Շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվության հասանելիությունը

  22 February 2021  31 view
Շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվության հասանելիությունը

Վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի  զարգացումը  կարևորագույն խթան է հանդիսացել տարբեր ոլորտների, այդ թվում նաև շրջակա միջավայրի  կառավարման զարգացման համար։

 Մեր երկրում, ցավոք, առկա են բազմաթիվ բնապահպանական խնդիրներ․ և չնայած ներկայիս դրական օրենսդրական փոփոխություններին,  կառավարման ոլորտի բարելավմանը, զուգահեռ նաև ինովացիոն տեղեկատվական համակարգերի զարգացմանը,  հանրության համար դեռևս լիարժեք չի ապահովվում շրջակա միջավայրին առնչվող տեղեկությունների հասանելիությունը։ Այս թեմայով հետազոտությունն իրականացրել է Երևանի Օրհուս կենտրոնը։

Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ-CEPA) ստորագրվել է  2017 թվականին Բրյուսելում, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև։ Այնուհետև մշակվել  և ՀՀ Կառավարության կողմից՝ 1 հունիսի 2019, 666 – Լ որոշմամբ  հաստատվել է համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը (Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզ)։ Համաձայնագրի նպատակն է  ամրապնդել Կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին։

Մեր նախնական ուսումնասիրությունների համաձայն` հանրությունը տեղեկացված չէ համաձայնագրի, հետևաբար նաև համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացների մասին։ ՀԸԳՀ-ում հատուկ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պաշտպանությանը, ըստ այդմ` նաև անդրսահմանային համագործակցությանը և բազմակողմ միջազգային պայմանագրերի իրագործմանը։ Հետևաբար, համաձայնագրի  իրականացման գործողությունները ուղղված են ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային համաձայնագրերը, ինչպես նաև   ԵՄ հրահանգները  ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու գործընթացին, սակայն ինչպես արդեն նշվեց,  քաղհասարակությունը տեղեկացված չէ, հետևաբար՝ ներգրավված չէ այս գործընթացներին։ Այդ է պատճառը, որ առաջարկված օրենսդրական նախագծերը հաճախ արժանանում են քննադատության և կասեցման։ Սույն աշխատանքը նպատակ է հետապնդում իրականացնել  ՀՀ-ի կողմից ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորությունների կատարման ուսումնասիրություն՝ շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հանրային  հասանելիության վերաբերյալ։

Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ:

In topic