Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների չեմպիոնները

  01 March 2021  112 view
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների չեմպիոնները

Փետրվարի 15-28-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել են Հայաստանի շախմատի տղամարդկանց 81-րդ և կանանց 76-րդ առաջնությունները։ Տղամարդկանց մրցաշարին մասնակցել է 12 շախմատիստ, որից 11-ը՝ գրոսմայստեր, իսկ կանանց մրցաշարում չեմպիոնության համար պայքարել է 10 շախմատիստուհի: Ընդ որում, տղամարդկանց առաջնության միջին վարկանիշը եղել է 2577, ինչն ըստ ՖԻԴԵ-ի մրցաշարերի սանդղակի՝ 14-րդ կարգի մրցաշար է:

Տղամարդկանց առաջնությունում լավագույն արդյունքը գրանցել է Հովհաննես Գաբուզյանը, որը վաստակել է 8,5 միավոր և երկրորդ անգամ դարձել Հայաստանի չեմպիոն. ավելի վաղ նա այս կոչմանն արժանացել էր 2017 թվականին: 2-3-րդ հորիզոնականները 7 միավորով կիսել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը, սակայն լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների արդյունքում արծաթե մեդալի է արժանացել Փաշիկյանը: Հովհաննես Գաբուզյանն այս չեմպիոնության շնորհիվ 34 կետով բարելավել է անհատական վարկանիշը և դարձել Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։

Կանանց առաջնությունում լավագույնը Սուսաննա Գաբոյանն է, որը վաստակել է 6,5 միավոր: Գաբոյանի համար սա չեմպիոնական երկրորդ կոչումն է, նա Հայաստանի առաջնությունում լավագույնն է եղել նաև 2015 թվականին: Շախմատիստուհին համալրել է Հայաստանի կանանց հավաքականի կազմը: Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել Մարիամ Մկրտչյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մարիա Գևորգյանը:

 

In topic