
Լեզվաբան, դասախոս, գրականագետ, գրող Ամալյա Սողոմոնյանն իր փոքրիկ էտյուդներում ամփոփում է մի ամբողջ ասելիք։
Erit.am-ը «Աստղաթափ»-ի և գրական ձևաչափի մասին զրուցել է գրողի հետ։
– Ամալյա, ի սկզբանե ստացել եք լեզվաբանի կրթություն, ինչո՞ւ հետո որոշեցիք շարունակել ուսումը արտասահմանյան գրականության բաժնում:
– Իրականում շատ դժվար էր որոշում կայացնելը: Ես չեմ թողել լեզվաբանությունը: Նաև անգլերեն եմ դասավանդում: Իսկ արտասահմանյան գրականության ամբիոնում հայտնվելը երազանքներիցս մեկն էր, որը պիտի իրականացնեի:
– Գրականագետից գրող դառնալու ճանապարհը հեռու չէր, սակայն մինչ գրելը ի՞նչ գործունեությամբ էիք զբաղված:
– Գրելու համար պարտադիր չէ հայտնվել գրականության բաժնում, իսկ լավ գրականագետ դառնալու համար դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու:
– Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ գրքեր գրում են մարդիկ, որոնք շատ են կարդում, և մարդիկ, որոնք տաղանդավոր են: Հիմա էլ եք այդ կարծիքի՞ն, և եթե այո, ապա ո՞ր խմբին եք պատկանում Դուք:
– Չէ, տաղանդավոր չեմ, ուղղակի գրելով հանգստանում եմ, փորձում խաղաղվել: Գիրք կարդալն էլ աշխարհից կտրվելու ամենակարճ ու արդյունավետ մեթոդն է:
– Ինչպե՞ս դրվեցին Ձեր գրական գործունեության հիմքերը:
– Հիմքերը գրական թերթերում ու ամսագրերում են, բայց դեռ շատ անելիք կա, իսկ իրական մոտիվացիան ընթերցողի կարծիքն է:
– Շատ գրողներ ասում են, որ ամենալավ ժամը գրելու համար ուշ երեկոն է, ո՞րն է Ձեր աշխատելու ժամանակը:
– Գիշերը, երբ Մարին քնած է:
– Կա՞ն գրողներ, որոնք Ձեզ վրա ազդեցություն են թողել և ինչ-որ ձևով նպաստել, որպեսզի Դուք էլ սկսեք գրել:
– Գրելու տեխնիկայի վրա գուցե ազդեցություններ կան, բայց փորձում եմ վանել բոլոր տեսակի ազդեցություններն ու տողերում միայն ինձ թողնել:
– Ձեր գործերի առանցքում սերն է ...
– Մեր բոլորի կյանքի առանցքում սերն է:
– Ինչո՞ւ «Աստղաթափ»:
– Ուզում եմ բոլորի երազանքները կատարվեն առանց աստղաթափերի:
– Գրքի կերպարները հորինված են, թե՞ իրականում գոյություն ունեն:
– Բոլորն իրական են, ապրված:
– Սեփական փորձն ու խոհերն եք ամփոփե՞լ գրքում:
– Էտյուդները տարբեր մարդկանց մասին են: Շատ հաճախ մենք մարդկանց հորինում ենք, դարձնում այնպիսին, ինչպիսին կցանկանայինք տեսնել, իսկ վերջում հիասթափվում ենք:
– Գրում եք էտյուդներ, կգա՞ ժամանակ, երբ կանցնեք այլ ձևաչափի:
– Չեմ սիրում երկար տեքստեր, ասելիքը պիտի պարզ ու լակոնիկ լինի, չձանձրացնի ընթերցողին:
– Ձեր ընթերցողները սպասե՞ն նոր գրքի:
– Սպասումն այնքան էլ հաճելի զգացում չի:
Զրույցը՝ Սվետլանա Դավթյանի