Ինչպե՞ս հասնել խաղաղության․ զրույց Լուսինե Քոսակյանի հետ

  08 December 2021  520 view
Ինչպե՞ս հասնել խաղաղության․ զրույց Լուսինե Քոսակյանի հետ

Լուսինեն Տավուշի մարզի Բերդ քաղաքից է։ Հինգ տարի առաջ գաղափարակից ընկերների հետ հիմնել է «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ն ։ Խաղաղաշինություն, բնապահպանություն, մարդու իրավունքներ․կազմակերպության երեք հիմնական ուղղություններն են։

Երիտասարդական ցանցը տարբեր ծրագրեր է իրականացնում՝ օգտագործելով ոչ ֆորմալ կրթության և քաղաքացիական ակտիվիզմի մի շարք գործիքներ ու մեթոդներ։

Erit.am-ի հետ զրույցում Լուսինե Քոսակյանը պատմել է համայնքային կյանքի ակտիվացման, թուրք և ադրբեջանցի երիտասարդների հետ երկխոսելու, խաղաղության հասանելիության մասին և ոչ միայն։

 -Ինչպե՞ս ընտրեցիր «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մասնագիտացումը։ Որտե՞ղ կրթություն ստացար։

-Ավարտել էի ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության բաժինը։ Առաջին հայացքից այնքան էլ կապ չունի մարդու իրավունքների հետ, բայց սովորելու ընթացքում հասկացա՝ եզրեր կարող եմ գտնել։ Գրեցի ակադեմիական աշխատանք Իրանում կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

Աշխատում էի կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունում։ Մարդու իրավունքներն այն ոլորտն էր, որով իրոք հետաքրքրված էի, ուզում էի խորացնել գիտելիքներս։

Իրանագիտության  բաժինն ավարտելուց հետո մեկ տարի պրակտիկա անցա տարբեր կազմակերպություններում, շփվեցի տարբեր մասնագետների հետ ու վերջնականապես համոզվեցի, որ ուզում եմ զբաղվել մարդու իրավունքներով։

Դիմեցի ԵՊՀ «Եվրոպագիտության» ֆակուլտետ ու անցա «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» թեմայով կուրս։ Տևողությունը 1.5 տարի էր։ Առաջին կիսամյակս անցավ ԵՊՀ-ում, երկրորդը՝ Բելառուսի պետական համալսարանում։

-Ինքդ Բերդից ես։ Որպես երիտասարդ՝ ի՞նչ հնարավորությունների պակաս ես ունեցել, որոնք հիմա փորձում ես լրացնել։

-Բերդում ապրել եմ մինչև 18-ս լրանալը։ Ողջ զբաղմունքը եղել է դպրոցը, այլընտրանքը եղել են սպորտն ու մշակույթը։ Ինձ չգտնելով ոչ սպորտում, ոչ մշակույթում՝ այլ հարթակ չեմ ունեցել ինքնադրսևորվելու։ Դրանք եղել են հիմնականում առարկայական օլիմպիադաները, որոնք հետաքրքիր էին, բայց տարեկան մեկ անգամ էին անցկացվում։

Իհարկե տարբեր կազմակերպություններ որոշ դասընթացներ անում էին, բայց դրանք ևս ծրագրային էին, ոչ թե շարունակական։ Չկար հարթակ, որն ինձ կկապեր ինձ նման այլ աշակերտների կամ երիտասարդների հետ։

Երբ Բերդում էի ապրում, բավարարվում էի եղածով, չէի տեսնում, որ ինչ-որ բաներից հետ եմ մնում կամ պակաս հնարավորություններ ունեմ։ Իսկ երբ տեղափոխվեցի Երևան, տեսա՝ ինչքան տարբեր ծրագրեր կան ու ինչ այլընտրանքներ, եկավ այն միտքը, որ այն տարիքում, երբ կարող էի օգտվել շատ հնարավորություններից, դրանք չեմ ունեցել։

Այս անձնական ապրումն է նաև պատճառ հանդիսացել, որ ինչ-որ կերպ օժանդակեմ «ինձ նախկինում», փորձեմ օգնել, որ Բերդում ապրող նոր սերունդը տեղեկանա այլընտրանքային հնարավորությունների մասին, ինքս ստեղծեմ նման հնարավորություններ այնքան, որքան կարող եմ։ Սա իմ անձնական մոտիվացիան է ու նաև այն բացը, որ փորձում եմ լրացնել։