«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «քոչարին»

  13 September 2021  117 view
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «քոչարին»

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր գործունեությունը սկսել է 2013 թվականին` ՀՀ հանրակրթության համակարգի փոփոխման հավակնոտ առաքելությամբ: Ուսուցչական առաջնորդության միջոցով կազմակերպությունն ապահովել է կրթական հնարավորությունների հասանելիությունը յուրաքանչյուր երեխայի համար:

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հիմնական գործունեության, նպատակների և ծրագրերի շուրջ Erit.am-ը զրուցել է կազմակերպության ծրագրային թիմի պատասխանատուների հետ։ 

Կազմակերպության նպատակներն ու առաքելությունը

Վերջիններիս խոսքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շարժումը, որն ուղղված է կրթության հնարավորությունների անհավասարության վերացմանը, նման է քոչարի պարին: Հայաստանի յուրաքանչյուր համայնք ունի «քոչարի»-ի սեփական տարբերակը, սակայն չնայած դրան՝ ոչինչ չի խանգարում, որ բոլոր «քոչարի»-ներն ունենան ընդհանրություններ: Յուրաքանչյուր «քոչարի» ընդգծում է համայնքի ստեղծման գաղափարի կարևորությունը՝ ներդաշնակ միասնականության միջոցով: 

«Ձեռք ձեռքի տված՝ մենք շարժվում ենք՝ խորհրդանշելով մեր մշակութային ժառանգության միասնականությունը։ Այդպիսին է նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «քոչարին», որը ներկայանալով որպես միավորող գաղափարների ամբողջություն՝ համապատասխանում է մեր հավաքական շարժմանը։ Հայաստանում և Արցախում ներդրվող մեր ջանքերը պետք է արտացոլեն յուրաքանչյուր համայնքի առանձնահատկությունը՝ հիմնվելով մեր ընդհանուր տեսլականի վրա։ Մենք ձգտում ենք ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կունենա հնարավորություն՝ բացահայտելու իր ողջ ներուժը կրթության միջոցով»,-մեզ հետ զրույցում նշում է ծրագրային թիմի պատասխանատուներից մեկը՝ հավելելով, որ կազմակերպության առաքելությունն է նվիրյալ առաջնորդների համազգային շարժման խթանումը՝ հանուն Հայաստանի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ուսուցիչ-առաջնորդի համայնք մտնելուն պես աշակերտներին տրվում է խոստում, որ մինչև նրանց 25 տարեկան դառնալը երկիրը ձևափոխված կլինի հենց իրենց շնորհիվ. նրանք կունենան հմտություններ, որպեսզի լուծեն տեղի խնդիրները՝ օգտագործելով գլոբալ հնարավորություններն ու լուծումները։ 

«Նրանց՝ համայնքի հանդեպ ունեցած սերն ու այն բարելավելու ցանկությունը կոգևորի և կբացահայտի տեղի ներուժը։ Հայաստանը, որտեղ նա ապրելու է որպես չափահաս, կտրականապես տարբերվելու է մեր այսօրվա ունեցած Հայաստանից՝ իրենց, իրենց ընկերների, ծնողների, ուսուցիչների և մենթորների առաջնորդության շնորհիվ»,-հավաստիացնում է մեր զրուցակիցը։

Կազմակերպության հիմնական ծրագրերը

Մեր այն հարցին, թե ի՞նչ հիմնական ծրագրեր է իրականացնում կազմակերպությունը, ծրագրային թիմի մեկ այլ պատասխանատու նշում է, որ «Դասավանդի՛ր, Հայաստանը»-ը ստեղծում է առաջնորդների շարժում, որը նպատակ ունի մեր երկրում փոխել բոլոր երեխաների համար գերազանց կրթության ապահովման մասին ընկալումը: Կազմակերպությունը  նպատակ ունի կրթել այնպիսի աշակերտ, ով իր ձայնը կբարձրացնի աշխարհը դեպի լավը փոխելու համար՝ մնալով հավատարիմ իր համայնքին: 

«Մենք գտնում ենք, որ դրան հասնելու համար պետք է առաջնորդությունը զարգացնել բոլոր մակարդակներում՝ դասարանից մինչև ամենավերին ղեկավար օղակներ։ Ներկայիս համաշխարհային մարտահրավերները և կրթության ոլորտում նորարարական հնարավորությունները մեծ ազդեցություն են թողել Հայաստանի կրթության համակարգի վրա։ Որպեսզի մեր արձագանքը լինի նաև մեր կոնտեքստին համապատասխան, մենք ներգրավեցինք տարբեր շահագրգիռ կողմեր և իրականացրեցինք ուսումնասիրություն ու վերլուծություն։ Հիմնվելով այդ վերլուծության վրա՝ մենք առաջնահերթ ենք համարում  խթանել  փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը։ Մենք դիտարկում ենք մեր համայնքներում առկա խնդիրները ոչ թե  որպես մարտահրավերներ, որոնք անհրաժեշտ է լուծել, այլ անսահման հնարավորություններ, որ մեր սովորողներն իրենց ներուժով կարող են բացահայտել։ Այդ ներուժը բացահայտելու համար կարևոր է, որ մենք մեր աշակերտներին տրամադրենք առաջնորդելու հնարավորություն։ Դրա համար անհրաժեշտ է այնպիսի կրթական մոդել, որը  կոգեշնչի  աշակերտներին՝ բացահայտելու համայնքի հնարավորությունները և լինել նորարար»,-փաստում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը որդեգրել է դասավանդման և ուսումնառության փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության մոտեցումը։ Նրա խոսքով՝ կազմակերպությունն ադապտացրել է հայտնի Challenge based learning մոդելը և համակցելով պետական կրթական ծրագրի մի շարք բաղադրիչներ՝ մշակել կրթական ծրագրի մի տարբերակ, որը կխթանի աշակերտների շրջանում նաև ակադեմիական առաջընթացը։

Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության անցնելու համար «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մշակել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, որն իրականացվում է ութշաբաթյա ամառային ակադեմիայի ընթացքում, ապա Առաջնորդության երկամյա ծրագրի շրջանակում՝ մանկավարժական և համայնքային զարգացման ինքնուրույն ուսումնառության մոդուլների,  մասնագիտական զարգացման հանդիպումների  և մասնագիտական աշխատարանների միջոցով։ Ծրագրի վերապատրաստումները և մոդուլները համադրվում են առցանց մենթորության, քոուչինգի և վերլուծության հետ։