Դուալ կրթություն. ուսանողները քոլեջում գինի են արտադրում

  23 February 2021  84 view
Դուալ կրթություն. ուսանողները քոլեջում գինի են արտադրում

Վերջին տարիներին մեծացել է հետաքրքրությունը գինեգործության ոլորտի վերաբերյալ, ինչի արդյունքում ակտիվացել է նաև աշխատաշուկան:

2007-2008 թթ. Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջում ներդրվել է «Գինեգործություն» մասնագիտությունը, որի արդյունքում արդեն այսօր հենց քոլեջի արտադրամաս-լսարանում ուսանողները պատրաստում են գինի: Արտադրամասը քոլեջին տրամադրել է «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամը: Քոլեջում Գերմանական միջազգային համագործակցության միության (GIZ) աջակցությամբ ներդրվել է դուալ համակարգը, որը հնարավորություն է տալիս համատեղել ուսումը և պրակտիկան՝ այդպիսով կրթական գործընթացը դարձնելով առավել հետաքրքիր ու արդյունավետ:

Erit.am–ի հետ զրույցում քոլեջի 3-րդ կուրսի ուսանող Կարենը պատմում է, որ դուալ  համակարգը հնարավորություն է ընձեռել ուսանողին մասնակցել խաղողի բերքահավաքի և գինու արտադրության ողջ գործընթացին.

«Քանի որ դուալի շնորհիվ ուսման 70 տոկոսն անցնում ենք գործատուի մոտ, մեր գիտելիքներն առավելագույնս օգտագործում ենք հենց պրակտիկայում: Օրինակ, դաշտային և ուսումնաարտադրական լսարանի պայմաններում առավել մանրամասն տեղեկանում ենք խաղողի բերքահավաքի, մթերման և գինու վերամշակման նրբություններին: 2018 թվականին բերքահավաքն ամբողջությամբ արել ենք մեր ձեռքերով՝ օգտագործելով խաղողի արենի տեսակը՝ հայկական էնդեմիկ սորտը, և ստացել կարմիր դառը գինի: Այն պահել ենք չժանգոտող տարաներում և փայտե տակառում հնեցրել մոտ մեկ տարի: Այսինքն՝ մենք մասնակցել ենք գինու արտադրության ողջ գործընթացին՝ խմորման, հնեցման և շշալցման, ընդհուպ մինչև համտեսի լիարժեք պատրաստ լինելը»,-ասում է Կարենը և ցավով արձանագրում, որ 2020 թվականին մթերում չի արվել, որի հետևանքով նախորդ տարի չեն կարողացել գինի պատրաստել․

«Մեր ուսանողներն այսօր աշխատում են «Գետափ» գինու գործարանում և «Տրինիտի» ընկերությունում: Քոլեջի կարիերայի կենտրոնը, որն արդեն 10 տարի գործում է, փաստում է, որ գինեգործության ուղղությամբ մեր շրջանավարտները հիմնականում շարունակում են կրթությունը բուհերում: Առհասարակ, մեր շրջանավարտների 70 տոկոսն ընդունվում է աշխատանքի, որից 25-35 տոկոսը՝ իրենց մասնագիտությամբ: Նրանց մի մասը աշխատանքի է անցնում հենց մարզի գինու գործարաններում, օրինակ, «Տրինիտի» ընկերությունը մեր քոլեջի ուսանողին դուալ համակարգի համար առանձին սենյակ է տրամադրել՝ կրթական վերապաստրաստման և նմանատիպ այլ աշխատանքների համար: Նա նաև գործարանի աշխատակից է, ապագայում՝ հաջող գինեգործ»,-ասում է քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը՝ ընդգծելով, որ բերված ցուցանիշները նաև հանրապետության մակարդակով են: «Քանի որ մարզերում սովորաբար քիչ են աշխատատեղերը, հետևաբար ոչ բոլորն են կարողանում իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել: Այդ պատճառով մենք քոլեջում տուրիզմի, խաղաղագործության, գինեգործության և փայտամշակման ուղղություններով սովորեցնում ենք նաև ձեռնարկատիրական հմտություններ, որպեսզի շրջանավարտները ոչ թե տարիներ շարունակ սպասեն թափուր աշխատատեղերի, այլ հիմնեն իրենց սեփական բիզնեսը»,- վստահեցնում է քոլեջի տնօրենը:


Արարատի պետական քոլեջում ևս «Գինեգործություն» մասնագիտությունը պահանջված է և արդիական, այդ թվում` պայմանավորված տարածաշրջանում գինու գործարանների առկայությամբ․

«Ուսանողները սկզբում արտադրել են սպիտակ գինի՝ «Անուշա», որի անվանումը կապված է «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի հետ, որը քոլեջին նվիրաբերել է գինու արտադրամասը: Լավ կլինի, որ մեր արտադրանքն արտահանենք շուկա, քանի որ թեկուզ փոքր շահույթը ֆինանսական մեծ աջակցություն կլինի քոլեջի համար»,- ասում է քոլեջի տնօրեն Էլլա Գասպարյանը և հավելում, որ քոլեջի գինեգործության լաբորատորիայում իրականացվել է կարճաժամկետ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցում:

Նրա խոսքով՝ ծրագրի հաջողության գրավականներից մեկը մարզերում գործատուների հետ հաջող համագործակցությունն է, որն էլ իր հերթին  նպաստում է աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստմանը։

Քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Հասմիկն իր հերթին պատմում է, որ վարպետ Տիգրան Գևորգյանի հետ արտադրել են նաև կարմիր գինի՝ դառը, քաղցր և կիսաքաղցր: Այն արտադրվել և շշալցվել է Արարատյան հարթավայրի լավագույն այգիներից ընտրված «Հաղթանակ» խաղողի սորտից՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Վորլդ Վիժն Հայաստան» և «Գլոբալ զարգացումներ հիմնադրամ»-ի նվիրաբերած լաբորատորիայում․

«Բերքահավաքն իրականացրել ենք ուշ աշնանը՝ խաղողի լրիվ հասունացման ժամանակ: Ստացել ենք երկու տեսակի կարմիր գինի, մեկը՝ ավելի նուրբ, մյուսը՝ ավելի չոր: Երազում եմ զբաղվել գինեգործությամբ և մտածում իմ սեփական բիզնեսն ունենալու հնարավորության մասին, հետևաբար հընթացս զարգացնում եմ նաև բիզնես հմտություններս»,-ասում է Հասմիկը և հավելում, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցման կարճաժամկետ փորձարարական դասընթացի բոլոր ուսանողները ոգևորված են և հետաքրքված:

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

In topic