Առողջ և երջանիկ կյանքի 6 նախապայման

  23 February 2021  47 view
Առողջ և երջանիկ կյանքի 6 նախապայման

Բոլորս ցանկանում ենք ապրել առողջ և երջանիկ, իսկ թե ինչ է պետք դրա համար, պատմում է բժիշկ Ֆրենկ Լիպմանը, ով ունի ավելի քան 35 տարվա մասնագիտական փորձ։ Իր «Ինչպե՞ս լինել առողջ։ Երջանիկ և առողջ կյանքի 6 բանալի» («How to Be Well: The 6 Keys to a Happy and Healthy Life») գրքում Լիպմանը գրում է «ինտերգրացիոն բժշկության» մասին. այն ենթադրում է բուժման համալիր մոտեցում, որն առաջնահերթ վերացնում է ոչ թե ախտանիշները, այլ դրանց առաջացման պատճառները։ Ահա այն առանցքային տարրերը, որոնք Ֆրենկ Լիպմանի հավաստմամբ անհրաժեշտ են ֆիզիկական և հոգեկան առողջության համար.

  1. Սնունդ
  2. Քուն
  3. Շարժում
  4. Պաշտպանություն
  5. Հանգիստ
  6. Կապ աշխարհի հետ

Հեղինակը վստահեցնում է՝ կարգի բերելով այս տարրերից յուրաքանչյուրը, դուք նպաստում եք ամբողջ օրգանիզմի առողջությանն ու ճիշտ աշխատանքին:

Սնունդ

Լիպմանը խորհուրդ է տալիս մի կողմ թողնել կալորիաներ հաշվելու ֆանատիկ բնավորությունը  և պարզապես սնվել հավասարակշռված՝

  1. Ափսեի ⅔ պետք է կազմի բանջարեղենը
  2. Սպիտակուցի չափաբաժինը պետք է հավասար լինի ձեր ափի չափին
  3. Անհրաժեշտ է օգտագործել միայն լավ յուղեր

Թվարկված կետերը պահպանելու դեպքում սնունդը կլինի հագեցնող և հավասարակշռված։ Հեղինակը նաև խորհուրդ է տալիս խուսափել շաքարից: Շուկայում ներկայացված սննդամթերքի 58%-ը շաքար է պարունակում։ Շատ է, այնպես չէ՞։ Պարզապես փորձենք որոշ ժամանակ հետևել, թե որքան շաքար եք օգտագործում ամենօրյա սննդի մեջ։ Ֆրենկը վստահեցնում է, որ դուք կապշեք։ 

Քուն

Մի քանի պատճառ, թե ինչու պետք է կարգավորեք ձեր քնի ռեժիմը՝

  • Քնի պակասը ծերացնում է և մեծացնում հիվանդանալու հավանականությունը:
  • Մեր օրերում մարդիկ 2 ժամ ավելի քիչ են քնում, քան 40 տարի առաջ: Դրա պատճառով շատերն ավելի ալերգիկ են և թույլ դիմադրողականություն ունեն:
  • Քունը ֆիզիկական վարժություններից կարևոր է, և եթե ձեր առաջ ընտրություն կա՝ մարզասրա՞հ, թե՞ քուն, ապա գնահատեք օրգանիզմի պահանջն ու ճիշտ ընտրություն կատարեք:
  • Քնի պակասի պատճառով դուք ավելի էմոցիոնալ եք դառնում:

Լավ քնելու համար ուշադրություն դարձրեք քնի տևողությանը (այնքան, որպեսզի ձեզ նորմալ զգաք), որակին (դուք պետք է խորը քնեք, ոչ թե պարզապես նիհրեք) և ժամանակահատվածին (հաշվի առնելով օրգանիզմի կենսաբանական ռիթմը):

Շարժում

Ֆիզիկական ակտիվության համար պարտադիր չէ մարզաշխարհի աստղ լինել կամ ամեն օր մարզադահլիճ այցելել: Պարզապես ամեն առավոտ ձեզ հարցրեք՝ ինչպե՞ս կարող եմ ավելի շատ շարժվել: Ժամանակ առ ժամանակ կտրվեք աշխատանքային աթոռից՝ թեկուզ սենյակում մի քանի շրջապտույտ անելով, մեկ-երկու կանգառ անցնելու համար մի օգտվեք տրանսպորտից. տարբերակներ հաստատ կգտնվեն:

Պաշտպանություն

Միակ մարդը, ով պետք է մտածի և հոգ տանի ձեր օրգանիզմի, ինքնազգացողության, առողջության պաշտպանության մասին, դո՛ւք եք: Շատերի մոտ ընդունված է հիվանդության առաջացման պատճառը հասկանալու փոխարեն ցավն անմիջապես մեղմել հաբերի միջոցով: Հենվելով իր 35-ամյա փորձի վրա՝ Լիպմանը գրում է, որ քրոնիկ հիվանդություններով երիտասարդների շրջանակն աստիճանաբար ընդլայնվում է: Դրա կանխարգելման համար՝

  • Եթե բժիշկը որևէ դեղահաբ է նշանակում, հետաքրքրվեք՝ արդյո՞ք մեծ է այն օգտագործելու անհրաժեշտությունը, հնարավո՞ր է այն փոխարինել այլընտրանքային թերապիայով: Միևնույն ժամանակ, երբեք ինքնուրույն մի դադարեցրեք հաբերի օգտագործումը:
  • Անպայման հետաքրքրվեք՝ արդյո՞ք հաբերն ունեն գրգռիչ ազդեցություն այլ օրգանների համար: Միգուցե դրանք ազդում են մաշկի վրա կամ ձեզ ավելի դյուրագրգիռ են դարձնում:
  • Ուսումնասիրեք այլընտրանքային բժշկության տարբերակներ՝ բնականաբար, օգտվելով միայն հուսալի և որակյալ ռեսուրսներից:

Հանգիստ

 

Մեզանից շատերի կյանքն անցնում է 24/7 ռեժիմով: Հաճախ մենք մոռանում ենք «անջատվել», բայց դրա կարիքն իսկապես կա: Լիցքաթափվելու, էմոցիոնալ վիճակը կառավարելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը շնչառական վարժություններն են, իսկ դրա համար պետք չէ պրոֆեսիոնալ յոգ լինել:

 «4-7-8». շնչառական վարժություն

Շուրթերն առաջ բերեք այնպես, ասես ցանկանում եք մոմ փչել: Բերանով խորը շունչ քաշեք՝ «ֆու-ուո-ու-ու»: Այնուհետև փակեք բերանը, 4 անգամ շնչեք քթով, հետո 7 վայրկյան փորձեք շունչ պահել և բերանով արտաշնչեք 8 վայրկյան: Նույնը կարող եք կրկնել 10 անգամ: 

Կապն աշխարհի հետ

Ժամանակակից կյանքում մեր շփումն ավելի շատ վիրտուալ է, քան իրական: Ֆրենկ Լիպմանն աշխարհի հետ կապը չկորցնելու համար հետևյալ շատ պարզ խորհուրդներն է տալիս՝

  • Պահեք ընտանի կենդանի
  • Օրվա մեջ որոշ ժամանակ անցկացրեք բնության գրկում կամ պարզապես փողոցում
  • Բարի գործեր կատարեք
  • Պարզապես շփվեք մարդկանց հետ
  • Մի դադարեք ինքնակրթվել
  • Ինքներդ ձեզ նամակ գրեք՝ թուղթ ու գրիչով
  • Շնորհակալ եղեք
  • Ունեցեք իրական շփման շրջապատ
  • Տոնեք անգամ փոքր հաղթանակները
  • Փնտրեք ձեր կյանքի իմաստը, բայց մի վազեք երջանկության հետևից
  • Հաճախ երգեք
Եվ հիշեք՝ ավելի շատ տպավորություններ, քան իրեր:

In topic