Ճիշտ երգացանկ = արդյունավետ մարզում

  22 November 2021  88 view
Ճիշտ երգացանկ = արդյունավետ մարզում

Մեր ուղեղի՝ լսողության և շարժման համար պատասխանատու հատվածների միջև կապ կա։ Երբ երաժշտություն ենք լսում, ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են շարժման և կենտրոնացման համար, սկսում են ակտիվ աշխատել: Հավանաբար զգացել եք, որ երաժշտություն լսելիս գլուխն ինքնաբերաբար շարժում եք. սա այս երևույթի դրսևորումներից մեկն է: Հասկանանք, թե ինչպիսին պետք է լինի իդեալական երգացանկը, որպեսզի մարզումն էլ լինի հաճելի և արդյունավետ:

Սան Պաուլոյի համալսարանի բժիշկ Մարսելո Բիգլիասին, ուսումնասիրելով երաժշտության ազդեցությունը ֆիզիկական վարժությունների արդյունավետության վրա, հանգել է եզրակացության, որ ճիշտ ընտրված երագացանկը բարելավում է հավասարակշռությունը, նվազեցնում հոգնածությունը, անհանգստությունը և լարվածությունը, սրտի զարկերն արագանում են, ինչն օգնում է բարձրացնել վարժությունների ինտենսիվությունը։ Սիրելի ռիթմը խթանում է դոֆամինի և էնդորֆինի արտադրությանը: Այս քիմիական նյութերը պատասխանատու են մոտիվացիայի, դրական և բացասական հույզերի, սրտի զարկերի հաճախականության և այլնի համար:  

Ինչպե՞ս կազմել երգացանկը

Ստեղծեք ձեր սեփական երգացանկը կամ ընտրեք պատրաստի տարբերակ, բայց հաշվի առեք ձեր առանձնահատկություններն ու մարզման ոճը: Այսպիսով, մի քանի ընդհանրական խորհուրդ.

  • Ընտրեք այն երգերը, որոնք ձեզ իսկապես դուր են գալիս, նույնիսկ եթե դրանք նորաձև չեն:
  • Լսեք մոտիվացնող բառերով երգեր: Ընտրեք այնպիսի երգեր, որոնք զգացմունքներ են առաջացնում, բայց չեն շեղում մարզումից: Հիշեք, որ տվյալ պահի բուն նպատակը ավելի արդյունավետ մարզվելն է,, ոչ թե երաժշտությունից հաճույք ստանալը:
  • Կատարեք ժանրային փորձարկումներ: Օրինակ՝ ռոքը լավ է ուժային վարժությունների համար, հիփ-հոփը` արագության, իսկ ինդի երաժշտությունը` վազքային վարժությունների:
  • Հաշվի առեք ռիթմը: Ցանկանում եք արագ վազել, ընտրեք արագ տեմպով երգ, իսկ ձգումների համար առավել հարմար են հանգիստ երգերը: 
  • Ընտրեք երգեր, որոնք նույնացնում եք հաղթանակների հետ, բայց դրանք լսեք, երբ ձեզ հավելյալ մոտիվացիա է անհրաժեշտ: Հակառակ դեպքում դրանք կկորցնեն իրենց արժեքը։

Մարզումների ընթացքում երաժշտությունն օգնում է նաև շեղվել ավելորդ մտքերից: Հետևաբար, միացրեք սիրելի երգացանկը և գրավեք նոր մարզումային բարձունքներ:

 

In topic