«Կյանքին չեմ պարտվել»․ Լյոկան, ով երեք պատերազմ տեսավ ու երկու տուն կորցրեց

  03 March 2021  893 view
«Կյանքին չեմ պարտվել»․  Լյոկան, ով երեք պատերազմ տեսավ ու երկու տուն կորցրեց

Վալերի Ղազարյանին՝ Լյոկային, զանգահարում եմ ու առաջարկում զրուցել հուդիների մասին, որոնց վաճառքով պատերազմից հետո է սկսել զբաղվել։ Ասում է՝ Արցախի ճանապարհին է։ Հանդիպում ենք, երբ վերադառնում է՝ Երևանում։ Երեկոյան աղմկոտ սրճարանում զրույցը կորցրածի, գտածի ու դրանց հետ ապրել կարողանալու մասին է ստացվում։

Արցախից երեկ ես վերադարձել, ո՞նց էր։

– Լավ էր։ Չնայած՝ այնքան էլ ճիշտ չեմ ասում, որովհետև ամեն անգամ Արցախից դուրս գալուց կամ Արցախ մտնելուց հետս չգիտեմ՝ ինչ է կատարվում։ Այնպես է ստացվել, որ քո հայրենիք մտնելու համար քեզ ստուգում է ռուսը, թույլատրում կամ արգելում է ռուսը, իսկ ճանապարհն «ադալժենյա» է անում թուրքը։ Ամեն անգամ մեջս ամեն ինչ խառնվում է։

Ստեփանակերտո՞ւմ էիր։

– Տարբեր տեղերում։ Պտտվեցի ամբողջ Ղարաբաղում։ Մեզ մնացած ամբողջ Ղարաբաղում։  

Քաղաքը փոխվե՞լ է։

Իրականում նույն է, ուղղակի վերքեր ունի։ Քայլելուց կարող է տեսնես հետքեր՝ պատերին, գետնին կամ կոտրված ապակիներ, որոնք դեռ չեն հասցրել նորոգել։ Հիմնականում նույնն է քաղաքը, բայց տրամադրությունն է փոխվել։
Ուրախ–զվարթ, բոլորին կանչող Արցախը չկա։

Իսկ մարդի՞կ։

– Հասկանալի պատճառներով Ստեփանակերտում մարդիկ շատացել են։

– Ի՞նչ են խոսում։

Եսիմ, ոչ մեկ ոչ մի բան չգիտի։ Տեղահանված ընտանիքիցները չգիտեն՝ ինչ են անելու ու ոնց։ Ում էլ ասում ես՝ ո՞նց է լինելու, ի՞նչ է լինելու, ասում են՝ դե գումարը տալիս են, սնունդը տալիս են, մի կերպ «յոլա գնամ», մինչև դե կերևա։
Ես ինքս չգիտեմ՝ ինչ է լինելու ու մաքսիմալ ուժ եմ գործադրում, որ հիմա չմտածեմ՝ ինչ եղավ ու ինչպես։ Պիտի երրորդ անգամ տուն կառուցես, երրորդ անգամ զրոյից սկսես․․․ Մի տեսակ՝ է լավ, էլի անեմ, էլի սկսեմ զրոյից, էլի կառուցեմ, բայց զգացողություն է՝ ի՞նչ իմնամ, իսկ դա վաղն ի՞մն է լինելու ու մնալու։

– Նոր Մարաղայից ես։ Գյուղի անունը հուշում է, որ այդտեղ արդեն իսկ «նոր» կյանք են փորձել սկսել։ Ե՞րբ հաստատվեցիք Նոր Մարաղայում։

– Իմ տունը Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղում էր, որն 90–ականների պատերազմի ժամանակ մնաց հակառակորդի տիրապետության տակ։ Այդ տանը ծնվել ու հասցրել եմ ապրել 1 տարի 8 ամիս։ Ճիշտ է, փոքր էի ու հիշողություններն աղոտ են, բայց շատ լավ հիշում եմ մանկական մեքենաս․նստում էի ու այսպես ոտքերով քշում մեր բակում։ Տունս դա էր։ Այնտեղ եմ ծնվել, այնտեղ եմ առաջին անգամ տեսել իմ ընտանիքը, իմ բակը, առաջին տեսածս ու զգացածս այդ տանն էր։ Պատերազմի տարիներին, երբ եղավ Մարաղայի կոտորածը, այդ տունը լքեցինք։ Մարաղան ու Լենինավանն ընդամենը մի ճանապարհ էր բաժանում, կարելի է ասել՝ միացյալ գյուղ էր։ Այնուհետև Մարտակերտ տեղափոխվեցինք, Մարտակերտն էլ գրավեցին, մի կերպ փախանք Ստեփանակերտ, հետո մեկ այլ գյուղ, հետո նորից Մարտակերտ ու այդպես անընդհատ, մինչև զինադադարից հետո՝ 96թ․–ին, Մարաղայի ու Լենինավանի տեղահանված բնակիչների համար, ավելի ճիշտ՝ նրանց համար, ում հաջողվել էր ողջ մնալ, հիմնվեց Նոր Մարաղա գյուղը։ Մինչև 5-րդ դասարան Մարտակերտում եմ դպրոց գնացել, հետո՝ Նոր Մարաղայում: Միշտ ասում եմ, որ չգիտեմ՝ մանկությունս որտեղ է անցել: Ես պարտվել եմ իմ մանկությանը, որովհետև պատերազմ էր, ես պարտվել եմ իմ պատանեկությանը, որովհետև հետպատերազմյան ծանր տարիներն էին, տեղափոխությունները։

Մարաղայում դպրոցն ավարտելուց հետո ուսման նպատակով տեղափոխվեցի Ստեփանակերտ, դասի էի գնում ու աշխատում, որ կարողանամ ուսմանս վարձը վճարել: 12 տարեկանից ծնողներիցս ոչ մի կոպեկ չեմ խնդրել, ինքս ինձանով էի ամեն հարց լուծում: Այն տարիներն էին, երբ հացը խնդիր էր: Մի կտոր հացն ընտանիքում 5 հոգով կարող էինք կիսել ու ուտել: Ալյումին էինք հավաքում, շիշ էինք հավաքում հանձնում, որ դպրոցում գրքերի փողը տայինք, որովհետև ամոթ էր՝ բոլորը տալիս են, դու չես կարողանում: Այդպես սկսեցի ապրել Ստեփանակերտում, բայց շաբաթ–կիրակիները պարտադիր գյուղ էի գնում:

– Շատերը քեզ ճանաչում են որպես արցախցի ռեփեր։ Ո՞նց եկար ռեփին։
 
– Փոքր ժամանակ, երբ պատերազմ էր, ընտանիքում 5 երեխա էինք, հիմա 4–ն ենք մնացել․ ձմեռ, ցուրտ, լամպի լույսով դաս էինք սովորում: Մեծ եղբայրս՝ Վիտալի Ղազարյանն, ով Արցախում ազգային երգի վաստակավոր արտիստ է, փորձում էր մեզ զբաղեցնել ու խաղ էր կազմակերպում: Ընտրում էինք մի թեմա, օրինակ՝ շաքար կամ, չգիտեմ, բաժակ ու երեխաներով առանձին-առանձին բանաստեղծություններ էինք գրում, վերջում ամեն մեկն իրենը կարդում էր ու ընտրում էինք հաղթողին։ «Ժյուրիի» դերում հիմնականում մաման ու մեծ եղբայրս էին, պապան համարյա միշտ ծառայության էր։ Այդպես սիրեցի ու սկսեցի գրել, նաև առանձին, ինքս ինձ համար։ Երբ Ստեփանակերտ տեղափոխվեցի, ընկերս՝ Կոլյան, ռեփով էր զբաղվում, լսեցի ու ինձ էլ դուր եկավ: Շատ ազատություն էր տալիս, ես էլ ասելու բան ունեի: Մտածեցի՝ ինչո՞ւ չէ:

