Էգանաթ․ Սրանք յուղաներկով արված գեղանկարներ չեն

  23 February 2021  565 view
Էգանաթ․ Սրանք յուղաներկով արված գեղանկարներ չեն

Տարբեր թեմաներով «քարե նկարներ» ստեղծող աղջիկները՝ Արփին և Նունեն, մի օր որոշեցին մեկտեղել իրենց գիտելիքը, փորձն ու հմտությունները և սկիզբ դնել մի նոր աշխարհի: Այն անվանեցին Էգանաթ: Նրանց՝ բազմաթիվ մանր քարերից ստեղծված խճանկարներն ամբողջությամբ ձեռքի աշխատանք են:

Erit.am-ը զրուցել է Արփի Բաբայանի հետ:

Ծանոթությունը

Ես ու Նունեն ընդհանուր ընկերոջ միջոցով ծանոթացանք մի քանի տարի առաջ ու դարձանք լավ ընկերներ: Բավականաչափ նման էինք, որ կարողանայինք շփվել և բավական տարբեր, որ կարողանայինք իրար լրացնել:

Նունեն նկարիչ է, ես՝ հոգեբան-սոցմանկավարժ: Իհարկե, մեծ սիրով կխորանայի նաև իմ մասնագիտության մեջ, բայց որտեղ դիմեցի, ինչպես փորձեցի, հոգեբանության, սոցմանկավարժության ասպարեզում չկարողացա ինձ գտնել: Ու կարծես կյանքն իր հունով տարավ այնտեղ, որտեղ դեռ մանկուց էի ուզում լինել՝ խճանկարչության բարդ ու հետաքրքիր աշխարհ:

Էգանաթի ծնունդը

Մի կազմակերպությունում ես ու Նունեն կերամիկայով էինք աշխատում: Գլազուրապատելով նախշեր էինք ստանում կերամիկայի վրա: Որոշ ժամանակ անց սկսեցինք մտածել, որ եթե այդ ամենն անենք բնական քարով, կարող է ավելի հետաքրքիր լինել: Բնությունը տալիս է քարն իր բնական գույնով, և այն ավելի գեղեցիկ է, քան ներկով ստացածը: Բնականի մեջ ավելի շատ կյանք կա:

Այդպես կերամիկայից անցանք քարի, բայց արդեն երկուսով և մեր անձնական արվեստանոցում: Դա 2017 թվականն էր:

Անունը դժվար ընտրեցինք: Քանի որ քարերը հիմնականում լեռների ու ձորերի հետ են կապված, որոշեցինք որևէ լեռան անուն դնել, բայց որ քիչ հայտնի լինի: Էգանաթը (Զանգեզուրի Էգանաթ լեռնագագաթի անվանումն է) երկուսիս էլ շատ դուր եկավ: Ընտրության պատճառը նաև այն էր, որ բազմագույն քարերի մի մասը մեր լեռներից ենք բերում: