Արհեստների աշխարհում. ուսանողները սովորում են հագուստի մոդելավորում և զարդակիրառական արվեստ

  25 February 2021  171 view
Արհեստների աշխարհում. ուսանողները սովորում են հագուստի մոդելավորում և զարդակիրառական արվեստ

«Հագուստի մոդելավորում և կարի արտադրություն», ինչպես նաև  «Զարդակիրառական արվեստ» մասնագիտությունները բավականին մեծ տարածում ունեն միջին մասնագիտական կրթության ոլորտում, և ուսանողները մեծ հետաքրքրությամբ ընտրում են հենց այս ուղղությունները:

Երևանի թեթև արդյունաբերության պետական քելեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» բաժնի ուսանողները սովորում են այդ մասնագիտության բոլոր նրբությունները: Քոլեջի ուսանողուհի, ուսխորհրդի նախագահ Զարուհին պատմում է, որ նրանք ուսումնառում են ավանդական և ժամանակակից բոլոր տեխնոլոգիաները՝ նկարել, էսքիզներ անել, նախագծել, ձևել և արհեստանոցում կարել իրենց հագուստը․

«Քոլեջում մեր ուսանողական կյանքը շատ հետաքրքիր և յուրովի է անցնում՝ ամեն ինչ սովորում ենք մասնագիտացված կերպով և ավարտելիս ստանում հիմնարար գիտելիքներ: Մենք զրոյից սկսած սովորում ենք բատիկա՝ շարֆեր, հագուստ, էսքիզներ, մոդելներ՝ նկարելուց մինչև արտադրանքի վերջնական պատրաստ լինելը: Եթե սիրում ես քո մասնագիտությունը, ապա սովորելն էլ է հաճելի: Ավարտելուց հետո ցանկանում եմ հիմնել իմ կարի արհեստանոցը, իսկ ընկերներս, օրինակ, մտածում են բացել իրենց նկարչական ստուդիան: Ունեմ հետաքրքիր մտահղացումներ, որոնք ցանկանում եմ ի կատար ածել տարբեր եղանակներով: Եթե մարդու գիտելիքը բավարար է, և նա հետաքրքիր գաղափար է առաջ քաշում, ապա վստահեցնում եմ, որ ներդրողներ միշտ կարելի է գտնել»,-ասում է Զարուհին:



Արարատի պետական քոլեջի «Կարի արտադրություն և տեխնոլոգիա» մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի տարածաշրջանում: Քոլեջում իրականացվում են կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ, որոնց շրջանակում ուսանողները քոլեջի կարի արհեստանոցում մոդելավորում, նախագծում և կարում են գեղեցիկ զգեստներ․

«Մեր ուսանողները, հիմնականում, իրենց համար են կարում և զգեստները ցուցադրում մոդուլների ուսուցման ավարտին: Վաճառքի հանված արտադրանք առայժմ չունենք: Համագործակցում ենք Արարատ գյուղի եկեղեցու հետ. այն եկեղեցական հագուստի պահանջարկ ունի, որի մի քանի մոդելներ արդեն կարել ենք: Մեր կարիերայի կենտրոնի մշտադիտարկմամբ՝ այս տարվա շրջանավարտների 50 տոկոսն արդեն աշխատում է, որից 30 տոկոսն իրենց մասնագիտությամբ: Մեր շատ շրջանավարտներ բացել են իրենց սեփական կարի արհեստանոցները և հաջող գործունեություն են ծավալում»,- փաստում է քոլեջի տնօրեն Էլլա Գասպարյանը:

Երևանի զարդարվեստի պետական ուսումնարանում սովորեցնում են մի շարք հետաքրքիր մասնագիտություններ՝ մանրանկարչություն, փայտի և մետաղի գեղարվեստական փորագրություն, ոսկերչություն, գոբելենագործություն, և շրջանավարտները ստանում են մասնագիտական կրթություն՝ կոնկրետ որակավորմամբ․

«Ուսումնարանում ունենք հատուկ անկյուն, որտեղ ցուցադրված են սովորողների ձեռքի աշխատանքները՝ նկարներ, որմնանկարներ, փայտե  աշխատանքներ: Դրանք մեր հպարտությունն ու հարստությունն են: Մեր ուսումնարանի կարգախոսն է՝ «Մենք հանդիպեցինք՝ ես և արվեստը»: Եթե կա գիտակցություն և  ուսման որակ, ապա վստահեցնում եմ, որ դու կդառնաս արվեստագետ հոգով և քո ստեղծած աշխատանքներով: Մասնագիտություններ կան, որոնց շրջանավարտների 90 տոկոսից ավելին աշխատում է՝ ոսկերիչ, փայտի փորագրություն, գոբելենագործություն, մանրանկարչություն, մետաղի փորագրություն և այլն: Եթե համապատասխան աշխատատեղ չեն գտնում, ապա մեր շրջանավարտների 90 տոկոսն աշխատում է իրենց անհատական պատվերներով»,-վստահեցնում է քոլեջի տնօրեն Լուսինե Բարսեղյանը:



Ուսանողուհիներ, գոբելենագործություն մասնագիտությամբ սովորող Անին և Էլենը մեզ հետ զրույցում ասում են, որ այն շատ պետքական և անհրաժեշտ մասնագիտություն է։ Նրանք ուսումնասիրում են նաև կար ու ձև, ժանյակագործություն, հելյունագործություն, կարում են հայկական տարազներ, զբաղվում ասեղնագործությամբ։ Էլենը մտադիր է հետագայում բարձրագույն կրթություն ստանալ «Դիզայն» մասնագիտությամբ և ինտերիերի դիզայնով զբաղվել․

«Այն շատ հետաքրքիր և ժամանակակից մասնագիտություն է, որը նոր հորիզոններ է բացում, դրանում կա ստեղծագործական տարր, և, ինչու չէ, նաև եկամտաբեր է»,-ասում  է Էլենը և գոհունակությամբ փաստում, որ քույրը ևս ավարտել է նույն քոլեջի մանրանկարչության բաժինը, իսկ եղբայրը՝ փայտագործության։

Երևանի պետական հումանիտար քոլեջի կերպարվեստի բաժնում դասավանդում են զարդակիրառական արվեստ և ժողարհեստներ: Անցնում են գծանկար, գունանկար, կոմպոզիցիա և դեկորատիվ կիրառական արվեստի բոլոր ճյուղերը՝ մանրանկար, կարպետագործություն, գորգագործություն, գոբելանագորգություն, խեցեգործություն, ինչպես նաև կոմպյուտերային գրաֆիկա և դիզայն։ Քոլեջի ուսանողներ Նիկան և Մարիան մեզ հետ զրույցում նշում են, որ ուսումնառությունից հետո մտադիր են հիմնել հագուտի մոդելավորման իրենց ստուդիան։ Ուսանողները պրակտիկա են անցնում «Մեգերյան կարպետ» ընկերությունում, որը լավագույն ուսանողներին ընդունում է աշխատանքի, իսկ որոշ ուսանողներ  աշխատում են ոսկերչական գործարանում՝ որպես նկարիչ մոդելյորներ:

Նյութը պատրաստեց Հեղինե Հովհաննիսյանը

In topic