Աշխատաժողովի օրակարգում՝ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման հարցեր

  16 December 2021  210 view
Աշխատաժողովի օրակարգում՝ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման հարցեր

Կարիերայի զարգացմանն աջակցող համակարգի գնահատման վերաբերյալ աշխատաժողովն այսօր համախմբել էր բոլոր շահառու կողմերին՝ ներկայացնելու համակարգի ներկա վիճակը, քննարկելու հնարավոր զարգացումները և առաջարկելու համապատասխան լուծումներ:

Միջոցառմանը ներկա է գտնվել և մասնակիցներին ողջունել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համակարգերը մեր երկրում մարդկային կապիտալի և հանրային զարգացման ուղիղ գործիքներ են, և դրանց շարունակական բարելավումն ու վերափոխումը կարևորագույն խնդիրներ են: Այդ առումով՝ փոխնախարարը շեշտադրել է մի քանի առաջնահերթություն. նա կարևորել է, որ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման հարցը պետք է դիտարկել իբրև ինստիտուցիոնալ խնդիր:



Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքները վաղուց մեկնարկել են՝ որպես օրինակ բերելով ՄԿՈՒ համակարգում կարիերայի զարգացման պատասխանատուների առանձնացումը հաստիքացուցակում և դրա շարունակական զարգացումը: Երկրորդ շեշտադրումը, ըստ նախարարի տեղակալի, հանրակրթության ոլորտում ինստիտուցիոնալ գործընթացների իրականացումն է նոր չափորոշիչների ներդրման շրջանակում, համաձայն որի՝ մասնագիտական կողմնորոշման ակումբները՝ որպես դպրոցի գործունեության կարևոր բաղադրիչ, պետք է լինեն պարտադիր:

«Ներկայում այդ բաղադրիչը փորձարկվում է Տավուշի մարզի դպրոցներում՝ հետագայում դրա ներդրումն ապահովելու հանրապետության բոլոր դպրոցներում: Այս թիրախները հստակ ամրագրված են ՀՀ կառավարության ծրագրում և 5-ամյա միջոցառումների ծրագրում: Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման օրակարգը, սակայն, միակողմանի չէ. դրա արդյունավետությունը կախված է տարբեր գործընկերների ջանքերից և տնտեսություն-գործատու համագործակցության աստիճանից»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով կողմերի շարունակական երկխոսությունը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է երկու խնդրի ևս. դրանցից առաջինը ՄԿՈՒ ոլորտում մասնագիտությունների ճիշտ տեղաբաշխումն է, քանի որ փաստահեն և մեթոդաբանական առումով՝ կարիք կա առավել հիմնավորված աշխատանքի՝ հասկանալու յուրաքանչյուր մարզի զարգացման հեռանկարային ուղղությունները և, ըստ այդմ, առաջնահերթ մասնագիտությունները: Երկրորդ կարևոր ուղղությունը, ըստ ժաննա Անդրեասյանի, այն է, որ արագ փոփոխվող իրականությունում առաջիկա տարիներին մի շարք մասնագիտություններ, ըստ ամենայնի, ուղղակի կդադարեն արդիական լինել, և պետք է պատրաստ լինել՝ կրթելու անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինված քաղաքացու: