10 կանոն` առողջ ապրելակերպի ջատագովների համար

  01 March 2021  151 view
10 կանոն` առողջ ապրելակերպի ջատագովների համար

Այս ոչ բարդ կանոնները ձեզ կօգնեն չմոլորվել առողջ ապրելակերպի աշխարհում և օրեցօր լավացնել ինքնազգացողությունը: 

Ազատվեք վատ սովորույթներից

Կասկած չկա, որ վատ սովորույթները մեզ խանգարում են լինել առողջ: Գուցե չեք ցանկանում ընդունել, բայց մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ վատ սովորույթ ունի: Եթե առողջությունն իսկապես թանկ է ձեզ համար, գիտակցեք ծխելու, թույլատրելիից շատ ալկոհոլ օգտագործելու, քիչ քնելու, չափազանց էմոցիոնալ լինելու, բացասական երանգներով բառամթերք ունենալու և մյուս վատ սովորույթներն ու հրաժարվեք դրանցից: Դա կմեծացնի առողջ և երջանիկ լինելու հավանականությունը: 

Ապրել հավասարակշռված

Յուրաքանչյուրիս կյանքում կան ոլորտներ որոնք մեծ նշանակություն ունեն՝ հարաբերություններից սկսած ֆիտնես սրահ հաճախելուց վերջացրած: Պարզապես հիշեք, որ ձեր «ես»-ը ձևավորող բոլոր տարրերը պետք է գործեն հավասակշռված՝ ֆիզիկական, հոգևոր, էմոցիոնալ, սոցիալական, մտավոր, ֆինանսական. այս ասպեկտներից ոչ մեկ մյուսի պատճառով պետք չէ զոհել: 

Պահպանեք դրական տրամադրվածությունը

Ոչ ոք չի ստիպում լինել անհույս լավատես, բայց դրական տրամադրվածությունից հաստատ չեք տուժի: Սա նշանակում է, որ պետք է հնարավորինս կառավարել էմոցիաները, մտածել դրական: Առանց դրական մտքերի և էներգիայի առողջ կյանքի մասին երազելն անիմաստ է: 

Էմոցիաներն արտահայտեք առանց ագրեսիայի

Եթե ցավ, հիասթափություն, դժգոհություն եք ձգում, պետք չէ լռել պրոբլեմի մասին, բայցև այդ ամենն ագրեսիվ և խիտ գույներով ներկայացնել պետք չէ: Եղածն ավելի չխորացնելու և նոր կոնֆլիկտներ չստեղծելու համար հանգիստ պայմաններում արտահայտեք ձեր մտքերն ու զգացմունքները:

Եղեք ակտիվ

Մենք չենք ծնվել ամբողջ օրը պառկելու կամ աշխատանքային աթոռին նստելու համար: Ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը կարող է զգալիորեն լավացնել ձեր կյանքի որակն ու տևողությունը: Աշխատեք շաբաթական առնվազն 150 րոպե սպորտով զբաղվել: Ֆիզիկական վարժություններն ամրացնում են մկանները, նպաստում են արյան շրջանառության լավացմանը, սրտի և թոքերի աշխատանքին, ի վերջո ձեզ դրական էմոցիաներ են պարգևում: 

Սովորեք կառավարել սթրեսը

Սթրեսն ազդում է ձեր առողջության, քնի, էներգիայի վրա, հանգեցնում է նոր հիվանդությունների: Ժամանակակից կյանքում սթրեսն անխուսափելի է, բայց դրա դեմ պայքարը ևս անհնարին չէ: Սթրեսը հնարավորինս կառավարելի դարձնելու համար օգտագործեք մեդիատիացիայի, աֆֆիրմացիաների, վիզուալիզացիայի և նմանատիպ այլ տեխնիկաներ:   

Հաճախ ժամանակ անցկացրեք բնության գրկում

Բնության գրկում զբոսանքները թերապիայի ազդեցություն ունեն, դրանք կօգնեն ազատվել սթրեսից և ժամանակ անցկացնել ձեզ հետ: Փորձեք ամեն օր ժամանակ գտնել զբոսանքների, պարզապես այգում նստելու համար՝ կարգի բերելով մտքերը, գտնելով ձեզ հուզող հարցերի պատասխաններ:

Օգտագործեք առողջարար սնունդ

Հիշեք, որ առողջ ապրելակերպը սկսվում է ճիշտ սնվելուց։ Սնունդը պետք է օգտագործել ճիշտ չափաբաժիններով՝ ուշադրությունը կենտրոնացնելով թարմ մթերքների վրա: Օրգանիկ մթերքները շատ վիտամիններ են պարունակում, որոնք նպաստում են մարմնի աճին, զարգացմանը և վերականգնմանը: Ե՛վ օրվա, և՛ շաբաթվա սննդակարգն ընտրելիս հիշեք, որ սնունդը պետք է բազմազան լինի: Այն պետք է պարունակի բավարար չափով սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքային աղեր, բջջանյութ, հեղուկներ։

Մի վնասեք էկոհամակարգը

Առողջ ապրելակերպը նաև ենթադրում է ներդաշնակություն սեփական «ես»-ի և աշխարհի հետ: Եթե դուք վնասում եք շրջակա միջավայրը՝ դրանով իսկ վնասում եք ինքներդ ձեզ: Բնության նկատմամբ գիտակից վերաբերմունքը, սպառողական մտածողությունից ազատվելը կօգնի վերականգնել ներդաշնակությունը՝ հետևաբար բարձրացնել կյանքի որակը: 

Քնեք առնվազն 7 ժամ

Առողջ ապրելակերպի առանցքային կետերից մեկը քնի տևողությունն է: Քնի պակասը բասացաբար է ազդում դիմադրողականության վրա, դարձնում դյուրագրգիռ հիվանդությունների նկատմամբ: Հետազոտությունները մեկը մյուսի հետևից ցույց են տալիս, որ միջին վիճակագրական հասուն մարդը պետք է օրական քնի 6-8 ժամ: 

In topic