Մասնագիտությամբ համակարգչային գործավար եմ, երկար տարիներ աշխատել եմ այս ուղղությամբ, GPS նավիգացիոն համակարգերով եմ զբաղվել, բայց ռեփը հիմա էլ միշտ ինձ հետ է:

– Պատերազմի մասին մեզ մոտ միշտ խոսել են, բայց փաստորեն անպատրաստ էինք դրան բոլոր առումներով։

Հա, միշտ գիտեինք, որ ինչ-որ բան լինելու է, գիտեինք, որ պատերազմ է լինելու: Ուղղակի ոչ մեկ չէր պատկերացնում, որ մեզ կծախեն: Չգիտեինք, որ ելքն այսպիսին կարող է լինել։ Երբ մենք եկել ու Նոր Մարաղայում տուն ենք սարքել առաջին պատերազմից հետո, ինչ–որ ուրիշ քարի վրա ենք քար դրել ու փորձել այն մերը դարձնել։ Չգիտեմ, այս մի տունս կորցնելուց, երևի ավելի մեծ ցավ եմ զգացել, որովհետև այստեղ գիտակցված տարիներս էին անցել։ Նոր Մարաղայում ամեն ծառի, քոլի, սարի, ամեն ինչի հետ հիշողություններ ունեմ: Այնտեղ ապրել եմ, այնտեղ վազել եմ, առաջին ծխախոտն այնտեղ եմ ծխել, առաջին անգամ այնտեղ եմ ծեծ կերել:

Մի քանի տարի առաջ ունեցածս ու նաև չունեցածս, ամեն ինչ ներդրեցի ու այնտեղ հիմնեցի նռան այգի՝ ջրակաթիլային համակարգով. արդեն այս տարի պետք է բերք ստանայի, 5-րդ տարին էր, մատղաշ ծառերն ամուր ծառեր էին դարձել: Բայց դե ես պոստերում, ինձ զանգում ասում են՝ մինչև 11-ը ժամանակ ունես, գնա տունդ ազատի: Մոտս էն որ… Հա, գնամ ազատեմ, բայց գոնե ժամանակ տվեք հասցնեմ: Խծաբերդից մինչև տուն եմ հասել, արդեն մոտավոր ժամը 5-ն էր: Զանգեցի ասեցի՝ կներեք, չեմ կարա հասցնեմ տները հավաքեմ, նախաճաշ սարքեմ իրանց համար, որ գան պատշաճ դիմավորեմ…



– Մի քիչ աբսուրդ հարց է, բայց ի՞նչ է վերցնում մարդն, ով մի քանի ժամում պետք է լքի սեփական տունը։

Մեծ, հին, ընտանեկան լուսանկարների ալբոմ։ Դիրքերից եկա, մտա տուն ու առաջինն այդ ալբոմի վրա գնացի, մեր գերդաստանի պատմությունն է այդտեղ, Լենինավանի տան նկարները: Հետո եղբորս երեխեքի գրքերն ու տետրերը վերցրեցի։ Եղբայրս մահացած է։

Ալբոմը ձեռքս դուրս էի գալիս, դարակի վրա Հայ եկեղեցու պատմության գիրք տեսա, միանգամից մտածեցի, որ թողնել չի կարելի։

Հավաքելու ընթացքում ձեռքս ընկավ մեծ եղբորս մեծ որդու տետրը, բացեցի ու իր գրած բանաստեղծությունն էր, վերնագիրը՝ «Պապ», հոր մասին էր գրել: 2.5 տարեկան էր, երբ եղբայրս մահացավ, հիմա 9-րդ դասարանում է: Մի քանի տող կարդացի, հասկացա, որ ուժ չունեմ շարունակելու ու ուժ էլ չունեմ դա տանը թողնելու։ Ծալեցի, դրեցի գրպանս ու դուրս եկա։  

