Զբաղվածության դպրոց՝ ուղղված աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը

  17 November 2021  497 view
Զբաղվածության դպրոց՝ ուղղված աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած «Երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնում է զբաղվածության դպրոց: Հնգամսյա ծրագրի նպատակն է նպաստել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում և Երևանում բնակվող 18-25 տարեկան 30 գործազուրկ ու տնտեսապես անմրցունակ երիտասարդների զբաղվածության կարողությունների զարգացմանը և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։

Erit.am-ի հետ զրույցում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանն ասում է, որ զբաղվածության դպրոցի միջոցով կզարգանան ծրագրի մասնակիցների սոցիալական և առաջնորդական հմտությունները, կբարձրանա նրանց ինքնագնահատականը և նախաձեռնողականությունը։

«Վերջին երկու տարիների ընթացքում հայ հասարակությունն անցավ բազում մարտահրավերների միջով։ COVID-19 համավարակը և պատերազմը մեծ ազդեցություն ունեցան հայաստանյան աշխատաշուկայի վրա: Հումանիտար, տնտեսական և առողջապահական ճգնաժամերն իրենց բացասական ազդեցությունն ունեցան հասարակության տարբեր խոցելի խմբերի և, հատկապես, երիտասարդների զբաղվածության վրա։ Երիտասարդների զբաղվածության հարցերն առավել սուր են ՀՀ մարզերում. գյուղական և քաղաքային համայնքներում բնակվող շատ երիտասարդներ ստիպված են լքել իրենց բնակավայրը` զբաղվածության, կրթական, տնտեսական և ժամանցի հնարավորությունների բացակայության պատճառով»,-մեզ հետ զրույցում ասում է Գրիգորի Երիցյանը և հավելում, որ ըստ տարբեր ուսումնասիրությունների՝ Հայաստանում աշխատանքային զբաղվածություն չունեցող, չսովորող կամ ուսուցում չանցնող երիտասարդների տեսակարար կշիռը տարածաշրջանում ամենաբարձրերից մեկն է։



Ընդ որում՝ 15-24 տարեկան երիտասարդների շրջանում աշխատանքային զբաղվածություն չունեցողների տոկոսը (27%) ավելի քան կրկնակի գերազանցում է ԵՄ 28 երկրների 11% միջին ցուցանիշը։ 15-29 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկությունը կազմում է 33%, ընդ որում՝ վերջիններիս խմբում հատկապես բարձր է երիտասարդ կանանց գործազրկության ցուցանիշը՝ 42%։

Մեր զրուցակցի խոսքով՝ զբաղվածության ոլորտում գործող ծրագրերի ցածր արդյունավետության մասին կարող է վկայել երիտասարդների շրջանում մի քանի տարի շարունակ պահպանվող գործազրկության բարձր ցուցանիշը։ Ըստ Գրիգոր Երիցյանի՝ գործազրկության պատճառները բազմազան են, հետևաբար հիմնախնդրին հասցեականորեն արձագանքող ծրագրերը պետք է անդրադառնան այդ բոլոր պատճառներին։