես, որ ապրում ես մի հրաշք երկրում ու սկսում ես ավելի շատ սիրել այն։ Հենց դա է պատճառը, որ չեմ կարող երկար ժամանակ դրսում ապրել։ Իհարկե նաև 44-օրյա պատերազմը շատ բան փոխեց՝ ստիպելով վերանայել յուրաքանչյուրիս դերը՝ որպես հայ, որպես Հայաստանի մի մաս։

Իրավաբանի որակավորում ստանալուց հետո պլանավորում եմ վերադառնալ հայրենիք։ Ուզում եմ աշխատել իմ մասնագիտությամբ և այդ կերպ հնարավորինս օգտակար լինել իմ երկրին։

Պլաններիցս մեկը միջազգային չափանիշներին համապատասխան իրավաբանական ընկերություն հիմնելն է, որը կպաշտպանի ՀՀ շահերը միջազգային հարթակներում, ինչը շատ կարևոր է, քանի որ մեր երկրի իրավունքները հաճախ են ոտնահարվում։

-Կա՞ մի բան, որ չհարցրի, բայց կուզեիր ասել։

-Պետք է մեծ նպատակներ դնես քո առաջ․ փոքր նպատակները բերում են սպասվածից ցածր արդյունքների, իսկ մեծ նպատակները, որոնք նաև այս կամ այն կերպ ծառայելու են հանրային բարիքի ստեղծմանը, շատ մոտիվացնող են։

Պետք է վստահ լինես քո ուժերի վրա, հավատաս ինքդ քեզ և քրտնաջան աշխատանքի շնորհիվ նպատակներդ դարձնես իրականություն։

Զրույցը՝ Աննա Կարապետյանի

Լուսանկարները՝ Դավիթ Ազիզյանի անձնական արխիվից

In topic