Մարզիչը պետք է նաև հոգեբան լինի․ Սիփան Պետրոսյան

  04 November 2021  295 view
Մարզիչը պետք է նաև հոգեբան լինի․ Սիփան Պետրոսյան

Նպատակասլացություն և կամք. սա այն ամենն էր, ինչ Սիփան Պետրոսյանին օգնում էր հասնել իր երազանքին՝ բակի ֆուտբոլի դաշտից՝ դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Ծնվելով զինվորականի ընտանիքում, մանկուց պատերազմի պատմություններով մեծացած Սիփանը նաև մտածում էր զինվորական դառնալու մասին, սակայն արդյունքում հաղթեց ֆուտբոլի հանդեպ սերը։ Այդուհանդերձ, վնասվածքի պատճառով չկարողացավ խաղալ իր երազած ֆուտբոլային ակումբներում, բայց այդպես էլ ֆուտբոլից չհեռացավ։ Այսօր Սիփան Պետրոսյանը պրոֆեսիոնալ մարզիչ է, կրթում է ապագա չեմպիոնների։ Սիփան Պետրոսյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 25-ին պետական և ռազմական գործիչ, Արծիվ-Մահապարտների գումարտակի հիմնադիր, «Արծիվ-մահապարտներ» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի ընտանիքում։ Խաղացել է «Փյունիկ», «Մուշ Քասախ», «Բանանց» (այժմ «Ուրարտու), «Արարատ», «Քինգ Դելյուքս» ֆուտբոլային ակումբներում։ Վնասվածքից հետո ծավալել է մարզչական գործունեություն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ 2021 թ. հուլիսի 1-ից զբաղեցնում է Շանհայի Յուվենթուսի ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը։

-Ո՞ր տարիքից եք սկսել ֆուտբոլ խաղալ և ո՞ր ֆուտբոլիստին էիք ուզում նմանվել։

- Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 6 տարեկանից։ Սկզբում հաճախել եմ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ, այնուհետև՝ «Մալաթիա»։ Փոքր տարիքից մեկ նպատակ ունեի՝ դառնալ հանրաճանաչ ֆուտբոլիստ։ Մեր ժամանակ նույնիսկ մարզվում էինք կարմիր գրունտի վրա, սակայն նպատակին հասնելու համար մեզ ոչինչ հետ չէր պահում։ Հիմա շատ բան է փոխվել, Հայաստանում ֆուտբոլը զարգանում է, պայմաններ են ստեղծվել պատանի ֆուտբոլիստների համար ու մանկապատանեկան ֆուտբոլում կրթությունն այլ մակարդակի վրա է։ Ինչ վերաբերում է նրան, թե որ ֆուտբոլիստին էի ցանկանում նմանվել, ապա փոքր հասակում միշտ հետևել եմ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայիլ Բալակի խաղին և ցանկանում էի հենց նրան նմանվել։

- Խաղացել եք մի քանի ֆուտբոլային ակումբում։ Ո՞րն է ակումբային ֆուտբոլում Ձեր ունեցած ամենահիշարժան խաղը:

- Հետաքրքիր խաղեր շատ են եղել, բայց հատկապես տպավորվել է իմ առաջին գոլը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ «Արարատ 2»-ի կազմում մրցում էինք «Իմպուլս 2» ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ ես դարձա առաջին գոլի հեղինակը։

- Վնասվածքից հետո մարզչական աշխատանքի անցաք։ Որքանո՞վ հեշտ եղավ ֆուտբոլիստ-մարզիչ անցումը:

- Վնասվածքից հետո 4-5 տարի զբաղվել եմ այլ մասնագիտություններով, բայց չկարողացա հեռանալ ֆուտբոլից։ Հասկացա, որ առանց ֆուտբոլի հնարավոր չէ և այլ ասպարեզում ես ինձ լիարժեք չէի զգում։ Վնասվածք ստանալուց հետո տեղափոխվել էի Ֆրանսիա և վերադառնալով Հայաստան՝ ստացա մարզչական կրթություն և այդտեղից էլ սկսվեց իմ մարզչական գործունեությունը։

- Մի փոքր խոսեք Ձեր մարզչական կարիերայի մասին:

- Մարզչական կարիերան սկսել եմ «Բանանց» ֆուտբոլային ակումբում, ներկայումս՝ «Ուրարտու»։ Աշխատել եմ գրեթե բոլոր տարիքային խմբերի հետ որպես մարզիչ։ Մասնավորապես, եղել եմ Մ6, Մ9, Մ14, հավաքականների գլխավոր մարզիչ և Մ17 հավաքականի գլխավոր մարզչի օգնական։

- Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում երեխաների հետ աշխատելիս և ինչպե՞ս եք դրանք հաղթահարում:

