Ս. Փարաջանովի «Տրիպտիխն» ընդգրկվել է Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ազգային հավաքածուում

  20 December 2021  183 view
Ս. Փարաջանովի «Տրիպտիխն» ընդգրկվել է Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ազգային հավաքածուում

Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի հավաքածուում ներառելու նպատակով կայացել է Ս. Փարաջանովի «Տրիպտիխի»` «Կիևյան որմնանկարներ» (1966 թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.) վերականգնված ֆիլմերի նոր` 35 մմ ժապավենների հանձնման արարողությունը: Նշենք, որ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» (1967 թ.) առաջին հայկական ֆիլմն է, որն ընդգրկվել է թանգարանի հավաքածուում:

Նույն օրը Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանի (Musée National d’Art Moderne) սրահում տեղի է ունեցել ֆիլմերի ցուցադրությունը: Բացման խոսքով հանդես է եկել Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանի տնօրեն Քսավիե Ռեյը: Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Ս. Փարաջանովի երեք ֆիլմերի վերականգնման ամբողջ ընթացքը շնորհանդեսի միջոցով պատկերավոր ներկայացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր, «Հայ կինոյի դասականներ» ծրագրի կուրատոր և ֆիլմերի վերականգնման փորձագետ Դանիել Բըրդը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և ՀԲԸՄ ֆրանսիայի մասնաճյուղի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ ֆիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկնազարով նախագիծ» կազմակերպության կողմից: Վերականգնումը հովանավորել են «Ֆիքսաֆիլմ» և «Կինոկլասիկա» կազմակերպությունները: Վերականգնված ֆիլմերի նոր` 35 մմ ժապավենային պատճենների տպագրությունը հովանավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)` Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Պոմպիդու կենտրոնի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի (MoMA), «Դովժենկո» կենտրոնի և Վրաստանի կինոստուդիայի մշտական արխիվային հավաքածուների համար:

In topic