Պատերազմն ինձ նոկաուտի ենթարկեց. արդեն ոչ այնքան «Կարմիր» Ռուբենիկ

  25 February 2021  353 view
Պատերազմն ինձ նոկաուտի ենթարկեց.  արդեն ոչ այնքան «Կարմիր» Ռուբենիկ

Նրան ամենաշատը հարցնում են, արդյոք, հոգեպես առո՞ղջ է, թե՞ գուցե համապատասխան հաստատությունից է գրում կամ ուղարկում են՝ բուժվելու։ Նա «փաբահայության, հիփստերահայության գրչակ» տիտղոսակիր գրող, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Վարդազարյանն է։ Ֆեյսբուքում Ռուբենը հայտնի է իբրև Կարմիր Ռուբենիկ, ով կեղտոտ ռեալիզմի ոճով ստեղծագործում է և պատմում, թե ինչպես է եռում կյանքը Պուշկին-Փարպեցի խաչմերուկում, ճիշտ այնպես, ինչպես Բուկովսկին էր պատմում Հոլիվուդի կյանքից, բարքերից, այդ թաղամասերի կանանցից։ Նրա համար տաբու թեմաներ չկան։ Մինչ Ռուբենին հանդիպելը համացանցում ընկերներս պարբերաբար կիսվում էին նրա նոր հրատարակված գիրքը ձեռք բերելու մասին լուրերով։ Ինքս, երբևէ չլինելով կեղտոտ ռեալիզմի սիրահար, հարցնում էի՝ իսկ ինչո՞ւ ես գնել և ապրելով, օրինակ Բելգիայում, ինչո՞ւ ես տենչում ունենալ այս գիրքը, պատասխանը հիմնականում մեկն էր՝ «Բա Ռուբենիկն է»։ Erit.am-ը փորձում է բացահայտել Ռուբենիկին։

- Ռուբեն, Ֆեյսբուքում  երկրպագուների մեծ բանակ ունես, ինչ ես կարծում, ինչո՞վ է դա պայմանավորված։
- Եթե կարծում եք այդպես է, ուրեմն՝ շատ ուրախ եմ։ Երևի թե, պատճառն այն է, որ գրում եմ փաբահայերի անունից փաբահայերնով փաբահայերի մասին։  Ես լավ եմ ճանաչում իմ ընթերցողին, հատկապես նախնական շրջանիս ընթերցողին։  Նրանք այն աղջիկներն ու տղաներն էին, որ բախվել էին  տաբուների, դոգմաների, բայց միշտ պայքարել  են դրանց դեմ, փորձել կոտրել  դրանք։ Նրանք մեր հասարակության trouble maker-ներն էին՝  լավ իմաստով։   Այդ պայքարի ընթացքում այդ աղջիկներն ու տղաները ունեցել են մեծ խնդիրները՝ տանը, բակում, համալսարանում, դպրոցում։ Այսօր նրանք արդեն բավականին լավ գործերի են, ի դեպ։ Ես հպարտանում եմ իմ ընթրցողներով, նրանք մեր հասարակության առաջավոր մարդիկ են։Ուրախ եմ, որ իմ տեքստերը հենց այդ ուղին ընտրած մարդկանց է դուր գալիս ։ Սկզբում մի տեսակ ցանկալի էի, որովհետև արգելված բաների մասին էի գրում, չընդունված  լեզվով։  Ցանկալի էի ինչպես սեքսի մասին խոսակցությունը, նարկոտիկը, պոռնոն։ Սկզբում  նպատակ ունեի անոնիմ մնալ։ Անունս էլ՝ Կարմիր, հենց որպես վուլգարության նշան եմ ընտրել։ Բայց տարիների ընթացքում կարմրությունն ու վուլգարությունը մի քիչ փոխվեցին։ 33 տարեկանում չես ընկալում ու արտահայտում աշխարհն այնպես, ինչպես 18-ում։  Դու էլ  ես մեծանում, պրոցեսներն էլ  են փոխվում,պրոցեսների ընկալումն էլ։ Ստիպված եղա որոշ բառեր հորինել, կամ փոխել  իմաստներ, որ մեղմացնեմ։ Օրինակ լայն տարածում գտած կկելը, որը բուն սեռական ակտն է...Կամ դրա շարունակություն  «գրողը կկին»...

