Արցախյան ձեռագրերի ցուցահանդես՝ Մատենադարանում

  01 March 2021  128 view
Արցախյան ձեռագրերի ցուցահանդես՝ Մատենադարանում

Մարտի 3-ից կբացվի «Մատենադարան–Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Մատենադարան տեղափոխած Արցախյան ձեռագրերի ցուցահանդես։

Ցուցահանդեսում կներկայացվեն Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ․ Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին՝ համապատասխան ձեռագրերով, ինչպես նաև Արցախում գրված, նկարազարդված և պահված այլ ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնատիպ գրքեր՝ ընդհանուր շուրջ 8 տասնյակի հասնող ցուցանմուշ:



Ցուցահանդեսը ժամանակավոր է, և համապատասխան պայմանների առկայության դեպքում տեղափոխվելու է Արցախ՝ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն, որը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղն է (բացվել է դեռևս 2015 թ․-ին)։

Կենտրոնում հիմնական ցուցադրությունից զատ կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ։ Իրականացվում են գիտաժողովներ։



«Պատերազմի օրերին, երբ ամբողջ աշխարհն ականատես եղավ, թե ինչպես է Ադրբեջանը խոցում մշակութային հաստատությունները, ինչպես օրինակ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, «Մատենադարան-Գանձասար» մշակութային կենտրոնը կազմակերպեց ցուցադրվող գանձերի տարհանումն Արցախից Մաշտոցյան Մատենադարան: Ուզում եմ ընդգծել, որ ամեն դեպքում՝ ժամանակավոր: Մենք դրանք անպայման վերադարձնելու ենք Արցախ, և ցուցադրությունը նորից լինելու է Գանձասարում: Մոտ օրերս ցուցադրությունը կբացվի: Տևելու է այնքան, մինչև հնարավոր կլինի ցուցադրությունը վերադարձնել Արցախ»,- ասում է կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը։



Նշենք, որ կենտրոնում ցուցադրվում են 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, արխիվային արժեքավոր փաստաթղթեր ու հնատիպ գրքեր: Արցախը հայտնի է ոչ միայն տեղում ստեղծված ձեռագրերով, այլ նաև պատմական Հայաստանի տարբեր նահանգներում գրչագրված շատ ձեռագրեր ժամանակին փրկագնվել և պահվել են այստեղ:

Հարկ է ընդգծել, որ այս շրջանակում լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի «Ուտիքի գրչության կենտրոնները» ուսումնասիրությունը, որը որոշ իմաստով հեղինակի 2015 թ․ հրատարակած «Արցախի գրչության կենտրոնները» գրքի շարունակությունն է։

In topic