Հայ երիտասարդական աշխատողները վերապատրաստվել են Տաշքենդում և Եկատերինբուրգում

  16 December 2021  397 view
Հայ երիտասարդական աշխատողները վերապատրաստվել են Տաշքենդում և Եկատերինբուրգում

Նոյեմբերի 10-13-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կազմակերպվել էր երիտասարդական աշխատողների վերապատրաստման դասընթաց։ Մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի և Մոլդովայի 30 ներկայացուցիչներ։

«ԱՊՀ անդամ երկրների երիտասարդների հետ աշխատանքի կազմակերպում» ծրագիրն իրականացվում է ամեն տարի։ Նախաձեռնությունը Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանինն է։

Վերապատրաստման եռօրյա դասընթացը պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու ևս մեկ հնարավորություն է․ մասնակիցները ծանոթանում են ԱՊՀ երկրներում վարվող երիտասարդական քաղաքականությանը, այցելում երիտասարդական կենտրոններ, խմբային աշխատանքների միջոցով կիսում են իրենց կուտակած փորձը։ Բայց նախ՝ մասնակիցները ներկայացնում են ծրագրեր, որոնք կուզեին իրագործված տեսնել իրենց համայնքում կամ տարածաշրջանում։ Սա ծրագրի պարտադիր պայմաններից մեկն է։

Տաշքենդում կազմակերպված դասընթացին Հայաստանը ներկայացնում էին Լուսինե Քոսակյանն ու Գոռ Թադևոսյանը։  Երկու տարի է, ինչ Գոռ Թադևոսյանը ղեկավարում է Ջերմուկի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոնը։ Այս ընթացքում բազմաթիվ միջոցառումներ է նախաձեռնել։ Ոլորտներից սիրելին սպորտն է։ Համագործակցություններ է նախատեսում նաև այն գործընկերների հետ, որոնց հետ ծանոթացել է Տաշքենդում։