- Ինչպես արդեն ասացի՝ մարզչական կարիերան սկսել եմ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում ու սկսել եմ աշխատել 5 տարեկան երեխաների հետ։ Այդ տարիքային խմբի հետ, բնականաբար, դժվարությունները շատ են։ Մենք երեխաներին սովորեցնում ենք ֆուտբոլում կատարել առաջին քայլերը ու ոչ միայն ֆուտբոլում։ Մարզիչը պետք է նաև հոգեբան լինի, կարողանա յուրաքանչյուր երեխայի անհատական մոտեցում ցուցաբերել։ Նպատակը երեխաների մոտ ֆուտբոլի նկատմամբ սեր առաջացնելն է։ Ինչպես ասացի մարզչական կրթությունը շատ եմ կարևորում։ Ընդհանրապես, մարզչական աշխատանքը բարդ է և ոչ բոլորը կարող են աշխատել՝ հատկապես փոքր տարիքի երեխաների հետ։

- Այսօր բնակվում եք Չինաստանում, գլխավորել եք Չինաստանի Պույանգ քաղաքի դպրոցի ֆուտբոլի աղջիկների Մ17 հավաքականը, զբաղեցրել եք այլ հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնը։ Դժվար չէ՞ այլ ազգերի հետ աշխատելը, արդյոք հաշվի առնո՞ւմ եք ազգային առանձնահատկությունները։

- Իհարկե, դժվարություններ կան։ Սկզբնական շրջանում դրանք կապված էին լեզվի ու ազգային առանձնահատկությունների հետ, բայց աստիճանաբար ընտելացա։ Յուրաքանչյուր ազգ ունի իր մշակույթը, որի հետ չես կարող հաշվի չնստել։ Բայց մի բան պետք է հստակ իմանաս, թե ինչ ես ուզում և, եթե ունես քո առջև դրված հստակ խնդիր, ապա որ երկրում էլ լինես, պետք է հասնես այդ խնդրի լուծմանը։ Սկզբնական շրջանում թարգմանիչով էի աշխատում, իսկ հիմա նույնիսկ թարգմանիչ հարկավոր չէ. միայն օգնական մարզիչները բավական են։

- Այս տարվա հուլիսից զբաղեցնում եք Շանհայի Յուվենթուսի ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը։  Ինչպես ստացաք այդ առաջարկը։

- Առաջարկը ստացել եմ Շանհայում Յուվենտուսի ակադեմիայի գլխավոր տնօրեն ու հիմնադիր Մաթեո Ռովեսկալայից։ Մոտ մեկ ամիս տևած բանակցություններից հետո պայմանագիր կնքեցինք։ Իմ կարիերայում նոր փուլ է սկսվել։ Ինչպես կյանքում, այնպես էլ ֆուտբոլում միշտ ստանում ենք «մարտահրավերներ», որոնք պետք է հաղթահարենք։

- Կարծում եմ՝ հետևում եք Հայաստանի հավաքականի խաղերին: Ի՞նչ տպավորություններ ունեք:

- Այո, իհարկե, բոլոր խաղերին էլ հետևում եմ։ Մենք ունենք լավ ֆուտբոլիստներ, մեր հավաքականի տղաներն անում են իրենց ուժերի մաքսիմալը։ Ուղղակի վերջին խաղերում, կարելի է ասել, հաջողություն չենք ունենում։ Հուսով եմ՝ մոտ ապագայում ավելի լավ արդյունք կունենանք։

- Ի՞նչ խնդիրներ պետք է լուծվեն, որպեսզի մեր ֆուտբոլը նոր մակարդակի հասնի:

– Իմ կարծիքով՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել մանկապատանեկան ֆուտբոլին, պետք է շեշտը դրվի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հիմնահարցերի վրա։ Առանց մանկապատանեկան ֆուտբոլի չենք կարող ունենալ նոր մակարդակներ։ Ինչպես կրթենք, այնպիսի արդյունք էլ կունենանք ապագա Ազգային հավաքականում։

- Որո՞նք են ձեր հետագա նպատակներն ու խնդիրները որպես մարզիչ:

- Առաջին հերթին զբաղվել ինքնակրթությամբ, որն ամեն օր եմ անում։ Հաջորդ ամսվանից Թուրինի «Յուվենտուս»-ի ակադեմիայի տնօրեն Կառլո Մաստելոնայի նախաձեռնությամբ նոր նախագիծ ենք սկսելու Չինաստանում, որը ղեկավարելու եմ ես։ Պետք է գտնենք տաղանդավոր ֆուտբոլիստների, որոնք կստանան փորձաշրջանի իրավունք Թուրինի «Յուվենտուս»-ում։ Առաջիկայում զբաղվելու եմ նաև այդ հարցերով։ Ունեմ նաև իմ սեփական նախաձեռնությունները, որոնց ուղղությամբ պետք է մեծ ջանքեր գործադրեմ։ Իհարկե, որտեղ էլ լինեմ, իմ սրտում հայկական ֆուտբոլն է։ Հուսով եմ՝ հետագայում կկարողանամ աջակցել մեր ֆուտբոլին։