Իր գործունեությունն է սկսել Հայաստանի սնուկերի և փոքեթ բիլիարդի ֆեդերացիան

  11 September 2021  286 view
Իր գործունեությունն է սկսել Հայաստանի սնուկերի և փոքեթ բիլիարդի ֆեդերացիան

Հայաստանում արդեն հնարավոր է զբաղվել պրոֆեսիոնալ սնուկերով և փոքեթ բիլիարդով, մասնակցել ներքին և միջազգային առաջնությունների. շուրջ երկու տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո իր պաշտոնական գործեունեությունն է սկսել Հայաստանի սնուկերի և փոքեթ բիլիարդի ֆեդերացիան: Կառույցի նախագահն իրանահայ Սևան Իսայանն է, որի համար Հայաստանում բիլիարդի ֆեդերացիա ունենալը երազանքի իրականացում է:

«Մեր ընտանիքը բիլիարդի սիրահար է: Ինքս բիլիարդի խաղացող եմ, պապիկս՝ սնուկերի, իսկ մեծ պապիկս խաղացել է և սնուկերի, բիլիարդի սեղաններ պատրաստել: Ամեն անգամ Հայաստան գալիս նկատում էի, որ բիլիարդն այնքան էլ տարածված չէ: Այդպես միտք առաջացավ Հայաստանում հիմնել պրոֆեսիոնալ ֆեդերացիա և փորձել մեր երկրում զարգացնել սնուկերն ու փոքեթ բիլիարդը: Տևական աշխատանքներից հետո ֆեդերացիան սկսել է իր գործունեությունը: Գրանցվել ենք նաև Բիլիարդի և սնուկերի միջազգային ֆեդերացիայի (IBSF) կողմից»,- Erit.am-ի հետ զրույցում պատմել է Սևան Իսայանը:

Ֆեդերացիայի աշխատանքներին զուգահեռ՝ Երևանում բացվել է սնուկերի և փոքեթ բիլիարդի ակադեմիա (ASPBF), որտեղ առկա են բոլոր պայմաններն այս մարզաձևերով պրոֆեսիոնալ զբաղվելու համար: Այս տարի անցկացվել է նաև Հայաստանի սնուկերի առաջին պաշտոնական առաջնությունը, որին մասնակցել է 20 մարդ: Սևան Իսայանի խոսքով՝ աստիճանաբար նկատվում է հետաքրքրության աճ:

«Կարծում եմ՝ իրականում շատերը վաղուց հետաքրքրված են եղել բիլիարդով, բայց պրոֆեսիոնալ զբաղվելու պայմաններ չեն եղել: Պարզ օրինակ՝ չեն եղել պրոֆեսիոնալ սեղաններ. չես կարող այստեղ ոչ պրոֆեսիոնալ սեղանի վրա բիլիարդ խաղալ և մասնակցել միջազգային մրցաշարերի, որտեղ պայմաններն ու չափանիշները լրիվ այլ են: Արդեն 20-30 խաղացող ունենք, որոնք իրականում կարող են հաջողություններ գրանցել»,- ասել է ֆեդերացիայի նախագահը:

Խոսելով առաջնային նպատակների մասին՝ Սևան Իսայանը նշել է, որ կարևորում են նաև սնուկերի և փոքեթ բիլիարդի կանանց հավաքական ունենալը. «Հասկանալի է, որ շատ կանայք չեն գնում պարզապես բիլիարդ-ակումբ, որովհետև իրենց գուցե լավ չեն զգում, բայց այժմ կա ակադեմիա և կան պայմաններ բիլիարդով պրոֆեսիոնալ զբաղվելու համար: Ցանկացողները կարող են մեզ հետ կապ հաստատել ֆեդերացիայի պաշտոնական կայքի՝ www.aspbf.am-ի միջոցով»:

Հավելենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանն առաջին անգամ կմասնակցի նաև միջազգային մրցաշարի. Լիսաբոնում կայանալիք ստուգատեսին մեր երկիրը, ամենայն հավանականությամբ, կունենա երկու ներկայացուցիչ:

In topic