Մարտական տրամադրությամբ. հայ ըմբիշները պատրաստվում են Կիևի միջազգային մրցաշարին

  23 February 2021  44 view
Մարտական տրամադրությամբ. հայ ըմբիշները պատրաստվում են Կիևի միջազգային մրցաշարին

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները փետրվարի 25-28-ը Կիևում մասնակցելու են միջազգային մրցաշարի: Հավաքականների գլխավոր մարզիչներ Էդուարդ Սահակյանը և Հաբեթնակ Կուրղինյանն արդեն որոշել են, թե ովքեր են ներկայացնելու մեր երկիրն առաջիկա ստուգատեսում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Կիև կմեկնի հետևյալ կազմով՝  Կարեն Զուրաբյան (57 կգ), Ռազմիկ Պապիկյան (61 կգ), Գևորգ Թադևոսյան (65 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Վարուժան Կաջոյան  (74 կգ), Արման Անդրեասյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Մարզպետ Գալստյան (92 կգ), Հովհաննես Մաղաքյան (125 կգ), իսկ հունահռոմեական ոճի հավաքականից մրցաշարին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ), Արտավազդ Վարդանյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Erit.am-ի հետ զրույցում ասաց, որ տարեսկզբին Ծաղկաձորում և Օլիմպավանում անցկացրած ուսումնամարզական հավաքները ծառայել են իրենց նպատակին.

«Ըմբիշների ներկայիս մարզավիճակը գոհացուցիչ է, կարևորը՝ վնասվածք ունեցող մարզիկներ չկան: Բոլորը մարտական են տրամադրված, մնացածը «գորգը ցույց կտա»: Տղաներն աստիճանաբար վերադառնում են այն մարզավիճակին, որն ունեին կորոնավիրուսի համավարակից առաջ»:

Խոսելով մրցաշարի կարևորության մասին՝ Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ այն իր ազդեցությունն է ունենալու Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերի մասնակիցներին ընտրելու տեսանկյունից.

«Որոշ ըմբիշներ երկար ժամանակ միջազգային մրցումների չեն մասնակցել, և այս մրցաշարի միջոցով կփորձեն լրացնել բացը: Կիևում գրանցած արդյունքները հաշվի ենք առնելու առաջիկայում սպասվող վարկանիշային մրցաշարերի կազմերն ընտրելիս»,- եզրափակեց մարզիչը:

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը ևս գոհ է Կիև մեկնող ըմբիշների ներկայիս մարզավիճակից.

«Այս օրերին «Օլիմպավանում» համատեղ հավաք ենք անցկացնում Բուլղարիայի ընտրանու հետ: Այս մարզումները շատ օգտակար են և իրենց դրական ազդեցությունն են թողնում մեր ըմբիշների վրա: Մեկ բան է՝ երբ մարզումային մրցակիցդ հավաքականի թիմակիցդ է, մեկ այլ բան՝ երբ այլ ընտրանուց է: Հույս ունեմ՝ տղաները ցույց կտան իրենց հնարավորությունները, և մենք կհասկանանք հատկապես որ ուղղությամբ շարունակել աշխատանքը, քանի որ առջևում Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերն են, որոնց մասնակիցներին ընտրելիս հաշվի ենք առնելու նաև Կիևում գրանցած արդյունքները»,- Erit.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Սահակյանը:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ հայ ըմբիշներից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը (երկուսն էլ՝ հունահռոմեական ըմբշամարտ):

In topic