Մենք այնքան հարուստ պատմական ժառանգություն ունենք, որ վերակազմողների բանակ էլ ունենանք, միշտ աշխատանք կգտնվի. Ռուբեն Սարգսյան

  25 February 2021  403 view
Մենք այնքան հարուստ պատմական ժառանգություն ունենք, որ վերակազմողների բանակ էլ ունենանք, միշտ աշխատանք կգտնվի. Ռուբեն Սարգսյան

Ռուբեն Սարգսյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ գիտաշխատող է։ Ծնվել է ճարտարապետների ընտանիքում, սովորել է Դիզայնի ֆակուլտետում:

Ուսումնառության տարիներին ճարտարապետության և պատմության նկատմամբ անհագ սերն ու հետաքրքրությունը մշտապես մղել են այդ ոլորտներն ուսումնասիրելու և ինքնակրթվելու։ Հետագայում, օգտվելով հնարավորությունից, հանձնել է քննություններ սիրելի առարկաներից և դարձել Ճարտարապետության տեսության, վերականգնման և վերակառուցման ամբիոնի ասպիրանտ՝ արդեն փաստացի իրագործելով ոլորտում ունեցած գիտելիքն ու հմտությունները․

«Ի տարբերություն վերականգնողի՝ վերակազմողը տվյալ կառույցի վերջնական տեսքն ստանում է եռաչափ մոդելավորման միջոցով։ Օրինակ՝ շինություն կա, որի միայն հիմքերն են մնացել, և դու նյութ չունես այն վերականգնելու, իսկ վերակազմության միջոցով՝ ունեցածդ փաստերի հիման վրա, կարող ես ստանալ գրեթե ճշգրիտ պատկերը»,- բացատրում է Ռուբենը՝ նշելով, որ իր գործերից մեկը տպագրվել է Արտակ Մովսիսյանի «Արարատ-Ուրարտու» գրքում։ Դա նրա մասնագիտական առաջին ձեռքբերումն է։

Ռուբենն այսօր իր մասնագիտությամբ աշխատում է նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում․

«Էրեբունի թանգարանում աշխատելն իմ հաջողություններից մեկն է։ Հայաստանում գիտական ոլորտը թեև դեռ շատ բարձր չի վարձատրվում, բայց դա չի խանգարում սիրել գործդ։ Ես ամեն օր երջանիկ ժպիտով եմ տուն վերադառնում. այսօր էլ մի լավ բան արեցի, մի քայլ ևս մոտեցա վերջնական նպատակիս»,- ոգևորված պատմում է Ռուբենը։

Բացի եռաչափ վերակազմությունից, Ռուբենը սիրողական գործ էլ ունի. նա մ. թ. ա. 1-ին դարի թագավորի, թագուհու և քրմապետի հագուստներ է վերակազմում․

«Իմ փորձը ցույց է տվել, որ երբ ինչ-որ աշխատանք եմ անում, կիրառությունը հետո գտնվում է։ Մենք այնքան հարուստ պատմական ժառանգություն ունենք, որ վերակազմողների բանակ էլ ունենանք, միշտ աշխատանք կգտնվի, իսկ լավ աշխատանքի համար միշտ ներդրողներ գտնվում են։ Շատ լավ կլիներ, որ պատմական հարուստ անցյալ ունեցող մեր հայրենիքը ճարտարապետ-վերակազմողներ շատ ունենար»,- ասում է երիտասարդ գիտնականը։