8 կանոն բարի լույսի համար

  13 September 2021  57 view
8 կանոն բարի լույսի համար

«Օրն առավոտից չստացվեց», «Ձախ ոտքի վրա եմ վեր կացել»... Բնավ կարևոր չէ, թե որ ոտքի վրա եք վեր կացել, կարևոր է՝ ինչպես եք անցկացրել նախորդ գիշերն ու քնել: Հենց այդ գործոններն են մեծապես որոշում, թե ինչպիսին կլինի ձեր նոր օրը: Ներկայացնում ենք մի քանի առանցքային կանոն, որոնց հետևելու դեպքում հիանալի օրը երաշխավորված է:

Մի՛ սնվեք քնելուց առաջ

Լի ստամոքսն օրգանիզմի համար հավելյալ ծանրաբեռնվածություն է, որի հետևանքով կարող է խանգարվել ձեր քունը: Քնի ժամանակ արտադրվում է մելատոնին հորմոնը, իսկ աղիստամոքսային տրակտի աշխատանքը խոչընդոտում է դրա արտադրությունը: Մելատոնինը «պատասխանատու է» օրվա ռիթմի և առողջ քնի համար, իսկ դրա անբավարարության դեպքում առավոտյան կլինեք քնկոտ և հոգնած: Սնվեք քնելուց ոչ շուտ, քան 2 ժամ առաջ և հիշեք՝ որքան թեթև է սնունդը, այնքան ամուր է քունը: 

Խուսափեք կոֆեին պարունակող խմիչքներից

Ավելի լավ է դրանք փոխարինել ուրցով, երիցուկով թեյով, իսկ շաքարավազի փոխարեն մեղր օգտագործել: Ի տարբերություն կոֆեինի՝ խոտաբույսերով և մեղրով տաք թեյը կհանգստացնի նյարդային համակարգը: Միևնույն ժամանակ, չչարարաշահեք դրանց օգտագործումը: 

Երեկոյան զբոսանք

Քնելուց առաջ հանգիստ վայրում քայլելը օգտակար է ձեր առողջության համար: Թթվածնի փոխանակումը ակտիվանում է մաքուր օդում, իսկ ձեր մարմինն առավել լավ է պատրաստվում քնի: Պարտադիր չէ, որ զբոսանքը լինի երկար և հոգնեցուցիչ: Թեկուզ 15-20 րոպե անշտապ քայլելը ձեզ խաղաղություն և հանգստություն կպարգևի: 

Նախապես ընտրեք հաջորդ օրվա հագուստը

Երեկոյան մի քանի րոպե հատկացրեք հանդերձանքի ընտրությանը, որպեսզի առավոտյան ստիպված չլինեք ժամանակ և նյարդեր ծախսել աքսեսուարներ փնտրելու և ընտրելու վրա: 

Աշխատեք քնել ժամը 23:00-ից առաջ 

Ժամը 23:00-05:00-ն առողջ քնի լավագույն ժամանակահատվածն է: Քնի հենց այս ժամերին է արտադրվում մելատոնին հորմոնը, որը դրական է ազդում արյան ճնշման, սրտի աշխատանքի վրա, դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Բժիշկների կարծիքով` դրա բավարար արտադրությունն օգնում է բարելավել հիշողությունը, ուժեղացնում է սեռական ակտիվությունը և ունի հակաուռուցքային ազդեցություն:

Քնեք ամուր, հարթ մակերեսի վրա 

Մարմնի ծանրության տակ փափուկ ներքնակները կախվում են, ինչի արդյունքում ներքին օրգանները սեղմվում են, արյան մատակարարումը՝ խախտվում: Նման մակերևույթի վրա քնելն անվտանգ չէ և կարող է հանգեցնել անգամ նյարդերի հետ կապված խնդիրների:

Բաց չթողնեք նախաճաշը

Հիշե՛ք ասացվածքը՝ «Նախաճաշիր միայնակ, ճաշը կիսիր ընկերոջդ հետ, իսկ ընթրիքը տուր թշնամունդ»: Նախաճաշը օրվա ամենակարևոր կերակուրն է: Այն պետք է վիտամիններով և հանքանյութերով հարուստ, սննադարար լինի, ինչը կօգնի ձեզ լինել զգոն և էներգիայով ամբողջ օրվա ընթացքում: Առավոտյան նախաճաշող մարդիկ առավել արդյունավետ են աշխատում և դյուրագրգիռ չեն:

Ժպիտ

Նախքան տանից դուրս գալը նայեք հայելու մեջ ձեր արտացոլանքին, լայն ժպտացեք և ինքներդ ձեզ մաղթեք բարի օր: Ժպիտը երջանկության ուղերձ է ուղարկում ուղեղին, մարմինը սկսում է արտադրել էնդորֆին, ինչն էլ հանգեցնում է տրամադրության բարձրացման:

 

In topic