Էլ բացարձակ ոչինչ չեմ արել։ Բակում նստել եմ ու ուղղակի նայել տանը։

Երևի ամենաճիշտ բնորոշումը կլինի ասել, որ տնից հիշողություն եմ վերցրել։ Կուբիկ–կուբիկ հավաքել եմ ամեն ինչ, հիշել եմ ամեն քարը ոնց ենք դրել, ամեն ինչը ոնց ենք կառուցել։



– Այդ ընթացքում հետդ լուսանկարիչ Արեգ Բալայանն էր, թե չեմ սխալվում, նա էր գրել պատմությունը, որ դու ուզում էիր վառել տունը, իսկ եղբայրդ դեմ էր։  

Հա, ուզում էի։ Մի տեսակ ճիշտ չի, որ դու չարչարվես, քարը քարի վրա դնես, ուրիշը գա վայելի: Եթե ես չեմ վայելելու, թշնամին էլ թող չվայելի: Եթե հայ լիներ եկողը՝ մեծ սիրով, մի բան էլ իմ կողմից կասեի՝ սա էլ սենց անենք, բայց այսպես․․․

Արդյունքում չվառեցի, բայց ավելի լավ գաղափար մտածեցի։ Դուրս գալուց տան վրա նռնակներով թակարդներ եմ դրել: Որ դուռը բացեն՝ պայթելու է:

Արեգենց հետ Անժելան էր եկել (Անժելա Ֆրանգյան, ռեժիսոր – հեղ․), երբ գնում էինք, հարցրեց՝ «բա նռան այգի՞դ», ձեռքով ցույց տվեցի, ասեցի՝ հենա, բայց ես դեպի այնտեղ չեմ գնա, չեմ ուզում տեսնել: Ամսի 10–ին այդ այգուս վարկի դատն է։ Դատարան եմ գնում, որովհետև վարկը չեմ վճարել, այգու համար, որը չկա։

– Փորձե՞լ ես, ինչ–որ տեղ դիմել այդ հարցով։  

Իսկ այդ ինչ–որ տեղը որտե՞ղ է։ Երբ ինձ ասում են՝ «ինչ–որ տեղ դիմի», ես ուզում եմ հասկանալ այդ ինչ տեղ է, իմ տպավորությամբ՝ մի տեղ է, ուր բոլորն ուզում են դիմել։

Չգիտեմ, հիմա մեր դիմաց շաքար է դրված, ես տեսնում եմ, զգում եմ, գիտակցում եմ այս շաքարի գոյությունը։ Պետության գոյությունը ես չեմ տեսնում, զգում ու գիտակցում։ Երբեք, ո՛չ նախկին տան կորստից հետո, ո՛չ այս տարիների ընթացքում, ո՛չ հիմա ես պետությունից ոչինչ չեմ ստացել։ Պատերազմի ավարտից համարյա 4 ամիս է անցել, մեր ընտանիքը դեռ ոչ մի բան չի ստացել, ոչ մի աջակցություն։ Էն անգամ հարցնում եմ՝ լավ, հասկանում եմ, ծանր իրավիճակ է, հերթեր են, բայց 4 ամսում իմ ընտանիքին այդ հերթը չհասա՞վ։ Արդեն Երևան էի գալիս, զանգեցին, թե 5 մահճակալ կարող ենք տրամադրել։ Մենք 15 հոգանոց ընտանիք ենք։ Երևի մտածում են՝ պիտի «պերեսմենկա» անենք, մեկը քնի, մյուսը՝ կանգնի, կամ հերթով քնենք, եսիմ։   

– Ընտանիքդ հիմա Ստեփանակերտո՞ւմ է։

– Տարբեր տեղերում, մի մասն այո, Ստեփանակերտում՝ եղբայրներիցս մեկի տանը։  Մինչև պատերազմն էլ այնտեղ վարձով էր ապրում։ Նոր Մարաղայում տունը թողնելուց հետո հենց այդ տուն եկանք Արեգենց հետ, նստեցինք, խմեցինք ապագայի կենացը։