- Հատո՞ւկ էիր ընտրել  կեղտոտ ռեալիզմը, որ լսարան գրավես, բաց տեղը լրացնես։
- Ես  ուղղակի փորձել եմ  իրական շփման լեզուն  բերել  գրականություն։ Կարծում  եմ, պետք չէ գրական լեզուն այդպես սակրալ  համարելը, որ առօրյախոսակցական լեզվի հայտնվելը այնտեղ համարվի պղծում։ Մեզանում այն տաճար է, որն արգելված է մտնել։ Ահռելի անջրպետ պիտի չլինի գրական և խոսակցական լեզուների  մեջ։ Լեզուն չպիտի դամբարանում դրված լինի, այն շատ կենդանի և դինամիկ զարգացող օրգան է։  Հայերենը  հիփստերահայի լեզուն  էլ  է,  տաքսիսիտի լեզուն  էլ  է, հայհոյանքներով խոսող մարդու լեզուն  էլ  է։ Թեպետ, ինչքան էլ  հանդուգն ու անզուսպ մարդ լինես, միևնույն է, գալիս է մի պահ, որ տեղի ես տալիս հասարակական ուղղակի և ավելի շատ անուղղակի ճնշումներրին. դրանք այն սքրիններն են, այն շեյրերը, որ մարդիկ անում են ու նշում՝ էս ինչ է գրել  և այլն...ժամանակի հետ սկսում ես հարմարվել  նաև նրանց՝ իհարկե, չկորցնելով ինքդ քեզ։  Սիրում եմ, որ ճիշտ են քննադատում, դա զարգանալու ուղին է։ Հետո շատ եմ աշխատում հույզերի հետ, տեքստի փսիխոլոգիզմը շատ կարևոր է ինձ համար, գուցե  երբեմն վատ հույզեր եմ տալիս, երբեմն լավ, բայց իմ նպատակը էմոցիա փոխանցելն է։ Գուցե տեղ-տեղ նաև պաթետիկ եմ, տեղ-տեղ գրոտեսկային, տեղ-տեղ հումորային,  բայց դա էլ իմ ձեռագիրն է՝ ինչ արած։ Ոչ մի բան ինքնանպատակ չէ, կամ արհեստածին. անգամ հումորը...երևի հենց հատկապես հումորը, որովհետև հումորն ու ինքնահեգնանքը ինքնապաշտպանական միջոցներն են իմ։

- Ումի՞ց ես պաշտպանվում։
- Ես շատ տագնապային մարդ եմ։ Միշտ եմ ունեցել  վախեր, տագնապներ, աշխատել եմ, որ հաղաթահարեմ։ Պիտի ասեմ, որ այդ հարցում մեծապես օգնել  է  նաև մասնագիտությունս։ Ես հոգեբան եմ, հոգեբանական գիտությունների թեկնածու եմ հիմա։ Ի դեպ հոգեբան դառնալ  էլ միանգամից չէի որոշել։ Ընդունվել  էի ֆիզիկայի ֆակուլտետ, մի տարի սովորելուց հետո հասկացա, որ իմը չի, փոխեցի հոգեբանության ֆալուլտետ ու ինձ գտա այնտեղ։ Ինձ շատ է հետաքրքրում մարդու ոչ միայն գիտակացական աշխարհը , այլ  էմոցիաները։ Ինչպես են ազդում դրանք մեզ վրա, մենք ինչպես ազդենք դրանց վրա և այլն...Դասերն էլ  շատ հետաքրքիր էին, կարող եմ ասել, տարվել  էի հոգեբանությամբ։

- Իսկ մասնագիտությամբ  էլ  ես աշխատո՞ւմ։
- Ոչ, ես չափից դուրս  էմպատ եմ պրակտիկ աշխատելու համար։ Սովորելու ընթացքում, լաբորատորիաներում պրակտիկ գործունեության ընթացքում հասկացա, որ չեմ կարողանալու ճիշտ չափաբաժնով ապրումակցել, չապրել  այցելուների վախերը, հույզերը, սուիցիդալ  մտքերը։ Այդ պատճառով ես տեսաբան եմ,բայց դա ինձ բավականին օգնում  է  իմ աշխատանքի մեջ։

- Նկատի ունե՞ս գրողի աշխատանքը։
- Ես չեմ կարող ասել, թե գրող եմ  աշխատում, այս հրատարակված գիրքը՝ «Կաֆե ձանձրույթը», իմ մոտ 15 տարվա ստատուսների ժողովածուն է։ Ես օրական 10 ժամ աշխատում եմ, բավականին ծանր ու մոտիվացնող աշխատանք եմ անում Digital ոլորտում, հենց այդ աշխատանքի համար էլ պետք է գալիս թե կրթությունս, թե գրելու ունակությունս։

- Իսկ ի՞նչ է քեզ համար տպագրված գիրք ունենալը։
- Քայլ առաջ է հաստատ. ավելորդ համեստություն չանեմ էլի։ Փաստ է, որն ավելի է մոտեցնում գրողի կարգավիճակին։ Հուսամ սա առաջին ու վերջին գիրքը չի լինի. երկրորդին ենք պատրաստվում։ Եթե ապրենք, չմեռնենք, պատերազմ ու երկրաշարժ, նոր համավարկ ներ չլինեն, երկրորդն  էլ  կլինի։ 

- Հետևո՞ւմ ես ընթերցողների արձագանքին։
- Հետևում եմ, բայց քանի որ նոր բան չկա իմ գրքում, իսկ ընթերցողը հիմնականում  ծանոթ է պատմվածքներին Ֆեյսբուկից և հենց դրա համար է գնել, բովանդակության առումով  արձագանքներ դեռ չկան։ Հետաքրքիր կլինի առաջին անգամ ընթերցածի, գրքով ինձ ծանոթացածի արձագանքը, թե չէ այսպես մարդիկ կիսվում են զուտ ձեռք բերելու մասին տեղեկատվությամբ։

