«Միացրեք համակարգիչն ու ստուգեք ինտերնետը․դասը սկսվում է»․ Կրթության նոր ֆորմատ՝ «e-school Armenia»-ի հետ (Տեսանյութ)

  11 February 2021  410 view
«Միացրեք համակարգիչն ու ստուգեք ինտերնետը․դասը սկսվում է»․ Կրթության նոր ֆորմատ՝ «e-school Armenia»-ի հետ (Տեսանյութ)

Կորոնավիրուսի համավարակը փոխեց աշխարհը։ Հասցված տնտեսական վնասները դեռ հաշվում են, փոխված բիզնես միջավայրն՝ ուսումնասիրում, իսկ մարդիկ հարմարվում են առօրյա գործողությունները նոր ձևով անելուն։



Փոփոխությունների ակնհայտ բացասական հետևանքներից բացի՝ համավարակի ու հատկապես խիստ կարանտինի շրջանն աշխարհում ու Հայաստանում նաև նորը սովորելու առիթ դարձավ։

Հասարակության զգալի հատված գիտակցեց, որ տեխնոլոգիաներն այսօր թույլ են տալիս շատ առօրյա գործողություններ ավելի հեշտ անել։

Տնից կարող ես բանկային վճարումներ կատարել, այցելել աշխարհահռչակ թանգարաններ, օնլայն ռեժիմով տեսնել աշխարհի շատ քաղաքներ կամ բազմոցիդ նստած՝ կրթություն ստանալ, ասենք, Հարվարդում։

Ու եթե աշխարհում հեռավար ուսուցման տարբերակները համավարակից առաջ էլ ակտիվ կիրառվում էին, Հայաստանում նոր մոդել էր պետք մտածել ու ստեղծել։

2020 թ․մարտ–ապրիլ ամիսներին, երբ Հայաստանը ստիպված դիմեց խիստ կարանտինի, ՀՀ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) սկսեցին մշակել մի ծրագիր, որի նպատակն էր ապահովել աշակերտների կրթության անընդհատությունը։ Այն կոչվեց «е-school Armenia»:

Ի սկզբանե ծրագրով նկարահանվում էին տեսադասեր՝ ըստ հանրակրթական ծրագրերի, և տրամադրվում էին հեռուստատեսությանը։

2020–21 թթ․ ուսումնական տարվա մեկնարկին նպատակները փոքր–ինչ փոխվեցին։ Սեպտեմբերից դպրոցները վերաբացվեցին, սակայն կային մի շարք սահմանափակումներ։

Աշակերտը չէր կարող հաճախել դպրոց, եթե ջերմություն ուներ, եթե ընտանիքում կար քովիդ–վարակակիր կամ հենց ինքն էր բուժում ստանում։ Այս աշակերտների կրթությունն ապահովել էր պետք։ Եվ առհասարակ՝ ՀՀ կրթական համակարգը հեռավար ձևաչափին հարմարեցնել էր պետք։

«Սա մեր իրականության համար բավականին խորթ էր, սակայն վերջերս ընդունված Հեռավար ուսուցման կարգը ևս հաստատեց՝ հեռավար կրթությունն այլևս չէր կարող չլինել մեր հանրակրթության մաս», – Erit.am-ի հետ զրույցում ասում է ԿՏԱԿ «е-school Armenia» ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանն ու մանրամասնում․

«Ծրագրի գործառույթը հետևյալն է՝ երբ աշակերտները ռիսկի խմբում են և չեն կարողանում հաճախել համայնքային դպրոց, միանում են մեր ծրագրին ու կրթություն ստանում վեբինարների, տեսադասերի, նյութերի և առաջադրանքների միջոցով։ Մեր ծրագրի շրջանակներում 29 ուսուցիչներ տարբեր առարկաներից՝ առաջինից մինչև տասներկուերորդ դասարան, իրականացնում են հիբրիդային ուսուցում, որն իր մեջ ներառում է և՛ համաժամանակյա վեբինարներ, և՛ տարաժամանակյա նյութերի տեղադրում։ Աշակերտները կարող են գալ և միանալ այն պահից, երբ իրենց կրթությունը համայնքային դպրոցում ընդհատվել է»։

Ծրագրին միանալու կարգը հետևյալն է՝ աշակերտը դիմում է իր դպրոցի օպերատորին, ստանում նրանից «Microsoft Teams» համակարգի հաշիվն ու գաղտնաբառը և օգտվում այնտեղ եղած ամբողջ կրթական բազայից։

Սա նոր մարտահրավեր էր նաև ուսուցիչների համար, որոնք կենդանի լսարանի հետ աշխատելուց հետո սկսեցին սովորել աշխատել տեսախցիկի հետ ու մաքսիմալ հետաքրքիր դարձնել իրենց տեսադասերը։

Մինչ այսօր «е-school Armenia» ծրագրով նկարահանվել է մոտ 800 տեսադաս, դրանցից շատերն ուղեկցվում են նաև ժեստերի լեզվով։

Ծրագրի իրականացմանն աջակցել է Unicef–ի հայաստանյան գրասենյակը։

Մանրամասները՝ Erit.am-ի տեսանյութում։

Նյութը՝ Յանա Շախրամանյանի

In topic