– Ի՞նչ կա այդ ապագայում։

Պատերազմ։ Պատերազմը շատ հետաքրքիր է, մի քանի երես ունի: Վատն, իհարկե, անհամեմատ շատ է, բայց լավն էլ այն է, որ սկսում ես ամեն ինչ լրիվ այլ կերպ արժևորել։ Ուրիշ կերպ ես սկսում ապրել, մարդկանց նայել ու ճանաչել։ Ինչ Երևանում եմ, երևի 3-րդ կամ 4-րդ անգամն է, որ սրճարան եմ դուրս գալիս, չեմ սիրում սենց տեղեր գնալ, որովհետև մարդկանց մոտ տպավորություն է՝ «հա դե կռիվ ա, եղավ-գնաց», որովհետև կռիվն իրենք տեսել են մենակ սենց (ցույց է տալիս հեռախոսը - հեղ.): Մարդիկ մինչև իրենք իրենց կաշվի վրա չեն զգում, չեն հասկանում: Իմ «Տուն տարեք» երգը, որը գրել էի մի տարի առաջ՝ Լենինավանի մեր տան մասին, հիմա շատ շատերին է հոգեհարազատ դարձել, բայց ես ուրախ չեմ դրա համար։ Ես ուրախ չեմ, որ շատերը հիմա ոչ թե ուղղակի լսում են, այլ զգում են այդ երգն, ինչպես ես, երբ գրում էի։  

– Անհատական վերաարժևորման մասին ասեցիր։ Իսկ հասարակությունը մտածելու, վերաարժևորելու բան ունի՞։

– Իհարկե։ Պիտի սկսենք կետից, որը մինչև այս չենք ունեցել, չի եղել: Ես կյանքումս արդեն հասցրել եմ երեք պատերազմ տեսնել ու երկուսին անձամբ մասնակցել, երկու տուն կորցնել: Երբ առաջին պատերազմն էր, մեր պապերը, հայրերը, հորեղբայրները, տղամարդիկ, որոնք գնում էին, մի տեսակ «արխային» էին, որովհետև գիտեին՝ իրենց մի բան լինի, կան ընկերները, մարդիկ, որոնք իրենց ընտանիքներին հաստատ մենակ չեն թողնի: Իսկ այս մեկի դեպքում, մարդիկ այն աստիճանի են հղփացել կամ իրարից հեռվացել, այդ մարդկանց այնքան են կիսել՝ սևերի-սպիտակների, ղարաբաղցիների-հայաստանցիների, զոմբիների-պիցցայակերների, մարդիկ այնքան են թշնամացել, որ ես, եթե գնում եմ պատերազմ, վստահ չեմ՝ ինձ մի բան լինի, որևէ մեկն ընտանիքիս կողքին կանգնելո՞ւ է: Մարդը, որը գիտակցում է այսքանը, պատերազմի դաշտում մի միտք է ունենում՝ «թռնելը» հանուն իր ընտանիքի։ Բայց ես սա չեմ ընդունում, ընտանիքդ հայրենիքից է սկսվում։  

Չգիտեմ, մենք ունենք մեր պատմությունը կրելու պարտավորություն։ Ինձ համար մենք հիմա միայն մեր փոխարեն չենք ապրում, ապրում ենք մեր հայրերի, պապիների փոխարեն, ովքեր հայկական պատմությունն այսքան բերել են: Մեր ուսերին միայն մեր կյանքերը չեն, նաև այն մարդկանց կյանքերն են, որոնք զոհվեցին այս պատերազմում: Երբ մարդը գրկիդ մեջ մահանում է, իսկ դու մինչև վերջին պահն իրեն ասում ես՝ դիմացի, լավ է լինելու․․․Մենք ահագին կյանքեր ունենք ապրելու: Պետք է ապրենք հա՛մ իրենց, հա՛մ մեր փոխարեն, հա՛մ հանուն ապագայի: Առնվազն երեք գլուխ կյանք ունենք ապրելու։