- Իսկ քո գործը համարո՞ւմ ես պրոֆեսիոնալ գրականություն։
- Դե չգիտեմ, պրոֆեսիոնալ, թե ոչ, բայց ես գրականությունը համարում եմ  ներանձնային կոնֆլիկտը հարթելու  միջոց.  եթե դու մարդ ես, որ աշխարհի հետ հաշտ չես,ինքդ քեզ հետ հաշտ չես,  նևրոտիկ ես, սկսում ես ելք փնտրել։  Հոգեկանը պաշտպանական մեխանիզմ  է  մշակում, որոշ մարդկանց մոտ վերածվում  է արվեստի։ Արվեստը իրականում կոնֆլիկտի արդյունք է։  Անտիդեպրեսանտ է։ Գրականությունը դրա ամենախոսուն օրինակներից է։  Ինչ ինձ տանջել է, սուբլիմացրել եմ  այդ պատմավծքների մեջ։  Այդպես է վարվել  նաև Կաֆկան։  Նա էլ էր տագնապային անձ, նրա բոլոր ստեղծագործությունների հիմքում իր անձնական ապրումներն են։ Չտառապած մարդը չի կարող  Կաֆկայի, Մայակովսկու, Բոդլերի  պես գրել։

- Ունե՞ս գրական սեր։

– Օ, այո, Սթենբեկ, Կաֆկա, ամերիկյան գրականության սիրահար եմ, ավանգարդիստներ, պոստավանգարդիստներ...Հեմինգուեյն է ահռելի մեծ ազդեցություն թողել ինձ վրա։ Եվ ազդել է ոչ միայն գրական տեխնիկայի առումով, այլ  աշխարհահայացքի առումով, թե ով է մարդը  գրական տեքստի մեջ, հերոսի գաղափարն է նրա մոտ շատ հետաքրքիր։  Աքսել Բակունցն էլ է շատ ազդել ինձ վրա, երևի մեր ամենահզոր  արձակագիրն է։   Կեղտոտ ռեալիզմից էլ  կան սիրելի  հեղինակներ՝ Բուկովսկին, ում ես հանճար չեմ համարում, բայց հավանում եմ, Հենրի Միլլերը,  ռուսական գրականությունից շատ էի սիրում  Տուրգենևին, Դոստոևսկուն։ Չափածոներից էլ  ունեմ  սրտամոտ  հեղինակներ։ Իսկ առաջին սերս Ժյուլ  Վեռն է։  Սկզբում մայրս էր կարդում ինձ համար, հետո ես սկսկեցի կարդալ։ Արկածային գրականությանը սիրահարվելով եմ սկսել գրել. երևի  7-8  տարեկան էի, որ կարդացի, տպավորվեցի, փորձեցի գրել։

- Իսկ «Կաֆե  ձանձրույթը»  ինչպե՞ս սկսեցիր գրել։
- Սկզբում զուտ էմոցիոնալ դաշտում փորձարկումներ անելու համար ստատուսներ էի գրում, հետո արձագանքից ոգեշնչված էի գրում, սկսեցի հղկել գրածս, միչև ձեռագիրս ու ոճս հստակեցվեցին։ Մարդիկ կարդում էին, գրում՝ ուր է շարունակությունը, էլի ենք պատմություններ ուզում։ Համայնք էր ձևավորվել, էն որ իրար հարցում էին՝ «հա՞, դու էլ ես կարդում էդ խփնվածին»։ Գիտեմ անգամ մարդկանց, որ գրածներիս մեկնաբանություններում են ծանոթացել, սիրահարվել, անգամ ամուսնացել։ Հետո այս նույն մարդիկ սկսեցին գիրք պահանջել։ Մինչ պատերազմը պիտի լիներ գիրքը, բայց...Այս պատերազմն ինձ ուղղակի նոկաուտի ենթարկեց։ Օրերով ոչինչ անել  չէի կարողանում։ Արթնանում էի, եթե հաջողվում էր քնել, սկսում  նորություններ կարդալ՝ ամեն օր հույսով, որ հիմա կկարդանք, որ վերջ, հաղթել ենք, բայց եղավ այն, ինչ եղավ։ Պատերազմն աշխարհի ամենավատ բանն է, ամենատագնապային, հյուծող, տառապացնող, ու հարցը միայն հայրենասիրությունը չէ։  Եսասիրություն էլ  է։ Մեռած էի, թաղած չէի։  Ոչ մի ապահովության զգացում չկար, ամեն պահի սպասում  ես  ամենավատին, զգում  ես վտանգ կյանքիդ համար՝ անկախ նրանից մարտի դաշտում ես, թե ոչ։ Ահավոր վախենում էի, որ սա տարիներ կտևի ու մենք այդպես դանդաղ կմեռնենք։ Լավ էր, որ ավարտվեց, իհարկե վատ է, որ այդպիսի ավարտ ունեցավ, բայց գոնե կանգ առավ ու սկսեցինք փորձել ապրել։

- Իսկ ի՞նչ է մեզ պետք ավեի լավ կյանքի համար։
- Հիմա նոր արժեքներ ունենք. Խաղաղություն, մեզ խաղաղություն է պետք։

In topic