Խաղ–վարժանքների մեթոդիկան՝ ուսման մեջ․ Ալլա Ավետիսյանի գիրքը պատմում է՝ ինչպես սովորել «խաղալով»

  27 December 2021  373 view
Խաղ–վարժանքների մեթոդիկան՝ ուսման մեջ․ Ալլա Ավետիսյանի գիրքը պատմում է՝ ինչպես սովորել «խաղալով»

Ալլա Ավետիսյանը մոտ 10 տարի աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) Վանաձորի մասնաճյուղում՝ որպես դերասանի վարպետության ու բեմական խոսքի դասախոս, խաղացել է «Բոհեմ» կամերային թատրոնում, ղեկավարել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) «Իմ թատրոն» Լոռի թատերախումբը։

Թատերական ոլորտում իր կրթության ու աշխատանքի ընթացքում Ալլան ուսումնասիրել է խաղ–վարժանքների նշանակությունը ուսուցման մեջ, ինչն էլ արդյունքում վերածել է գրքի։ 

«Ուսուցման խաղային մեթոդ․խաղ–վարժանքների կարևորությունն ուսումնառության մեջ» գիրքն արդեն տպագրվել է։

Թատերական ոլորտից բացի, Ալլա Ավետիսյանն աշխատում է նաև կավով։ Նա Սանահինում հիմնել է «Կավի տուն» հյուրատունը, երեխաների հետ զբաղվում է կավաթերապիայով, որում ևս, կիրառում է խաղ–վարժանքների մեթոդիկան։

Ալլա Ավետիսյանը Erit.am-ին պատմել է գրքի ու առհասարակ խաղի մասին՝ որպես ուսուցման մեթոդ։


Թատերական վարժանքների առումով բաց կար, ցանկանում էի լրացնել այն

Գիրքը մանկավարժական մեթոդական ձեռնարկ է։ Ի սկզբանե այն նախատեսված է եղել թատերական բուհերի, ստուդիաների առաջին կուրսի ուսանողների համար։ Սակայն հիմա կարող եմ ասել, որ լիովին կարող է կիրառվել նաև այլ ուղղվածության կրթության, հոգեբանության մեջ։

Կոնստանտին Ստանիսլավսկին թատրոնի, թատերական արվեստի տեսության հիմնաքարերից մեկն է։ Նա գրել է իր հայտնի համակարգը, որում պետք է լիներ նաև հատված՝ նվիրված թատերական վարժանքներին։ Ստանիսլավսկին, սակայն, չի հասցրել գրել այն ու վարժանքների, խաղերի առումով բաց է մնացել։ Չեմ ուզում ամպագոռգոռ հնչի, բայց գրելով այս մեթոդական ձեռնարկը, ինչ–որ տեղ ցանկանում էի լրացնել բացը։

Այս աշխատանքն իմ մագիստրոսական թեզն էր, որը հիմա՝ տարիներ անց, որոշել եմ տպագրել գրքի տեսքով։ Գրքում տեսական մասից բացի, ներառված են գործնական վարժանքեր, որոնց արդյունավետությունը փորձարկել եմ 2013թ․–ին՝ Հայաստանի թատերական գործիչների միության Վանաձորի ստուդիայում։

Ինձ համար շատ կարևոր էր տեսնել՝ ինչքանով են այս խաղ–վարժանքներն ազդում ուսանողի ստեղծագործական զարգացման վրա ու որքանով են արդյունավետ։